12.01.2018 07:40 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կրկեսի պերսոնաժը

Թանկ հաց եւ էժան տեսարաններ

Հունվարի 10-ին Սերժ Սարգսյանը գնաճի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել ու դեմքի մտահոգ արտահայտությամբ մի շարք հանձնարարականներ տվել կառավարության անդամներին։ Ընդ որում, իր ելույթում նա աննախադեպ գնաճի համար բավականին քնքույշ ձեւակերպում է հորինել՝ «գնային տատանումներ» (իբր՝ խոսքը միայն թանկացումների մասին չէ, նաեւ էժանացումներ են եղել)։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Իր ելույթում Սերժ Սարգսյանը մի քանի, մեղմ ասած, տարօրինակ մտքեր է հայտնել։ Օրինակ՝ հայտարարել է, թե իրենք պիտի պարզեն՝ թանկացումների պատճառը օբյեկտիվ գործընթացնե՞րն են, թե՞ տնտեսվարողների ագահությունը։ Սա տարօրինակ է այն պարզ պատճառով, որ աշխարհի բոլոր երկրներում բոլոր տնտեսվարողներն ագահ են, այսինքն՝ ձգտում են առավելագույն շահույթ ստանալ, եւ դա նորմալ է, իսկ իշխանությունները պիտի ոչ թե նրանց հորդորեն զսպել ագահությունը (դա նույնն է, թե հովիվները հոտը գայլերից պաշտպանելու փոխարեն նրանց բրոշյուրներ բաժանեն առողջ ապրելակերպի եւ բուսակերության օգուտների մասին), այլ համապատասխան լծակներ կիրառեն, որ նույնիսկ ամենաագահ տնտեսվարողները չկարողանան անհիմն թանկացումներ հրահրել։ Սերժ Սարգսյանն իր ելույթով փաստում է, որ իշխանությունները մինչեւ հիմա դա չեն արել, այսինքն՝ մինչեւ հիմա նրանց թույլատրված է եղել ագահ լինել (հասկանալի է՝ պայմանով, որ այդ ագահության փաստացի արդյունքի մի մասը ծախսվի ընտրողներին կաշառելու, արտաբյուջետային «կորպորատիվ ծախսերի» եւ այլ նպատակներով)։ Ավելին՝ ցանկացած առիթի դեպքում Սերժ Սարգսյանն անձամբ է պաշտպանել մոնոպոլիստների իրավունքները («բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞»)։ Այնպես որ, ակնկալել, թե այս խորհրդակցությունից հետո որեւէ բան կփոխվի, անիմաստ է։ Պարզապես սոցիալական իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, եւ Սերժ Սարգսյանը փորձում է «գոլորշի բաց թողնել»։ Ու չի բացառվում, որ անգամ մեկ-երկու աղմկոտ բացահայտումներ լինեն, մեկ-երկու տնտեսվարողներ մի թեթեւ տուգանվեն, ու որոշ ապրանքատեսակներ մի երկու շաբաթով էժանանան (հասկանալի է՝ առավելագույնը 5-10 դրամով)։

Սերժ Սարգսյանը, ի դեպ, չի էլ թաքցնում, որ իր հիմնական նպատակը ոչ թե թանկացումների դեմ պայքարելն է, այլ այն, որ իրենք (ինչպես ինքն է ասում՝ «բոլորս, այստեղ նստած բոլորս») մշտապես հանրությանը ցույց տան, թե իբր անընդհատ աշխատում են այդ ուղղությամբ։ Այսինքն՝ նա համարում է, որ իրենց հիմնական գործը թանկացումներն արդարացնելն է եւ ժողովրդին համոզելը, որ գնաճի պատճառներն օբյեկտիվ են։ Իսկ որպեսզի գնաճը «շատ ցավոտ չանդրադառնա» սոցիալապես անապահով խավերի վրա (այսինքն՝ մի քի՛չ ցավոտ անդրադառնա), նա հանձնարարում է ավելի ագրեսիվ մեթոդներով ապահովել բյուջեի մուտքերը եւ այդ միջոցներով փոխհատուցել թանկացումները։ Շատ ուշագրավ հայտարարություն է այն մարդու համար, ով ընդամենը մեկ-երկու ամիս առաջ հայտարարում էր, թե ոչ մի գնաճ էլ չկա։

Մի խոսքով՝ Հայաստանում, որտեղ ազգային հարստության կեսից ավելին պատկանում է առավելագույնը 40-45 ընտանիքների (կամ կլանների), աննախադեպ թանկացումները սպառնում են հանգեցնել սոցիալական պայթյունի, եւ այդ 40-45 ընտանիքներից (կամ կլաններից) ամենահարուստի պարագլուխը կոչ է անում տնտեսական հավասար մրցակցություն ապահովել եւ պայքարել մենաշնորհների դեմ։ Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ է դա արվում տեսախցիկների առջեւ։ Ի վերջո, այդ 40-45 կլանների պարագլուխները շաբաթը առնվազն երկու-երեք անգամ հանդիպում են տարբեր հարսանիքներում կամ նշանդրեքներում, եւ հանգիստ կարող էին այդ հարցերը հենց այնտեղ քննարկել՝ հասարակության աչքից հեռու։ Ի՞նչ կարիք կա զայրացնել առանց այն էլ զայրացած հասարակությանը՝ նման էժանագին թամաշաներ բեմադրելով։ Ինչ-որ մեկն ասել է, չէ՞, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Առավել եւս, որ այդ կրկեսը պարտադրվում է հասարակությանը, տոմսերն էլ օրեցօր թանկանում են։ Թե՞ Սերժ Սարգսյանն անկեղծորեն ցանկացել է զվարճացնել հասարակությանը եւ բարձրացնել մարդկանց տրամադրությունը։ Եթե այդպես է՝ դա նրան հաջողվել է։ Կոռուպցիայի դեմ պայքարող Սերժ Սարգսյանն իսկապես հաջողված պերսոնաժ է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30