22.12.2017 06:18 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նշաձողդ ո՞ւր է

Երջանկությունից անդին

Երջանկությունից անդին

Մարդիկ Հայաստանում տխուր են։ Ավելի տխուր, քան Մոզամբիկում եւ Սոմալիում եւ ավելի հիվանդ, քան Զիմբաբվեում։ Սրանք լուրջ տվյալներ են, այնքան լուրջ, որքան ՄԱԿ-ն է, որի «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը հայտնվել է 122-րդ հորիզոնականում` որպես տարածաշրջանի ամենատխուր երկրներից մեկը` իր հետեւում թողնելով Ռուսաստանին, Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, եւ անգամ, ինչպես նշեցինք, Մոզամբիկին ու Սոմալիին։ Իսկ քաղցկեղի մահացության դեպքերով առաջ է անցել անգամ Զիմբաբվեից։ Ամբողջ աշխարհում ամենաշատ Հայաստանում են հիվանդանում եւ մեռնում քաղցկեղից։

Ինչու՞ երջանիկ չենք։ Ի՞նչ է պատահել մեզ։ Ինչու՞ ենք տրտում։ Հաստատ ոչ այն բանի համար, որ ապահովենք աշխարհի ամենատխուր, բայց սիրուն աչքերի առաջին հորիզոնականը։ 

Երեկ մի կին` գուցե տխուր աչքերով, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ։ Սակայն տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են դեպքը։

Ի՞նչ եք կարծում` ե՞րբ էր այս կինն ավելի երջանիկ` նախքան ՍՍ-ի մեքենայի տակ ճզմվելու փո՞րձը, թե՞ փորձի տապալումից հետո։

Նույն Դեմիրճյան փողոցում` այն հատվածում, որտեղից ներս են մտնում պատգամավորները, ամեն օր կարելի է տեսնել սոցիալապես անապահով քաղաքացիների խմբերի, որ սպասում են պատգամավորներին` օգնություն խնդրելու համար։ 

Ի՞նչ եք կարծում` ե՞րբ են այդ քաղաքացիներն ավելի երջանիկ` Դեմիրճյան փողոց գալի՞ս`դեռ  հույս փայփայելիս, այնտեղ կանգնա՞ծ` հույսի նվազեցմամբ, օգնություն պոկելի՞ս (եթե երբեւէ նման բան եղել է), թե՞ ձեռնունայն վերադառնալիս։

Երեկ բարեգործ Լալա Մանուկյանը փայտ եւ սննդամթերք է տարել բաժանելու գյուղերում։ Անապահով ընտանիքներին։ Օգնությունն ամբողջ գյուղին չէր կարող բավարարել, ընտրվել էին փոքրահասակ երեխաներ կամ հաշմանդամներ ունեցող ընտանիքները։ Բայց անապահով է ողջ գյուղը։ Լալան պատմում է, որ մի տարեց կին, որի անունն ընդգրկված չէր օգնության ցուցակում, ողջ ընթացքում խանգարել է իրենց, պահանջել է ուտելիք։ Վերջը, մի տոպրակ ուտելիք են տվել` այսպես ասած, արտահաստիքային։ Բայց կինն այսքանով չի երջանկացել. նա պահանջել է նաեւ 2 գերան փայտ եւ սպառնացել, որ եթե փայտ չտան, ուտելիքի տեսքով օգնությունը կվերադարձնի։ Այնքան համառ է պահանջել, որ ստիպված փայտ էլ են տվել։ Բայց կինը փայտը ստանալու ընթացքում 2 գերանի փոխարեն 3-ն է պահանջել։ Այս մեկը վճռական են մերժել։ Բայց կնոջ տնից հեռանալիս երրորդ գերանը մեքենայի թափքից գլորվելով ընկել է ուղիղ կնոջ տան դիմաց։ «Աստված, շնորհակալ եմ, որ իմ փայը ինձ տվիր»,- ձեռքերը բարձրացրել է դեպի երկինք ու աղաղակել կինը։ Իսկական Happi end։ Փաստորեն, հրաշքներ լինում են։ Ի՞նչ եք կարծում` այս ողջ պատմության ընթացքում կինը ե՞րբ էր երջանիկ։ Վերջում հաստա՞տ երջանիկ էր։     

