16.05.2017 05:10 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Լենինին փոխարինեց Նժդեհը

Ավարտվեցին Երեւանի ավագանու ընտրությունները։ Ինչպես ասում են. «победила дружба»։ Անիմաստ է ինչ-որ վերլուծություններ անել` ով հաղթեց, ով պարտվեց, ով ինչքան ձայն հավաքեց, քանի որ դրանք էական չէին՝ հաշվի առնելով, որ նոր սահմանադրության ընդունումից եւ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ընտրական համակարգը, որպես քաղաքական երեւույթ, ավարտվեց։ Այն բացառապես դեկորատիվ բնույթ է կրում։

Կարելի է ասել, որ 1990 թվականի խորհրդարանական ընտրություններից ու Անկախության հռչակումից քառորդ դար անց Հայաստանում դադարեցրեց իր գոյությունը պետականության կարեւորագույն բաղադրիչներից մեկը. քաղաքական բազմակարծությունը, քաղաքական բանավեճը, ընտրական մեխանիզմը։

Արտաքնապես այդ ամենը կա. ընտրություններին տարբեր ուժեր են մասնակցում, տարբեր արժեքներ ու համոզմունքներ են ներկայացնում, բանավիճում են, երբեմն՝ նույնիսկ իրար քացի են տալիս, բայց եթե այս ամենը դիտարկում ենք իրական արժեքների, անհատ-հասարակություն-պետություն հարաբերությունների ենթատեքստում, ապա տակը բան չի մնում, բովանդակություն չկա։

Սրանք արդեն լոկ միջոցառում են։ Նույնպիսին, ինչպիսին խորհրդային տարիների ընտրություններն էին։ ԽՍՀՄ-ում նույնպես ընտրական համակարգ կար։ Թեկնածուներ կային, որոնք երբեմն ելույթներ էին ունենում աշխատանքային կոլեկտիվների հետ։ Բայց երբեւիցե այդ ընտրությունները ոչինչ չեն որոշել։

99, 99 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդային օրենքներով յուրաքանչյուր անձ կարող էր իր թեկնածությունը առաջադրել։ Բայց՝ միայն տեսականորեն, քանի որ ով առանց վերեւների հետ համաձայնեցնելու առաջադրվեր, մեկ է՝ չէր կարող գրանցվել։ Թեկնածուներին առաջադրում էին աշխատանքային կոլեկտիվները, որոնք ամբողջությամբ վերահսկվում էին կուսակցական մարմինների կողմից, իսկ առավել հանդուգն թեկնածուների դեպքում ընտրական հանձնաժողովը պարզապես չէր ներառում նրա անունը քվեաթերթիկում։

Սա դեռ մի կողմ. քչերը կարող է հիշեն կամ՝ իմանան, որ ԽՍՀՄ տարիներին էլ էին ընտրացուցակները ճշտում, ցուցակագրում։ Ընտրություններից առաջ յուրաքանչյուր ընտրող փոստով ծանուցում էր ստանում, թե երբ, որտեղ նա պետք է գնա քվեարկելու։ Քարոզիչները տուն առ տուն շրջում էին, ճշտում, թե քանի մարդ է տվյալ բնակարանում բնակվում, համեմատում սեփական ցուցակների հետ, որ տեսնեին, թե արդյո՞ք բոլորն են գալու ընտրության։ Սա արվում էր նրա համար, որպեսզի ապահովեին գրեթե հարյուր տոկոսանոց մասնակցություն։ Հանկարծ եթե մասնակցությունը ցածր լիներ, տվյալ շրջանի պատասխանատուները շատ լուրջ խնդիրներ կունենային։

Մարդիկ գնում էին տեղամաս, որտեղ նրանց քվեաթերթիկ էին տալիս, որտեղ՝ որպես կանոն, ընդամենը մեկ ազգանուն էր լինում։ Թեկնածուների գրանցման համար որեւէ ստորագրահավաք չկա, նախընտրական քարոզարշավ, չկա։ Սիրուն, շնորհքով մարդկանց տեղեկացնում էին, թե այս կամ այն տեղամասում նրանց թեկնածուն ով է լինելու։ Այդ թեկնածուի նկարը՝ տակը կենսագրությունով, մի երկու տեղ փակցնում էին։ Ոչ ոք չէր էլ կարդում այդ կենսագրությունը, քանի որ բոլորն էլ գիտեին, որ եթե ինչ-որ մեկի կենսագրությունը հայտնվեց՝ «Ձեր թեկնածուն» մակագրությամբ, ուրեմն, այդ մարդն էլ ընտրվելու է։ Մանավանդ որ ուրիշ թեկնածուներ չկան։

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է

Քվեարկությունը ԽՍՀՄ-ում նույնպես բաց էր ընթանում։ Այսինքն, քվեախցիկներ կային, բայց այնտեղ ոչ ոք չէր մտնում։ Ընտրողը ստանում էր քվեաթերթիկը ու միանգամից քվեատուփի մեջ նետում։ Ընդունված բան էր, եթե ինչ- որ մեկը քվեախցիկ է մտնում, ուրեմն, մի բան այն չէ, այդ մարդու միտքը ծուռ է. կամ դեմ է քվեարկում, կամ՝ բողոք է գրում, կամ էլ՝ հայհոյում խորհրդային իշխանությանը։ Սա էլ՝ թե ինչու էին բաց քվեարկում։

Ընտրություններում մասնակցությունը կազմում էր միջինը 99,98 տոկոս։ Չմասնակցողը կարող էր հակախորհրդային տարր համարվել։

Բայց ամենազարմանալի զուգահեռը, որ կարելի է տանել ներկայիս հայաստանյան ընտրությունների հետ, այն է, որ ԽՍՀՄ տարիներին էլ կար ընտրակաշառք հասկացությունը։ Ճիշտ է, փող չէին տալիս, բայց այլ կերպ էին կաշառում։ Ուրեմն, ընտրատեղամասերը բացվում էին առավոտյան ժամը 6-ին, ու չնայած նման ժամին, տեղամասերի մոտ արդեն հսկայական հերթեր էին գոյանում։

Պատճառն այն էր, որ ընտրությունների օրը ընտրատեղամասերում բուֆետները գործում էին, որտեղ վաճառում էին դեֆիցիտ բաներ՝ մսաերշիկայինից մինչեւ կոնֆետ ու քաղցրավենիք։ Ընտրություն կատարելուց հետո ցանկացած խորհրդային քաղաքացի կարող էր պետական գներով ձեռք բերել այս կամ դեֆիցիտ ապրանքը, նույնիսկ մի 100 գրամ ալկոհոլ էլ կարող էր ստանալ։

Ահա այսպես, քայլ առ քայլ, տարեցտարի, Հայաստանում վերականգնվեց խորհրդային ընտրական համակարգը, խորհրդային քաղաքական համակարգը՝ իր առաջնորդներով, «գենսեկներով»։ Տարբերությունը երեւի միայն այն է, որ այն ժամանակ պատերից մեզ ժպտում էր ընկեր Լենինը, իսկ այժմ՝ ընկեր Նժդեհը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30