08.12.2017 12:40 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ստի Թունելը

Թունելի վերջը՝ պաշտպանության նախարարությունում

Թունելի վերջը՝ պաշտպանության նախարարությունում

ԱՆՀԱՋՈՂ ՄԱՐԴ
Ահա եւ տեղաց առաջին ձյունը։ Ամենայն հավանականությամբ, հենց սա է լուրջ փսիխոզ առաջացրել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի մեջ։ Ընդգծենք՝ «Թունելի Հակոբի» մեջ։ Սա պատգամավոր եղած եւ մեր իմացած չորս Հակոբ Հակոբյաններից ամենահաջողն է։

Առաջին Հակոբ Հակոբյանը կարգին ազատամարտիկ ու կարգին մարդ է, երկրորդը՝ նորմալ գործարար, մյուսը՝ թեթեւի մեջ գործարար, բզիկներով ռեժիսոր, բայց էլի ոչինչ, ուտվում է։ Իսկ ահա այս Թունելը պարզապես տարերային աղետ է։ Իրեն հարգող մարդը պիտի պատվից ցածր համարի սրան բարեւելը։

Այլ գնահատականներ հնարավոր չէ տալ. ասում են. իբր ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր ջան, երկրում ապրանքները կտրուկ թանկացել են, ժողովուրդն ի՞նչ անի, պատասխանում է. արխային, նորմալ է, արտառոց բան չկա, աղքատ ժողովուրդ է, էդ ապրանքները թանկանան - չթանկանան, մեկ է՝ իրենց վրա չի ազդում, քանի որ փող չունեն։

Երեկ ամբողջ ֆեյսբուքը, կներեք, թքում էր Թունելի վրա։ Վստահ ենք, աղմուկն ու զայրույթն այնքան մեծ է լինելու, որ ստիպված հայտարարելու է, թե իր խոսքերը խեղաթյուրել են, ինքը ուրիշ բան է ասել։ Սա փորձված մեթոդ է, երբ քաղաքական գործիչները իրենց տգիտությունն ու անբարոյականությունը պայմանավորում են վատ լրատվամիջոցներով, ոչ պրոֆեսիոնալ լրագրողներով կամ փչացած ձայնագրիչներով։

 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Հույս ունենք, որ Թունելի Հակոբին այլեւս անդրադառնալու կարիք չենք ունենա, մանավանդ որ մեղավորը ոչ այնքան նա է, որքան նրան խորհրդարան խցկածները՝ երկրի ղեկավարները։

Երկրի ղեկավարներին էլ հիմա շատ բարդ է որեւէ բան ասել, բողոքել։ Որովհետեւ զբաղված են ներիշխանական գզվռտոցներով, պալատական ինտրիգներով, իրար տակ են փորում։ Ու այս թունելի վերջը չի երեւում։

Մենք մի հետաքրքիր ձեւ ենք գտել՝ այդ ներիշխանական պայքարին հետեւելու համար։ Իշխանության ներսում այժմ մի քանի խմբեր են ձեւավորվել, տարբեր կենտրոններ, որոնք իրար դեմ են պայքարում։ Բնականաբար, այդ պայքարում տարբեր գործիքներ են կիրառվում։ Դրանցից մեկն էլ Ֆեյսբուքն է։ Իշխանության տարբեր կենտրոններ ունեն իրենց ֆեյսբուքյան թիմերը, որոնք սոցցանցերում զբաղված են բացառապես իշխանության մյուս թեւերին քարկոծելով։ Ժամանակի ընթացքում արդեն ուրվագծվել են այդ թիմերը, դրանց առավել ակտիվ ներկայացուցիչները։ Մենք նման օգտատերերի էջերին առաջնահերթ բաժանորդագրվել ենք։ Այսինքն՝ երբ նրանցից մեկը ինչ-որ ստատուս է գրում, ֆեյսբուքը մեզ այդ մասին տեղեկացնում է։

