29.06.2012 00:56 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քյաշ փողը

Սեւանի գաղտնիքները

Սեւանի գաղտնիքները

Սերժ Սարգսյանի նախագահության չորս տարիների ընթացքում իշխանությունների հիմնական զբաղմունքը եղել է Հայաստանի ընդերքի թալանը, եւ որեւէ մեկը չի էլ փորձել թաքցնել դա։ Հակառակը` իշխանությունները պարծեցել են, թե տեսեք` արտահանումն ավելանում է (հանքարդյունաբերության հաշվին), օտարերկրյա ներդրումներն ավելանում են եւ այլն։

Հայաստանի իշխանություններն այդ հանքավայրերն ընկալել են որպես «քյաշ փող» եւ, բնականաբար` չէին կարող հանգիստ քնել, քանի դեռ մինչեւ վերջ չեն լափել։ Սեւանը նույնպես «քյաշ փող» է, բայց իշխանությունները, չգիտես ինչու, մինչեւ հիմա դրան ձեռք չէին տալիս։ Ինչեւէ, մի քանի օր առաջ «սխալն» ուղղվեց. խորհրդարանը որոշեց այս տարի 150 միլիոնի փոխարեն 320 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել լճից։ Պատճառն իբր այն է, որ տարին չորային է, եւ Արարատյան դաշտին ջուր է պետք։ Իրականությունը, սակայն, կարծես թե փոքր-ինչ այլ է։

Սկսենք նրանից, որ օդերեւութաբանական ճշգրիտ կանխատեսումներ արվում են միայն առաջիկա 5 օրերի համար, շատից-քչից մոտավոր կանխատեսումներ` 2-3 շաբաթների համար։ Այդ ինչպե՞ս իշխանությունները գլխի ընկան, որ հուլիսին ու օգոստոսին երաշտ է լինելու, եւ ինչպե՞ս այդքան ճշգրիտ թիվ որոշեցին` 320 մլն խորանարդ մետր։ Բայց սա դեռ հարցի միայն մի կողմն է։ Շատ ավելի կարեւոր են հետեւյալ հանգամանքները։

1. Սեւանից բաց թողնված լրացուցիչ ջուրը Սեւան-Հրազդան կասկադում դառնում է էլեկտրաէներգիա, ընդ որում` համարյա զրոյական ինքնարժեքով։ Այդ էլեկտրաէներգիան բնակչությանը վաճառվում է 30 դրամով։ Առ այսօր ոլորտի պատասխանատուներից որեւէ մեկը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե որքանո՞վ է ջուրը վաճառվում կասկադին, ընդհանրապես վաճառվո՞ւմ է, թե ոչ, եւ ո՞վ է տնօրինում այդ միլիոնավոր դոլարները։

2. Սեւանից բաց թողնվող ջուրը «քյաշ փող» է նաեւ այն իմաստով, որ Արարատյան դաշտի գյուղացիական տնտեսությունները ոռոգման համար հսկայական գումարներ են վճարում, այսինքն` ջուրը դառնում է փող, փողը մտնում է բյուջե, բյուջեից էլ «գոլորշիանում է» հայտնի ճանապարհներով։

3. Արդեն մեկ-երկու տարի է` Արարատյան դաշտում ձկնաբուծությունն արագացված տեմպերով կենտրոնանում է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների ձեռքերում։ Սեւանի ջուրը գյուղացիներին կհասնի, թե ոչ` հայտնի չէ, բայց ձկնաբուծարաններին հաստատ կհասնի։ Գուցե հենց սա՞ է պատճառը, որ իշխանությունները որոշել են «մի թեթեւ» դատարկել Սեւանը։

Ի դեպ` ձկնաբուծության մասին։ Տարիներ շարունակ այս իշխանություններն իբր հսկայական գումարներ են ծախսում` Սեւանա լճի ձկնային պաշարները վերականգնելու համար, բայց այդ պաշարները գնալով միայն նվազում են։ Այսօր Սեւանա լճում ընդամենը 8,5 տոննա ձուկ կա, այսինքն` ամբողջ լճի ձկնային պաշարները, շուկայական ամենաբարձր գներով հաշված, արժեն երկու անգամ ավելի քիչ, քան միջին չինովնիկի ծառայողական ավտոմեքենան։ Պարզ ասած` ձուկը վերջացել է։ Հարց է ծագում` ի՞նչն է պատճառը, որ տարիներ շարունակ իշխանությունները չեն կարողանում վերականգնել այդ պաշարները։ Պատասխանը միանշանակ է. իշխանություններին դա պետք չէ։ Տեսեք` ընդամենը 8-10 տարի առաջ արհեստական լճակներում աճեցրած իշխանն արժեր 1200 դրամ, բայց ոչ մեկը չէր գնում, որովհետեւ Սեւանի սիգն արժեր 100 դրամ եւ շատ ավելի համեղ էր։ Սիգը վերացավ, իշխանի գինը դարձավ 2 հազար դրամ, ու լավ էլ վաճառվում է։ Բա այս իշխանությունները հո հիմար չե՞ն, որ Սեւանի ձկնային պաշարները վերականգնեն, ու իրենց բիզնեսը «տակ տա»։ Դրա համար էլ Սեւանի հերն անիծում են, թաքուն խրախուսում են ձկնագողերին եւ այլն։ Հիմա հասկացա՞ք, թե ինչ գումարներ են պտտվում Սեւանի շուրջ, եւ ինչն է պատճառը, որ առանձին վերցրած մեկ օլիգարխի ձկնաբուծարանում ավելի շատ ձուկ կա, քան ամբողջ Սեւանում։

Ի դեպ, փորձենք պատկերացնել այսպիսի հիպոթետիկ իրավիճակ։ Երաշտ է սպասվում, Հայաստանի իշխանություններն էլ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերել հարեւան երկրների` Իրանի ու (մեղա-մեղա) Ադրբեջանի հետ եւ որոշել ջուր վաճառել (Սեւանից բաց թողնվող ջուրն ի վերջո լցվում է Արաքսը եւ անցնում Նախիջեւանի ու Իրանի սահմանով)։ Ի՞նչ պիտի անեին այդ դեպքում Հայաստանի իշխանությունները։ Հո չէի՞ն հրապարակելու գործարքը։ Ստիպված` պիտի ասեին, թե բա գիտե՞ք, Արարատյան դաշտին լրացուցիչ ջուր է հարկավոր, բերեք «կանգնենք գյուղացու կողքին» ու մի թեթեւ դատարկենք Սեւանը։ Բայց սա ընդամենը հիպոթետիկ դատողություն է, հենց այնպես բան էր` ասեցինք։ Սեւանն, ի վերջո, ազգային արժեք է, հետեւաբար` պետք է վաճառել ազգային արժույթով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30