Այս դարակազմիկ իրադարձությունը կանխատեսելով, համաձայն ոչ պակաս դարակազմիկ լրատվամիջոցի՝ նախարարն անմիջապես անցել է օրվա ու պահի մտահոգիչ խնդիրներին, ընդ որում այնքան կտրուկ է անցել, որ լրատվամիջոցը չի էլ հասցրել մի կարգին ձեւ ու ձեւակերպում տալ տեղի ունեցողին։ Ստացվել է այսպես՝ «2011 թվականին հնարավոր եղավ կրճատել մահերի թիվը քրեակատարողական հիմնարկներում... ՔԿՀ-ներում 2010 թվականին արձանագրվել է 37 մահ, իսկ 2011 թվականին (դեկտեմբերի 17-ի դրությամբ)` 26 մահ»։ Լրատվամիջոցը հայտնում է, թե նախարարն ասել է, որ թեեւ ավելի շատ խնդիրներ են մնացել, քան լուծվել են, այդուհանդերձ որոշ հարցեր լուծում են ստացել։
Քավ լիցի, ուզում եմ բացականչել ես, ոչինչ, գոնե վիճակագրության այդ 11 կենդանի մնացածը թող ապրեն։ Բայց չէ, ես ուզում եմ հավատալ, որ նախարարն այնքան էլ այդ չի ուզել ասել, ու լրատվամիջոցը՝ իմ «կոլեգան» է շփոթություն ստեղծում։ Տեսեք, նախարարի մատուցմամբ, լրատվամիջոցի շարադրանքով, առաջնահերթ են մնում ՔԿՀ-ներում բժշկական ծառայության բարելավման ու տեխնիկական հագեցՎածության (ընդգծումը իմն է՝ Մ.Մ.) խնդիրները։ «Եթե մարդը մահանում է, որովհետեւ մեքենա չկա, որ նրան քաղաքացիական հաստատություն տեղափոխեն, դա ուղղակի ողբերգություն է», ասել է նախարարը։ Թերեւս ճիշտ կլիներ, որ լրատվամիջոցը կամ նախարարը բացատրեին քաղաքացիական հաստատություն եզրույթի իմաստը, բայց դե դա էլ ոչինչ։ Փոխարենը, լրատվամիջոցի խոսքերով՝ 2011-ին ՔԿՀ-ներում բարելավվել է սանհանգույցը (ընդգծումը իմն է՝ Մ.Մ.), օրինակ 800 կալանավորի համար նախատեսված «Սեւան» ՔԿՀ-ում սանհանգույց ընդհանրապես չի եղել։
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ըմբռնեք ու ողջունեք, ՀՀ ողջ տարածքով մեկ սփռված ՔԿՀ-ների մեկ ու միակ ՍԱՆՀԱՆԳՈՒՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ փաստը, չէ՞ որ դրա շնորհիվ առայսօր անզուգարան «Սեւան» ՔԿՀ-ն միացել է ցանցին եւ այլեւս միանգամից ունի բարելավված, առցանց սանհանգույց։ Մեկը բոլորի համար ու բոլորը՝ մեկի դեվիզը ճիշտ է ինչպես ՄԻԱԿ բարելավված սանհանգուցով օժտված ՀՀ ՔԿՀ ցանցի, այնպես էլ այլեւս դատապարտյալների հոծ՝ շուրջ 3700-անոց բազմությանը միացած շուրջ 800 «սեւանցի» կալանավորների համար։
Սակայն լրատվամիջոցը այսքանով էլ չսահմանափակվելով, շարունակում է մեզ մատուցել Թովմասյանի ասածից իր հասկացածները, կամ թե՝ Թովմասյանի ջանացած, իր չհասկացածները՝ «Որքան էլ վերանորոգես «Զապորոժեցը», նա «Զապորոժեց» էլ կմնա։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է նոր, ժամանակակից տիպի ՔԿՀ կառուցել»։ Երի’ցս ճիշտ են թե՛ Թովմասյանը, թե՛ լրատվամիջոցը. ոչ միայն Զապ-ը, ցանկացած մեքենա որքան էլ վերանորոգես, ինքը մնում է նույնը, Մերս-ը՝ Մերս, Օպելն՝ Օպել։ Բարելավված սանհանգուցի ու Եվրաոճ ՔԿՀ ի դեպքում ճիշտը երեւի Ծ-ով ԾՅՈՒՆԻՆԳ եզրույթը կիրառելը կլիներ։ Ասեմ ի դեպ, որ Զապորոժեց «արհամարհված» մակնիշի մեջ ժամանակին տեղ գտած բազմաթիվ տեխնիկա-տեխնոլոգիական նորամուծություններ, հիմա, շուրջ հիսուն տարի անց «թռցըվել» ու նոր-նոր կիրառվել են սկսել արեւմտյան մեքենա արտադրող կոնցեռնների կողմից։
Բայց ետ դառնանք եվրպական տիպի ՔԿՀ-ին, որ 2013-ին շահագործման կհանձնվի։ Եվ այդպիսով, ինչպես որ Թովմասյանի ասածը ուղիղ մեջբերում է անում լրատվամիջոցը, կբացառվի կրկնահանցագործությունը, քանի որ «Ներկա պայմաններում, երբ նույն խցում են գտնվում մարդասպանը եւ խաբեբան, ՔԿՀ-ն չի կարող ծառայել բանտարկյալների վերադաստիարակման գործին։ Տեղի է ունենում յուրօրինակ փորձի ձեռքբերում, որի արդյունքում ունենք կրկնահանցագործությունների բարձր մակարդակ»։
Այստեղից ես արդեն պիտի ենթադրեմ, որ մարդասպանները պիտի նստեն մի ՔԿՀ-ում, գրպանահատները՝ մեկ ուրիշ, իսկ աֆերիստները՝ երրորդ։ Կամ գոնե հարկ առ հարկ, կամ գոնե՝ կես հարկ առ կես հարկ։ ՈՒ առանց կոնտակտի, քսիֆի, պատ ու առաստաղ ծեծելու... Էդ էլ որ եղավ՝ կրկնահանցագործները՝ ՌԵՑԻԴԻՎԻՍՏՆԵՐԸ կվերանան, չէ՞ որ նրանք դատապարտյալների ընդհանուր թվի՝ 4500 մարդ, 1/3-ն են կազմում։ Կարճ ու կոնկրետ։ Աներկբայորեն։ Հըբը՞։
Իսկ ես ուզում եմ ամեն դեպքում «եվրոբանտի» կառուցումը ողջունել՝ ահագին տեղ կազատվի էսօրվա՝ դեռ չնստած՝ Ազնավուրի հիշած, ՍՍ-ի՝ լռության մատնած մաֆիայի ու մաֆիոզների, օրենսդրի, գործադիրի ու դատականի, օլիգարխների՝ բոլոր օլիգարշելիների համար Գորիսում ու Սեւանում, Նուբարաշենում ու Արթիկում՝ հարկ առ հարկ, շենք առ շենք՝ ՏԱՐԱԴԱՍՎԱԾ, որ Չկրկնահանցագործեն, Չսովորեն իրարից նոր բաներ։