15.12.2017 10:15 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինտրիգը պահվում է

Ովքե՞ր են լինելու վարչապետի թեկնածուները

Ովքե՞ր են լինելու վարչապետի թեկնածուները

Սերժ Սարգսյանին առայժմ հաջողվում է պահպանել «ապրիլյան ինտրիգը», ու այն հարցը, թե ի վերջո ով է լինելու Հայաստանի վարչապետը 2018-ի ապրիլին, առ այսօր մնում է անպատասխան։ Բայց կա նաեւ մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր հարց՝ իսկ ովքե՞ր են լինելու վարչապետի թեկնածուները։

Սկսենք ընդդիմությունից։ «Ելքն» ու «Ծառուկյան դաշինքը» վարչապետի իրենց թեկնածուն ունենալո՞ւ են, թե ոչ։ «Ելքն», օրինակ, ուզած-չուզած պիտի առաջադրի սեփական թեկնածուին, որովհետեւ հենց այնպես ՀՀԿ թեկնածուին դեմ քվեարկելը սիրուն չի նայվի։ Ընդ որում՝ կարող են առաջադրվել ե'ւ Նիկոլ փաշինյանը (նա, եթե չեք մոռացել, «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետացուն էր), ե'ւ Արամ Սարգսյանը (նա մի անգամ արդեն եղել է վարչապետ), ե'ւ Էդմոն Մարուքյանը (որ չնեղանա)։ Լուրջ պայքար այստեղ չի լինի, որովհետեւ միեւնույն է՝ «Ելքի» թեկնածուն 7 ձայնից ավելի չի ստանա։ Ճիշտ է, կենսագրության մեջ «վարչապետի թեկնածու» գրությամբ տող կավելանա, բայց Հայաստանում դա առանձնապես մեծ բան չէ։ Մինչեւ հիմա ով ասես նախագահի թեկնածու է եղել՝ էպոսագետից սկսած, Տիգրան Կարապետիչով վերջացրած։ Ուրիշ բան, որ եթե «Ծառուկյան դաշինքը» վարչապետի սեփական թեկնածու չառաջադրի՝ «Ելք» դաշինքի թեկնածուն ինքնըստինքյան կդառնա իշխանության թեկնածուի միակ մրցակիցը, իսկ դա քարոզչական առումով լուրջ հաղթաթուղթ է։ Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը երեւի կառաջադրվի։

 Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինքին», ապա Գագիկ Ծառուկյանը հազիվ թե անձամբ առաջադրվի։ Նա պարտվել չի սիրում։ Ուրիշ թեկնածություն առաջադրելն էլ վտանգավոր է՝ փակ-գաղտնի քվեարկության արդյունքում կարող է ավելի քիչ ձայներ ստանալ, քան խմբակցության պատգամավորների թիվն է, ու այդ դեպքում անիմաստ «ռազբորկաներ» կսկսվեն, որոնց արդյունքում դաշինքը կթուլանա։

 Անցնենք ՀՀԿ-ին։ Քաղաքական այդ ուժի տարբեր տրամաչափի չինովնիկները սիրում են հայտարարել, որ իրենց շարքերում վարչապետի պոտենցիալ ունեցող բազմաթիվ պաշտոնյաներ կան, բայց արդյո՞ք որեւէ մեկը կհամարձակվի առաջադրվել, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի՝ «անձամբ դեմ լինելով, բայց տեղի տալով հարյուր հազարավոր քաղաքացիների խնդրանքին»։ Հազիվ թե։ Ձեւի համար կարելի է, իհարկե, ինչ-որ մեկի թեկնածությունը եւս առաջադրել, որպեսզի մրցակցության տպավորություն ստեղծվի, բայց իմաստը ո՞րն է, ո՞վ պիտի հավատա։ Եվ հետո՝ եթե մրցակցության տպավորություն ստեղծելու անհրաժեշտություն առաջանա, դաշնակներն ավելի հարմար են։ Մանավանդ որ առաջին անգամը չէ։

 Տեսականորեն միայն մի տարբերակ կա, որի դեպքում Սերժ Սարգսյանի սցենարը կարող է ձախողվել։ Հունվարից հետո Հայաստանում կարող է սոցիալական բողոքի մեծ ալիք բարձրանալ, որը վարպետորեն ղեկավարվելու դեպքում կարող է հանգեցնել իսկապես հզոր շարժման։ Այդ ֆոնի վրա կարող է հայտնվել վարչապետի թեկնածու (հնարավոր է՝ հենց ՀՀԿ-ի ներսից), որը, ունենալով «Ծառուկյան դաշինքի եւ մի քանի հանրապետական պատգամավորների թաքուն աջակցությունը, փակ-գաղտնի քվեարկության արդյունքում կարող է անսպասելիորեն վարչապետ ընտրվել։ Եթե «գործընթացին մոտիկից հետեւելու համար» փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ լինի՝ կարմիր բերետավորները Սերժ Սարգսյանին չեն օգնի։ Հատկապես՝ եթե Մոսկվայից զգուշացնեն, որ ուշադիր հետեւում են հայաստանյան զարգացումներին եւ դեմ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառմանը։

 Սա, իհարկե, ընդամենը տեսական հնարավորություն է, բայց Սերժ Սարգսյանը, վստահաբար, չի բացառում նաեւ այս տարբերակը եւ շատ ուշադիր հետեւում է իր մերձավոր շրջապատին՝ ամեն ինչ նորմա՞լ է, հո որեւէ մեկն իրեն տարօրինակ չի՞ պահում։Բայց բոլորին հետեւելը դժվար է։ Եվ բացի այդ՝ հետեւողներին վստահելու խնդիր էլ կա։ Ի՞նչ իմանաս՝ իր հանձնարարությամբ ուրիշների՞ն են հետեւում, թե՞ ուրիշների հանձնարարությամբ իրեն են հետեւում։

Այնպես որ՝ արտաքինից լիովին հանգիստ ու վերահսկելի թվացող իրավիճակն իրականում ներքուստ բավականին լարված է, ու վերջին պահին ամեն ինչ կարող է փոխվել բառացիորեն մի քանի օրում։ Եթե նման բան տեղի ունենա՝ Սերժ Սարգսյանն իրենից բացի որեւէ մեկին մեղադրել չի կարող։ Ինքն է կառավարման այնպիսի համակարգ ստեղծել, որի դեպքում իշխանափոխություն հնարավոր է միայն պալատական հեղաշրջման միջոցով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30