Ելույթներից շատերն իսկապես լավն էին, եւ եթե արտասանողները հանրապետականներ չլինեին՝ հանգիստ կարելի էր հավատալ դրանց անկեղծությանը։ Իսկ ահա քննարկումների բուն էությունը սկզբից մինչեւ վերջ կեղծ էր։ Որովհետեւ ելույթ ունեցող հանրապետական պատգամավորները ոչ թե իշխանություն էին, այլ իշխանության անունից հանդես եկող վարձու հռետորներ, կարելի է ասել՝ կլանային հանցավոր համակարգի «սպասարկող անձնակազմը»։ Հանցավոր կլանի պարագլուխներն ու տիկնիկավարներն այդ օրը ԱԺ դահլիճում չէին։ Ինչ-որ տեղ (հնարավոր է՝ արտասահմանում) նստած՝ հետեւում էին, թե արդյո՞ք լավ են վախեցրել սպասարկուներին։
Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. երթուղայինում ուղեւորները բռնում են ջեբկիրին ու նույնիսկ մի երկու անգամ վզակոթին հասցնում, եւ հանկարծ ինչ-որ բարեկիրթ տիկին (ով հավանաբար ջեբկիրի ամենօրյա ավարից մի 5-10 տոկոս փայ ունի) հուզիչ ճառ է արտասանում, թե «հայրենակիցներ, պատժել պետք չէ, ես ձեզ սթափության կոչ եմ անում, նա արդեն գիտակցել է իր սխալը ու էլ այդպիսի բան չի անի, ի՞նչ կարիք կա նրան դուրս շպրտել մեքենայից, չէ՞ որ բոլորս էլ հայ ենք, իսկ ազգի համար ճակատագրական այս պահին մեզ ներազգային համերաշխություն է պետք, այլապես ոսոխը կարող է օգտվել առիթից...», եւ այլն։ Ու թող որեւէ մեկը համարձակվի առարկել սթափության ու ներազգային համերաշխության մասին խոսքերին։
Մայիսի 1-ին Ազգային ժողովում հանրապետական պատգամավորները ճիշտ այդպիսի ելույթներ էին ունենում՝ ընդունում էին իրենց սխալները, ասում էին, որ արդեն դասեր են քաղել ու էլ չեն անի, եւ հորդորում էին հրաժարվել իրենց վռնդելու որոշումից։ Իսկապես զավեշտ էր. քաղաքական այն ուժը, որի գործունեության արդյունքում երկրից արտագաղթել է 420 հազար մարդ, իսկ մնացածներն առանց բացառության զզվում են իրենցից եւ մեծով-փոքրով փողոց են ելել, հիմա հայտարարում է, թե փողոց դուրս գալը կարող է վտանգավոր լինել պետության համար։
Այ ողորմելիներ, բա եթե գիտեիք, որ փողոց դուրս գալն ու հեղափոխություն անելը կարող է վտանգավոր լինել պետության համար, ինչո՞ւ էիք երկիրն այն վիճակին հասցնում, որ հեղափոխությունն անխուսափելի լինի։ Բա ինչո՞ւ ձեր «անփոխարինելի» շեֆին չէիք ասում՝ «մեզ համար Դուք, իհարկե, արեգակ եք, բայց եթե երրորդ անգամ ստանձնեք երկրի ղեկավարումը՝ երկրում հեղափոխական իրավիճակ կստեղծվի, իսկ դա վտանգավոր է պետականության համար»։ Թե՞ ջեբկիրներից ստացվող «թուլափայն» ավելի կարեւոր էր։ Կամ՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ էիք պնդում, որ հակառուսական տրամադրությունները կարող են կործանարար լինել Հայաստանի համար, ու միաժամանակ ռուսներին համոզում, թե ժողովրդի 90 տոկոսի աջակցությունը վայելող շարժումը հակառուսական է (այսինքն՝ Հայաստանի ժողովրդի 90 տոկոսը ձեր թշնամին է, եկեք պատժեք նրանց ու փրկեք մեզ՝ մշտապես ձեզ հավատարիմ փոքրամասնությանը)։
Ստորությունն ու ստորաքարշությունն էլ պիտի չափ ու սահման ունենան, բաներ կան, որոնք չի կարելի վաճառքի հանել հանուն լափի։ Կամ ենթադրենք՝ ստացվեց. սրանք գոնե հասկանո՞ւմ են, որ դրանից հետո Հայաստանը Ռուսաստանի կողմից նույնիսկ որպես ծայրագավառ կամ ֆորպոստ չի ընկալվելու, ընկալվելու է որպես արժանապատվությունից զուրկ ճորտերով բնակեցված կալվածք, որի վերակացուներին կարելի է ցանկացած պահի ու ցանկացած առիթով նվաստացնել մինչեւ վերջ։
Ինչեւէ։ Հանրապետականները որպես քաղաքական ուժ ինքնաոչնչացվեցին, ու դա անշրջելի է։ Մնում է անշրջելի դարձնել նաեւ կլանային համակարգի ոչնչացումը՝ գործընթաց, որը նոր-նոր միայն սկսվում է։