Եթե բեռնատարից ընկնող  գերանը կարող է բերել երջանկություն, ապա միայն այն պատճառով, որ երջանկությունը կապվում է գերանի հետ։ Դա է երջանկության հորիզոնը։ Այդ դեպքում կարելի է նաեւ երջանիկ լինել, ասենք, ոչ թե գերանի, այլ մի փոքրիկ ճյուղի կամ մեկ լուցկու հատիկի ակնկալիքով։ Ասենք, փառք Աստծո, որ մի ձեռքս կտրվեց` ո'չ երկուսը, մի աչքս դուրս եկավ` ո'չ երկուսը, մի ոտքս կտրեցին` ո'չ երկուսը։ Ակնկալիքի բարձր հորիզոնը դժվարացնում է երջանիկ լինելը։ Բայց ակնկալիքի նշաձողը իջեցնելու գնով երջանիկ լինելու զգացումը խանգարում է հասարակականորեն հնարավորինս նշանակալից արդյունքի համար ինքնուրույն քայլեր անելուն։    

Ուրեմն, ընտրությունը մի կողմից երջանիկ լինելու խնդիրն է, որին կարելի է հասնել ակնկալիքի նվազեցման միջոցով, մյուս կողմից` երջանկությունից հրաժարվելու մեջ է` նշանակալից տարբերության համար։ Ո՞րն է բարոյապես ավելի... արդար։

Շառլ Ազնավուրը հարցազրույց էր տվել Նուվել դ'Արմենիին։ Լրատվամիջոցները ողջ հարցազրույցից առանձնացրել էին այն կտորները, որտեղ աշխարհահռչակ շանսոնյեն որոշ քննադատություն է հնչեցնում Հայաստանի գործող իշխանությունների մասին։ Մարդիկ, կարելի է ասել, երջանկություն ապրեցին, որ այնտեղ` հեռու Ֆրանսիայում ապրող, բայց աշխարհին իր խոսքն ասած իրենց աշխարհահռչակը նախատել է թալանչիներին։ Դա Ցեղասպանությունը քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչելու պես մի բան էր։ Սակայն ԱԳ նախարարությունը, իրեն ոչ բնորոշ արագությամբ, արձագանքեց մարդկանց երջանկության ապրումին` հաղորդագրություն տարածելով այն մասին, որ լրատվամիջոցները խեղաթյուրել են Շառլի հարցազրույցը, այն ներկայացրել են մասնակի` տարածելով միայն իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը։ Մինչդեռ Ազնավուրը քննադատել է նաեւ ողջ հայ ժողովրդին։ «Այն անդրադարձը, թե իբր աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ, - «Ես նրանց չեմ խնայում։ Ասում եմ այն, ինչ մտածում եմ», եւս անճշտություններ ունի, քանի որ Ազնավուրը նշել է հետեւյալը` «Ես դա ասել եմ հայերին» /Je le dis aux Armeniens/»,- մասնավորապես ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Մարդիկ, ըստ էության, գտել էին մի փրկիչ, մի զորեղ ուժ, որ պինդ դիրքերից ասում է ճշմարտությունը դահիճների ճակատին։ Նրանք պաշտպանվածության, իրենց տանջանքների մասին ճշմարտության ի լուր աշխարհի բարձրաձայնման երջանկություն են փնտրում եւ, կարծես, գտել էին։ Բայց իրականում կա նաեւ երջանկության եւ ճշմարտության հանդիպման հարցը, եւ այդ խաչմերուկում երջանկությունը միշտ տուժում է։ Երջանկությունը միշտ փխրուն է ավելի, քան ճշմարտությունը։ Երջանկություն գտնելու խնդիրը նաեւ այսպես է ձեւակերպվում` փակել մի աչքը։ Օրինակ` կամ ուշադրություն չդարձնել, որ Ազնավուրը Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է, եւ նա այդ պաշտոնն ընդունել է գործող իշխանություններից եւ կարճատեւ երջանկություն ապրել ի դեմս աշխարհահռչակ շանսոնյեի` փրկիչ, ուժ եւ ապավեն գտնելու համար, կա'մ հիշել, որ Ազնավուրն ընդունել է այդ պաշտոնը իշխանություններից, բայց  հաճախ երգել « You are the one for me, for me, formi, formidable»։ Մնացածը` ծանր բարոյախոսություն է։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30