Հիմա՝ կան օգտատերեր, որոնց միակ խնդիրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին քննադատելն է։ Հայաստանում եւ երբեմն՝ նրա սահմաններից դուրս ինչ ուզում է պատահի, զարմանալի ճարպկությամբ հաջողացնում են պայմանավորել Կարեն Կարապետյանի ապաշնորհ, անտաղանդ գործունեությամբ։ Ապրանքները թանկանում են՝ մեղավորը վարչապետն է. լավ։ Մենաշնորհների դեմ պայքարը արդյունք չի տալիս` էլի ինքն է մեղավոր։ Սա էլ լավ։ Բայց որ Կարեն Կարապետյանն է մեղավոր արտագաղթի համար` այդ մեկը մի քիչ «պերեբոր» է։ Այսինքն, մեղքի իր բաժինն ունի, բայց գլխավոր մեղավորը նա չէ։

Ինչեւէ, մի խումբ էլ կա, որը բացառապես Վիգեն Սարգսյանին է քննադատում։ Ու այս ամենին մենք հետեւում ենք. ֆեյսբուքը մեզ տեղեկացնում է, մենք էլ նայում ենք, թե ով ում դեմ ինչ «սլիվ» է անում։ Կարիք էլ չկա աղբյուրներ ունենալ նախագահականում, կառավարականում, այլ պետական կառույցներում։ Հենա այդ բոլոր աղբյուրները մեր աչքի առաջ են։

Ու ամենահետաքրքիրն այն է, որ այսքան իրար քննադատում են, փաստերի արտահոսք են անում, Սերժ Սարգսյանի անունն ընդհանրապես չեն տալիս։ Սերժ Սարգսյան անունով մարդ չկա։ Դատելով այդ գզվռտոցներից, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե երկրի ղեկավարները Կարեն Կարապետյանն է, Վիգեն Սարգսյանը, Է. Նալբանդյանը, նույնիսկ «Տաշիրի Սամոն», մի փոքր՝ Վլադիմիր Գասպարյանը, բայց ոչ երբեք Սերժ Սարգսյանը (Արա Բաբլոյանի մասին չենք խոսում, քանի որ մեծ մասը չգիտի, թե դա ով է)։

А Васька слушает, да ест. Ահա այսպես, Սերժ Սարգսյանը, իբր մի կողմ քաշված, կողքից նայում է, թե ինչպես են իր ենթակաները պայքարում երկրի հաջորդ ղեկավար լինելու համար։ Էլ չգիտեն, որ ինքը չի էլ պատրաստվում ղեկավարի պաշտոնը ինչ-որ մեկին հանձնել։ Արդեն 10 տարի է, այդպես է անում. ինքը երկիրը ղեկավարում է բայց երկրի ծանր իրավիճակի համար Տիգրան Սարգսյանն էր մեղավոր, Հովիկ Աբրահամյանը, հիմա՝ Կարեն Կարապետյանը։ Հերթով հանում է ու էլի շարունակելու է ղեկավարել։ Այդ թվում՝ 2018-ի սահմանադրական «ֆինտ ու ֆլուշկեքից» հետո, երբ երկրի դե-յուրե ղեկավարը պետք է վարչապետը դառնա։

Մինչեւ այդ Սերժ Սարգսյանը երկրի փաստացի ղեկավար մնալու ձեւը կգտնի։ Արդեն մի քանի տարբերակ քննարկվել է. Անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀԿ-ի առաջնորդ, ԱԺ նախագահ։ Հիմա, որքան հասկանում ենք այս ֆեյսբուքյան գզվռտոցներից, ամենաօպտիմալը համարվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այսինքն, նախագահի լիազորությունները 2018-ին ավարտվելուց հետո Սերժ Սարգսյանը կստանձնի ՊՆ նախարարի պաշտոնը եւ կշարունակի ղեկավարել երկիրը, քանի որ նոր սահմանադրությամբ պաշտպանության նախարարը վարչապետին ենթարկվելու է միայն պատերազմի դեպքում, մնացած դեպքերում դա առանձին ու անկախ մարմին է։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը այս տարբերակին է հակված։ Գնանք... գնանք տեսնենք` ինչ նոր ստատուսներ են գրել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30