20.12.2016 05:05 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վարձու դրայվը

Ժամկետից շուտ պայթած պղպջակը

Ժամկետից շուտ պայթած պղպջակը

Վարչապետ Կարեն Կարապետյանի «դրայվը» նախատեսվածից ավելի կարճ տեւեց։ Ենթադրվում էր, որ հնարավոր կլինի «դրական սպասումները» ձգել մինչեւ ապրիլ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ալիքի վրա հանգիստ մեծամասնություն ստանալ, իսկ դրանից հետո` արդեն ինչ կլինի` կլինի։

Բայց Կարեն Կարապետյանի շռնդալից նորամուտից անցավ ընդամենը երեք ամիս, ու պարզվեց, որ այդ երեք ամիսներին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բոլոր առումներով կտրուկ վատացել են, տնտեսական անգամ չնչին աճը կանգ է առել, պետության արտաքին պարտքը միայն մեծացել է, «փայլուն մենեջեր» ու «մեծ բարեփոխիչ» Կարեն Կարապետյանն էլ դարձել է անեկդոտների հերոս` հատկապես ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո։

Հարց է ծագում` ինչո՞ւ այդպես ստացվեց։ Պատասխանը շատ պարզ է. որովհետեւ Հայաստանում ինչ-որ բան փոխել կարող է միայն նա, ով որոշումներ կայացնելու լիազորություններ եւ դրանք իրականացնելու լծակներ ունի, իսկ Կարեն Կարապետյանը ոչ մեկը ունի, ոչ մյուսը։ Նա ընդամենը վարձու աշխատող է։ Ընդ որում` մեծ նշանակություն չունի, թե ում կողմից է վարձված։

Այս հարցին անդրադառնանք ավելի հանգամանորեն։ Ընդհանրապես` Հայաստանի տիպի երկրներում երկիշխանություն հնարավոր չէ։ Համենայն դեպս` երկար ժամանակով։ Եթե գոյություն ունի իշխանական բուրգ` այդ բուրգի գագաթին միայն մի հոգի պիտի լինի. այնտեղ երկու հոգու համար տեղ չկա։ Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ միայն մի անգամ է երկիշխանություն եղել, այն էլ` շատ կարճ ժամանակով։ Հիշո՞ւմ եք, 1999-ին «Միասնություն» դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, ու երկրում փաստացի երկիշխանություն հաստատվեց. հայտնի չէր` նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նն է փաստացի ղեկավարում երկիրը, թե՞ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Թե ինչով ավարտվեց դա` բոլորս հիշում ենք։ Ընդ որում` այնպես չէ, որ եթե «մի խումբ ռոմանտիկները» չներխուժեին Ազգային ժողով` այդ վիճակը երկար էր շարունակվելու։ Պարզապես հանգուցալուծումն այլ կլիներ (Ռոբերտ Քոչարյանը հրաժարական կտար, ու Վազգեն Սարգսյանը կդառնար միանձնյա ղեկավար)։

Բայց Կարեն Կրապետյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. նա Հայաստանում ոչ իրական հենարան ունի, ոչ խարիզմատիկ առաջնորդի կերպար, ոչ էլ որեւէ մակարդակի ընտրությունների ժամանակ ժողովրդի աջակցությունն է ստացել։ Այնպես որ` նրա վարչապետությունն ավելի շատ հիշեցնում է խորհրդային մոդելը, երբ ազգային հանրապետությունների Կենտկոմի երկրորդ քարտուղարը նշանակվում էր Մոսկվայից (որպես կանոն` ազգությամբ ռուս), եւ որի հիմնական խնդիրն առաջին քարտուղարին վերահսկելն էր (որպեսզի հանկարծ կես քայլ անգամ չշեղվի ԽՄԿԿ Կենտկոմի գծից)։ Հիմա եթե Կարեն Կարապետյանին այդ նույն սկզբունքով նշանակել են Մոսկվայից` էլի ստացվում, է, որ նա վարձու աշխատող է եւ հաշվետու է միայն իրեն նշանակողների առջեւ, այսինքն` Հայաստանի ժողովուրդն իզուր է նրա հետ հույսեր կապում։

Այլ կերպ ասած` որ կողմից էլ նայում ենք, նույն պատկերն է ստացվում. Կարեն Կարապետյանը վարձու աշխատող է եւ առանցքային հարցերում որոշումներ կայացնելու լիազորություններ չունի։ Նա պիտի կատարի կամ Մոսկվայի հրահանգները, կամ Սերժ Սարգսյանի։ Ընդ որում` երկրորդ տարբերակն ավելի հավանական է, որովհետեւ Մոսկվան Հայաստանում ներկայացուցիչ ունենալու կարիքը չուներ. Սերժ Սարգսյանն ինքը սիրով կկատարեր ցանկացած հրահանգ։ Էլ չենք խոսում այն մասին, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն որոշումներ կայացնելու լիազորություններ չունի, այլեւ դրանք կյանքի կոչելու լծակներ։ Ի վերջո` ինչպե՞ս են մեզանում կյանքի կոչվում որոշումները։ Եթե պետք է ինչ-որ օրենք փոխել կամ նոր օրենք ընդունել` դա արվում է խորհրդարանական մեծամասնության միջոցով, այսինքն` իշխող կուսակցության որոշմամբ, եթե պետք է ինչ-որ մեկին պաշտոնանկ անել, ունեցվածքը խլել, «գլխին բամփել» եւ այլն` դա արվում է ուժային կառույցների (ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ եւ այլն) միջոցով, եւ այսպես շարունակ։ Կարեն Կարապետյանը ոչ իշխող կուսակցության վրա ազդելու որեւէ լծակ ունի, ոչ ուժային կառույցների։ Նա նույնիսկ հասարակական կարծիքի վրա ազդելու լծակներ չունի, որովհետեւ իշխանական քարոզչամիջոցները նույնպես ուղղորդվում են նախագահականից։

Հենց սա է պատճառը, որ «մեծ բարեփոխիչ» Կարեն Կարապետյանի պղպջակը ժամանակից շուտ պայթեց։ Մարդիկ արագ են հասկանում, թե իրականում ով ունի որոշումներ կայացնելու լիազորություններ, եւ ով` ընդամենը դրայվ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30