04.03.2015 19:48 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ստվերային իշխանություններ

Համակարգային լուծումը հետաձգվում է

Համակարգային լուծումը հետաձգվում է

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծից կարծես թե առանձնապես մեծ դժգոհություններ չկան։ Ճիշտ է, շատերը գտնում են, որ այն թերի է, պետք է եւս մի քանի փոփոխություններ անել, փոխել ժամկետները եւ այլն, բայց ընդհանուր առմամբ` տպավորությունն այնպիսին է, թե ինչ-որ միջանկյալ լուծում է գտնվել, եւ փոքր ու միջին ձեռնարկատերերի պահանջների մեծ մասն էլ բավարարվել է։ Այլ հարց է, որ շատերի համոզմամբ` սա ոչ թե համակարգային, այլ իրադարձային լուծում է, եւ մոտ ապագայում դարձյալ այս խնդրին անդրադառնալու անհրաժեշտություն կառաջանա։

Հարց է ծագում` իսկ ո՞րն է համակարգային լուծումը։ Սկսենք նրանից, որ պրոբլեմը շատ պարզ է. Հայաստանի տնտեսությունն այսօր շատ թույլ է, եղածի զգալի մասն էլ գործում է ստվերում, եւ այդ թույլ բիզնեսի վճարած հարկերով հնարավոր չէ հոգալ պետության կարիքները, այսինքն` հսկայական (բնակչության թվի համեմատ) բանակ պահել, թոշակներ ու նպաստներ տալ, պետական կառավարման վիթխարի ապարատը պահել եւ այլն։ Տեսականորեն այստեղ երկու լուծում կա։ Կամ մեծացնել հարկային բեռը (որպեսզի ավելի շատ գումար մտնի բյուջե, եւ պետության կարիքները բավարարվեն), կամ հակառակը` նվազեցնել հարկային բեռը, որպեսզի բիզնեսը զարգանա, հարկման դաշտն ընդլայնվի, եւ արդյունքում նույն էֆեկտը ստացվի` բյուջետային մուտքներն ավելանան։

Առաջին հայացքից կարծես թե բոլորը համակարծիք են, որ ճիշտը երկրորդ տարբերակն է` պետք է թեթեւացնել հարկային բեռը եւ փոքր ու միջին բիզնեսին շնչելու հնարավորություն տալ։ Բայց զուգահեռաբար խոսվում է նաեւ ստվերային բիզնեսի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, մինչդեռ բիզնեսը դուրս բերել ստվերից` նշանակում է փաստացի մեծացնել հարկային բեռը։ Չէ՞ որ եթե որեւէ մեկի բիզնեսի, ասենք, հիսուն տոկոսը գործում է ստվերում, եւ նա միայն մյուս հիսուն տոկոսի համար է հարկեր վճարում, «մաքուր» աշխատելու դեպքում ուղիղ երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի, այսինքն` նրա հարկային բեռն ուղիղ երկու անգամ կմեծանա։ Ընդ որում` մենաշնորհներ ունեցողներն այդ «հավելյալ հարկային բեռը» ժողովրդի քթից կհանեն. պարզապես ամեն ինչ կթանկացնեն, եւ վերջ։ Ո՞վ պիտի խանգարի, եթե անգամ նախագահի մակարդակով են խրախուսվում մենաշնորհները (հիշեք Սերժ Սարգսյանի ելույթը` «բա ուզում եք Հայաստանի նման երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞»)։

Բայց իրականում իշխանությունները ստվերային տնտեսության դեմ չեն պայքարում ոչ թե այն պատճառով, որ չեն ցանկանում ծանրացնել նրանց հարկային բեռը, կամ հենց իրենց պատկանող բիզնեսներն են գործում ստվերում եւ այլն, այլ որովհետեւ քաղաքական համակարգի խնդիր կա` Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի քաղաքական իշխանությունը բառիս բուն իմաստով հիմնված է ստվերային բիզնեսի վրա։ Հենց ստվերային բիզնեսի շահույթներով են իշխանությունները համապետական ընտրությունների վրա տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում (թեեւ «փաստաթղթերով» ցույց են տալիս այդ ծախսերի ընդամենը 3-4 տոկոսը), այդ գումարներով են կերակրում «անկախ լրատվամիջոցների», «վերլուծաբանների», ֆեյսբուքյան ակտիվիստների ու «ընդդիմադիր գործիչների» հսկայական բանակը, այդ գումարներով են զանազան հիմնադրամներ ստեղծում ու դրանց միջոցով զոմբիացնում երիտասարդությանը եւ այլն։ Սա խոշոր բիզնեսի եւ քաղաքական իշխանությունների միջեւ կնքված փոխշահավետ գործարք է։ Ստվերում գործող բիզնեսմենն, օրինակ, բյուջեից մեկ միլիարդ դրամ է թաքցնում, դրա կեսը տալիս է իշխանություններին` վերոհիշյալ խնդիրները լուծելու համար, մյուս կեսով էլ տարածաշրջանի ամենաաղքատ երկրում փադիշահի կյանք է վայելում։

Հիմա պատկերացեք` Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, ընտրակաշառք չի բաժանվում, բուհերում կուսակցական քարոզչությունն արգելված է եւ այլն։ Հասկանալի է, չէ՞, որ իշխանություններն այլեւս կարիք չեն ունենա փայփայել ստվերային բիզնեսը։ Դրա անհրաժեշտությունը պարզապես կվերանա։ Ավելին` «մաքուրով» աշխատող խոշոր բիզնեսն էլ իր հերթին կարիք չի ունենա հովանավորել օրվա իշխանությունների քաղաքական պրոյեկտները, ընտրություններ կեղծել իշխանությունների օգտին եւ այլն։ Եթե օրենքի դաշտում են գործում` ի՞նչ ունեն վախենալու։ Դրա համար էլ իշխանություններին ձեռնտու է, որ նրանք օրենքի դաշտում չգործեն։ Ձեռնտու է ե՛ւ նյութական, ե՛ւ «քաղաքական» առումներով։

Այնպես որ` խնդրի համակարգային լուծումն իսկապես գործող քաղաքական համակարգի փոփոխությունն է։ Եթե դա չկա` ցանկացած, նույնիսկ ամենադրական փոփոխություն ընդամենը ժամանակավոր լուծում է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30