05.07.2014 17:32 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ժողովուրդ+Ազատության հրապարակ

Այս իշխանությունները միայն մի լեզու են հասկանում

Այս իշխանությունները միայն մի լեզու են հասկանում

Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների որոշմանը` էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով օգնել սոցիալապես անապահով 105 հազ. ընտանիքի, նշել է, որ դա սովորական խաբեություն է։

«Իրենց գողացած 100 դրամից մեկը վերադարձնում են ժողովրդին` ձեւականության համար։ Այդ իսկ պատճառով պետք է խոսել ոչ թե վերադարձվող մեկ դրամի, այլ գողացված 100 դրամի մասին։

Իշխանությունները թանկացումը հիմնավորել էին նրանով, որ ՀԷՑ-ում 16 մլրդ դրամի ճեղքվածք է եղել։ Ցույց տամ, թե ինչպես կարելի էր այս ճեղքվածքը դնել ոչ թե ժողովրդի ուսին, այլ շատ հանգիստ հայթայթել։ Պարզ հաշվարկ. ՀԷՑ համակարգում 7000 աշխատող կա` 200 հազ. միջին աշխատավարձով։ Դա խայտառակ շռայլություն է։ Պարզվում է, որ Բիբինը եռամսյակը մեկ իրեն 100 մլն պարգեւավճար է գրում։ Եթե այդ միջին աշխատավարձը նվազեցնեինք մինչեւ Հայաստանի մասնավոր սեկտորի միջին աշխատավարձը, ապա տարեկան 6 մլրդ դրամ կգնար այդ ճեղքվածքը փակելուն։ Երեք տարում` 18 մլրդ դրամ։

Երկրորդը. ՀԷՑ-ում շահույթը 12 տոկոս է սահմանված։ Եթե այդ շահույթը նվազեցնենք 8 տոկոսի, ապա այստեղ էլ ճեղքվածքը փակելու համար ստանում ենք 5 մլրդ դրամ, որից ոչ ոք առանձնապես չի տուժի։ Բայց այդ 12 տոկոսը թող բացատրեն։ Ասում են, թե ներդրումներ պետք է անեն։ Ես կհասկանայի, եթե նրանք այդ շահույթը ուղղեին հենց համակարգում ներդրումներ անելուն։ Մինչդեռ ե՛ւ շահութաբերությունն են 12 տոկոս սահմանում, ե՛ւ ներդրումների գումարներն էլ մեր ուսերին են դնում։ Հաջորդը կորուստներն են։ Այսքան ներդրումներ են արվում, հսկայական գումարներ, վարկեր են ծախսվում, իսկ կորուստները մնում են 12 տոկոս՝ հսկայական մակարդակի վրա։

Այնպես որ, եթե մենք ներդրումները նպատակային օգտագործեին, ապա կորուստները կնվազեին մինչեւ 8 տոկոս, ապա դա կբերեր եւս 8 մլրդ լրացուցիչ գումար։ Այսինքն, եթե այս պարզ քայլերը արվեին, ապա լրացուցիչ կլիներ 19 մլրդ դրամ, ինչը դեռ երեք միլիարդով ավելի է,  քան ճեղքվածքն էր։ Այս ամենի պատասխանատուն իշխանություններն են, որոնք կոռուպցիոն սիմբիոզի մեջ են մասնավորապես էներգետիկ համակարգի հետ։

Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ կառավարությունը ընդառաջ չգնաց քառյակի պահանջին՝ աուդիտ անցկացնել ՀԷՑ-ում, Լ. Զուրաբյանը նշել է. «Եթե մեր ներկայացրած փաստերը սխալ էին, թող ցույց տային, որ սխալ ենք։ Իսկ ես վստահ եմ, որ եթե աուդիտ արվի, սա դեռ ամենափոքր բանը կլինի, որ կբացահայտվի։ Արդեն երկար ժամանակ է, պլանավորված էր Իրանից Հայաստան բարձրավոլտ գծեր քաշել, որը հնարավորություն կտար Իրանին շատ մեծ ծավալով էլեկտրաէներգիա վաճառել, ինչը հնարավորություն կտար մեր էներգետիկ համակարգին ամբողջ հզորությամբ աշխատել, որը կբերեր ինքնարժեքի անկման, էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման։ Հիմա սրանից էլ են հրաժարվում, աուդիտից էլ, բութ դեմքով կոճակները սեղմում են, ոչ մի փաստարկ չեն բերում եւ կարծում են, թե ժողովուրդը այս ամենի հետ պետք է հաշտվի։ Այս իշխանությունները միայն մի լեզու են հասկանում՝ ժողովուրդ+Ազատության հրապարակ»,- նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31