21.06.2012 02:53 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սատկացնել շնատյացներին

Ռուսական խոշորագույն ինտերնետային սոց. ցանցը մեղադրվում է

Ռուսական ամենահայտնի եւ ամենահարուստ «ՎԿոնտակտե.ռու» ինտերնետային սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը հերթական սկանդալի մեջ է հայտնվել։

Այս անգամ Դուրովի դեմ ոստիկանություն բողոք են ներկայացրել կենդանիների պաշտպանները, ովքեր երիտասարդ բիզնեսմենին մեղադրում են համացանցում էքստրեմիզմ եւ ատելություն բորբոքելու եւ տարածելու մեջ։ Բանն այն է, որ իր միկրոբլոգում Դուրովը հայտարարություն է տարածել. «Ես կֆինանսավորեմ եւ կսատարեմ պրոֆեսիոնալ «դոգհանթերների», այսինքն` փողոցային շներին ոչնչացնողների գործունեությունը։ Ափսոս, որ օրենքը թույլ չի տալիս նույն բանն անել նաեւ «բոմժերի» եւ ֆուտբոլային ֆանատների հանդեպ»։

 «Պրավո նա ժիզն» մարդասիրական ֆոնդի նախագահ Սվետլանա Լոսը մեղադրելով Դուրովի արարքը,  խոստացավ գործը հասցնել մինչեւ դատարան, թեեւ նույն Դուրովի նախկին փորձերից ելնելով կանխատեսելի է նաեւ, որ ոչ մի դատ կարող է տեղի չունենալ, եւ գործն ավարտվի պարզապես ներքին «գումարային» հաշտությամբ։ Սակայն ժամեր անց հայտնի բլոգերի կայքից «անհետանում» է արված նախկին հայտարարությունը եւ հայտնվում նորը, բոլորովին այլ եւ ինչ-որ տեղ կանխատեսելի բովանդակությամբ. «Համաձայն չեմ այն մարդու հետ, ով «ջարդել» է իմ կայքի գաղտնաբառը եւ շների որսի մասին ինչ-որ հայտարարություն արել իմ անունից։ Շներին պահպանել է պետք»։ Նման հայտարարությունը ավելի շատ ծիծաղ է առաջացրել ԶԼՄ-ներում, քան կարեկցանք, քանզի, եթե սոցիալական խոշորագույն ցանցի «տերը» չի կարող ապահովել սեփական էջի «անվտանգությունը», բա ինչ ասեն նույն ցանցից սովորական օգտվողները»։

Մասնագետների կարծիքով, նման հայտարարությունը կարող է բացասաբար ազդել «ՎԿոնտակտե.ռու»-ի հետագա ռեյտինգի վրա, որովհետեւ կայքի դեմքն առաջնահերթ սույն կայքի հիմնադիրն է։ Սվետլանա Լոսը նույնպես չի հավատում Դուրովի կոկորդիլոսի արցունքներին եւ կարծում է, թե սա Դուրովի հերթական էպոտաժային արարքներից է, սակայն այս անգամ օրենքի կոպիտ խախտումներով։ Հիշեցնենք, որ ռուսական հայտնի «ՎԿոնտակտե» սոցիալական կայքի 27-ամյա հիմնադիր եւ նախագահը, ով ըստ «Ֆորբս» ամսագրի յուրօրինակ միլիարդերների ցուցակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, բազմիցս է նկատվել սկանդալային մի շարք իրավիճակներում։ Անցյալ տարի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի օրվա կապակցությամբ նա ինքն իրեն տոն էր հայտարարել` իր գրասենյակի պատուհանից դուրս նետելով ռուսական «հինգ հազարանոցներ», ինչի արդյունքում ներքեւում գտնվող դրամ «ցանկացողների» հերթն այնքան էր շատացել, որ մարդիկ անգամ վնասվածքներ էին ստացել, իսկ Դուրովը հասցնում էր այդ ամենը նկարահանել եւ տարածել համացանցում օնլայն տարբերակով։ Վերադառնալով թեմային, կուզենայի հիշեցնել մեր հարուստ գործարարների «յուրօրինակ» երիտասարդներին, ովքեր, ճիշտ է, փողեր չեն «ցփնում» պատուհանից, քանզի այդ «բարեգործության» համար նրանք բավականին քծիբ են, արյան մեջ է, մեղադրելու չէ, սակայն բավականին առատաձեռն են քաղաքի պոպուլյար ռեստորաններում եւ պոռնկանոցներում։ Նախանձով կարելի է նայել ռուսական հասարակության արձագանքին։ Հասարակություն, որ գոնե փորձում է պայքարել ոչ միայն քաղաքացիների, այլ կենդանիների հանդեպ ատելություն եւ անհարգալից վերաբերմունք տարածողների դեմ։ Մինչդեռ մեզ մոտ շուն-«բոմժ» հասկացությունները միախառնված են այնքանով, որ մարդկային վերաբերմունքի հարցում դիտվում են որպես հասարակության համար ոչ պիտանի երեւույթներ, ուր մնաց դատ ու բողոք ներկայացնելը։ Էլ չնշենք մեր սոցիալական կայքերը, որոնք մեծ հաշվով իրենցից գովազդային մեծ վահանակ են հիշեցնում, նստած տեղը փող աշխատելու միջոց, քան հասարակությանը ցանկացած ընդհանուր, թեկուզ թեթեւ գաղափարի շուրջ համախմբելու եւս մեկ օղակ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31