13.04.2018 06:28 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գաղջի լազաթը

ՀՀԿ-ի համար գաղջն ու կայունությունը հոմանիշներ են

Հայաստանում եւ Ադրբեջանում բառացիորեն նույն գործընթացներն են տեղի ունենում։ Նույն օրը, գրեթե նույն ժամին պաշտոնապես հայտարարվեց, որ Իլհամ Ալիեւը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Ադրբեջանի նախագահ (86 տոկոս ձայներով), Հայաստանի իշխող կուսակցությունն էլ երրորդ անգամ անընդմեջ պետության ղեկավարի պաշտոնը Սերժ Սարգսյանին վստահելու որոշում է ընդունել (միաձայն)։

Զավեշտն այն է, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե կուսակցության Գործադիր մարմնի անդամներից որեւէ մեկի մտքով անգամ չի անցել այլ թեկնածություն, իսկ ահա Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե «ՀՀԿ-ում վարչապետի թեկնածության քննարկումները թեժ են եղել»։ Այսինքն՝ Շարմազանովի պարզունակ ուղեղն ի զորու չի եղել ընկալել այն պարզ իրողությունը, որ եթե անգամ կուսակցությունում որեւէ մեկն իրավունք չունի առանց շեֆի թույլատրության քորել ծոծրակը, չի կարելի հրապարակել այդ փաստը, որովհետեւ դա պատիվ չի բերում երկրին։ Իսկ Դավիթ Հարությունյանն այդքանը հասկացել է, դրա համար էլ ձեւացնում է, թե քննարկում այնուամենայնիվ եղել է, այն էլ՝ թեժ։ Իսկ որ իրականում ոչ մի քննարկում էլ չի եղել՝ հասկանալի է։ Ինչի՞ շուրջ պիտի թեժ քննարկում ծավալեին։ Պիտի վիճեին, թե ի՞նչ տիտղոսով մեծարեն անփոխարինելի առաջնորդին, թե՞ պիտի որոշեին՝ առաջնորդին ոսկեզօծ կառքո՞վ տանեն ԱԺ հանդիսավոր նիստին, թե՞ ձեռքերի վրա։

Ամեն դեպքում փաստը մնում է փաստ՝ ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ նույն անձի՝ երրորդ անգամ անընդմեջ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը վատ բան է եւ շատ բացասաբար է անդրադառնալու երկրի միջազգային հեղինակության վրա։ Բնականաբար՝ Սերժ Սարգսյանը նույնպես գիտակցում է դա (ղարաբաղյան պատերազմին ինչ-որ մասնակցություն այնուամենայնիվ ունեցել է եւ գիտի, որ մեր հաջողություններին մեծապես նպաստել է նաեւ Հայաստանի՝ «տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ» հռչակվելու հանգամանքը)։ Իսկ եթե գիտի ու միաժամանակ գնում է երրորդ ժամկետի, նշանակում է՝ իր անձնական իշխանությունը պետության միջազգային հեղինակությունից բարձր է գնահատում։ Եթե որեւէ մեկն այլ բացատրություն ունի՝ ուշադիր կլսենք։

Մի խոսքով՝ ժողովրդավարության առումով Հայաստանն իջավ Ադրբեջանի մակարդակին։ Տեղի ունեցավ այն, ինչին այնքան երկար ժամանակ սպասում էին Ադրբեջանում, որովհետեւ դրանով Հայաստանը զրկվեց իր կարեւորագույն հաղթաթղթերից մեկից։ Սա, ի դեպ, վերաբերում է նաեւ Արցախին, որովհետեւ այնտեղ նույնպես «երրորդ ժամկետի գործընթացներ» են (իսկ մինչեւ հիմա ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանի կազմ վերադառնալը բացառում էին նաեւ այն փաստարկը ներկայացնելով, որ Արցախը Ադրբեջանից շատ ավելի ժողովրդավարական երկիր է)։ Եվ ընդհանրապես՝ Սերժ Սարգսյանն իր այս քայլով ղարաբաղյան կարգավորման գործընթացից հանեց «քաղաքակրթական բաղադրիչը»՝ ամբողջ աշխարհին ցույց տալով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական տարբերություններն այնքան էլ մեծ չեն։

Սերժ Սարգսյանն, իհարկե, կարող է ասել, որ «երրորդ ժամկետն, անշուշտ, այնքան էլ ցանկալի չէր եւ որոշ բացասական հետեւանքներ կարող է ունենալ, բայց իմ հեռանալու դեպքում քաոս կսկսվեր, եւ հետեւանքներն ավելի ծանր կլինեին» (որոշ հանրապետականներ մասնավոր զրույցներում հենց այս թեզն են առաջ քաշում)։ Բայց նկատենք, որ անուղղակիորեն մոտավորապես նույն բանն էր ասում նաեւ Իլհամ Ալիեւը՝ երրորդ ժամկետից առաջ։ Բացի այդ էլ՝ իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր նախագահության տասը տարիների ընթացքում այնպիսի կառավարման համակարգ ստեղծել ու քաղաքական միջավայր ձեւավորել, որ իր հեռանալու դեպքում քաոս սկսվի։ Եվ ինչո՞ւ է այդ մասին սկսել մտածել միայն հիմա՝ խոստանալով երիտասարդ քաղաքական գործիչներ «թրծել»։ Կամ՝ ինչո՞ւ պիտի քաոս սկսվի, բա ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո քաոս չի սկսվել։

Թե՞ քաոսը կսկսվի իշխանական «նեղ կռուգում»։ Սկսվում է՝ թող սկսվի, պետությունը դրանից հաստատ չի տուժի։ Պետությունը հիմա է տուժում ու շարունակելու է տուժել, քանի դեռ գաղջը պաշտոնապես հռչակվում է կայունություն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30