26.06.2013 15:59 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Անղեկ, անգլուխ

Ծիրանի հեղափոխությունը հասունանում է

Ծիրանի հեղափոխությունը հասունանում է

Երեկ Հայաստանում տեղի է ունեցել աբսուրդի թատրոնի հերթական արարը. Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը` պահանջելով, որ մթերող ընկերություններն իրենցից ծիրան գնեն ոչ թե 200-250, այլ 400-500 դրամով։ Իսկ մթերող ընկերությունները ծիրանը էժան են գնում, որովհետեւ այս տարի բերքն աննախադեպ շատ է։ Սա, հիշեցնենք, այն նույն Արմավիրի մարզն է, որտեղ ընդամենը մեկուկես ամիս առաջ գյուղացիները փակել էին ճանապարհը եւ փոխհատուցում էին պահանջում, որովհետեւ կարկուտը հիմնավորապես ոչնչացրել էր բերքը։

Զավեշտը, սակայն, սա չէ։ Մեծ հաշվով` սա սովորական վիճակ է։ Ֆրանսիական հայտնի անեկդոտի նման, որտեղ կինը երկու հիմնական պրոբլեմ ունի. առաջին` «հագնելու բան չունեմ», եւ երկրորդ` «ինձ նոր պահարան է պետք, պահարանում արդեն տեղ չկա»։ Զավեշտն այն է, որ գյուղացիները դուրս են եկել բողոքի` առանց «խորանալու», թե հատկապես ինչի դեմ են բողոքում։ Փաստորեն նրանք ամբողջ տարին չարչարվել են, ծիրանի բերք են ստացել ու հիմա ուզում են ուժով ստիպել, որ այդ բերքն իրենցից գնեն իրենց ուզած գնով։ Բա իհարկե, եթե Հայաստանում բոլոր հարցերն ուժով են լուծվում, թող ծիրանի գինն էլ ուժով լուծվի։ Թե չէ` ահագին ժողովուրդ են, կբռնեն մթերողներին կծեծեն։ Իսկ Հայաստանում բոլոր հարցերն իսկապես ուժով են լուծվում։ Մարդիկ չեն ուզում գործող իշխանություններին ընտրել` ծեծելով ստիպում են, էլիտար շենքերում չեն ուզում բնակարաններ գնել` ստիպում են, չեն ուզում մեքենաներն ապահովագրել` ստիպում են, աշակերտները չեն ուզում թատրոն ու համերգ գնալ` տոմսերը զոռով վաճառում են, եւ այդպես շարունակ։ Գյուղացիներն էլ, ահա, միասնաբար որոշել են նույն մեթոդներով իրենց հարցերը լուծել։ Իզուր չեն ասում. «գեղ կանգնի` գերան կկոտրի»։

Բայց մեր մեջ ասած` միասնությունը միշտ չէ, որ արդյունավետ է։ Միասնաբար ինչ-որ բան անելը լավ է, բայց շատ կարեւոր է նաեւ, թե հատկապես ինչ պետք է անել։ Կարելի է, օրինակ, ամբողջ գյուղով միասնաբար փող հավաքել եւ տերտեր կանչել, որ գա այգիները աղոթի, իսկ հետո, եթե կարկուտ գա, միասնաբար բռնել ու տերտերին ծեծել, բայց արդյո՞ք դա կօգնի գործին։ Մեր դեպքում, օրինակ, Արմավիրի մարզի գյուղացիները մարզպետից պահանջել են, որ ... վրացիները գան ու իրենց ծիրանն առնեն։ Պատկերացրեցիք, չէ՞, թե ինչ կառուցողական խոսակցություն է ընթացել գյուղացիների եւ մարզպետի միջեւ։ Մարզպետն էլ ասել է` գնացեք ամեն մեկդ ձեր գլխի ճարը տեսեք։ Մի խոսքով` հինգհազարամյա մշակույթ ունեցող ժողովրդին վայել ինտելեկտուալ բանավեճ։

Լավ, իսկ ի՞նչ պիտի անեին գյուղացիները, որ չեն արել, կամ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեն իշխանությունները, որ չեն ձեռնարկում։ Սկսենք նրանից, որ գյուղացիները պիտի մթերող ընկերությունների հետ աշխատեն միայն ու միայն նախապես ստորագրված պայմանագրերով, ընդ որում` այդ պայմանագրերում պիտի հստակ նշված լինի, որ եթե, օրինակ, ծիրանի բերքը շատ է լինում` մթերվում է այսինչ գնով, եթե քիչ է լինում` մեկ այլ գնով։ Պետությունն իր հերթին պիտի նպաստի այս համակարգի կայացմանը եւ միջնորդի դեր ստանձնի գյուղացու եւ մթերողների միջեւ։ Օրինակ` թույլ տա միայն այն մրգի եւ բանջարեղենի արտահանումը, որը ձեռք է բերվել ֆերմերների հետ նախապես կնքված պայմանագրերի հիման վրա, իսկ «ոտի վրա» ձեռք բերված մրգի ու բանջարեղենի արտահանումն արգելի (խոսքը, հասկանալի է, մեծ խմբաքանակների մասին է)։ Բայց նման մեխանիզմն այնքան էլ ձեռնտու չէ իշխանությունների համար, որովհետեւ «արանքում փող աշխատելու» հնարավորությունները կփոքրանան։ Փոխարենը` գյուղացիական տնտեսությունների վիճակը կկարգավորվի. մարդիկ կիմանան, որ անկախ ամեն ինչից` երաշխավորված եկամուտներ են ունենալու։

Մի խոսքով` գյուղացիները պիտի անիմաստ գոռգոռալու եւ ճանապարհները փակելու փոխարեն հավաքվեն իրար գլխի, հասկանան, թե հանուն ինչի պիտի պայքարել, հստակ ձեւակերպեն իրենց պահանջները եւ միասնաբար հասնեն դրանց իրականացմանը։ Այսինքն, եթե պետք է, գան ու կառավարության շենքի մուտքը փակեն, եւ ոչ թե Հոկտեմբերյան-Բաղրամյան ճանապարհը։ Բայց նրանք վարվում են այնպես, ինչպես սովորաբար վարվում է հայ մարդը. միասնաբար բողոքում են, հետո թաքուն ամեն մեկը փորձում է իր գլխի ճարը տեսնել։ Ընտրությունների ժամանակ էլ է այդպես. միասնաբար բողոքում են իշխանություններից ու առանձին-առանձին ընտրակաշառք վերցնում։

Իշխանությունների համար սա իդեալական տարբերակ է։ Դրա համար էլ բոլորը նույն խորհուրդն են տալիս. «եղունգ ունես` գլուխդ քորի»։ Իսկ եղունգ բոլորն ունեն։ Ինչը չի կարելի ասել գլխի մասին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30