09.02.2018 06:24 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Փետրվարյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

«Սեւ Հովազ»
«Սեւ Հովազ» .

Փետրվարն այն որոշիչ ամիսներից է կինոինդուստրիայում, որից կախված են տարվա ապագա դրամարկղային ֆիլմերի ճակատագրերը, քանզի առջեւում «Օսկարն» է։ Այս ամիս «must see» ֆիլմերի ցուցակը բավականին ընդգրկուն է եւ մրցակցային։ Մեծ էկրաններին իրենց խաղով հանդես կգան Մեթ Դեյմոնը, Լյուպիտա Նիոնգոն, Սիենա Միլլերը, Ջեք Օ'Ռոնելը, Դիանա Քրյուգերը, Միշել Ուիլյամսը, Մարկ Ուոլբերգը, Մերիլ Սթրիփը, Թոմ Հենքսը, Էդրիան Բրոուդին, Ժան Դյուժարդենը, Քեյթ Ուինսլեթը, Ջասթին Թիմբերլեյքը, Դակոտա Ջոնսոնը, Ջեյմի Դոռնանը եւ այլ կինոաստղեր։

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

01.02- «Ավելի կարճ»/ Downsizing

Ֆանտաստիկ սատիրայի գլխավոր հերոսները համաձայնում են փորձարարական նախագծի մասնակիցներ դառնալ եւ փորձել առաջատար տեխնիկան՝ փոքրացման պրոցեդուրա անցնելով։ Մինի-ֆորմատի մեջ կյանքը ֆինանսական շահավետություն է կանխատեսում, ուստի կարիքավոր զույգը պատրաստ է ծայրահեղ փոփոխություններին։ Սակայն նրանց այս որոշումը զարմանալի հետեւանքների է հանգեցնում։ Դերերում՝ Բրիգիտ Լանդի-Փեյն, Մեթ Դեյմոն, Քրիստեն Ուիգ, Լոռա Դեռն, Քրիստոֆ Վալց, Ջեյսոն Սուդեյքիս, Նիլ Պատրիկ Հարիս։

01.02 - « Երեք բիլբորդները  Միսուրի, Էբինգի սահմանին»/ Three Billboards Outside Ebbing, Missouri

Միլդրեդ Հեյսի դուստրը սպանվել է։ Հանցագործները հայտնաբերված չեն։ Հուսահատված ու դժբախտ կինը արդարության եւ իշխանությունների աջակցման կարիքն ունի։ Իր պատմության վրա ուշադրություն գրավելու համար նա քաղաքի մուտքի մոտ 3 բիլբորդ է վարձում, որոնցում ոստիկանության հեղինակավոր ղեկավար Ուիլյամ Ուիլոուբիին ուղերձներ է թողնում։ Ավելի ուշ պատմության մեջ ներգրավվում է շերիֆի տեղակալ, բռնության հանդեպ հակումներով ինֆանտիլ տղամարդը, եւ այստեղից սկսվում է իսկական պատերազմ Միլդրեդի եւ քաղաքի իշխանությունների միջեւ։  Դերերում՝ Ֆրենսիս ՄակԴորմանդ, Վուդի Հարելսոն, Սեմ Ռոքուել, Ջոն Հոուքս, Փիթեր Դինքլեյջ, Էբի Քորնիշ, Քերի Քոնդոն։

01.02- «Տոնյան բոլորին դեմ է»/ I, Tonya

Ֆիլմի հիմքում ընկած է սկանդալային հայտնի չմշկասահորդուհի Թոնի Հարդինգի կյանքի իրական պատմությունը, որը Պորթլենդի աղքատ ընտանիքից է, դարձել է սառույցի արքայադուստր, սակայն մի ակնթարթում զրկվել է ամեն ինչից։ 1991 թվականին Հարդինգը հաղթել է ԱՄՆ-ի չեմպիոնատը եւ աշխարհի առաջնության երկրորդ մրցանակը՝ պատմության մեջ եռակի աքսել կատարած առաջին ամերիկուհին դառնալով։ Սակայն 1994-ին նրա ամուսինն ու թիկնապահը հարձակվել են իր մրցակցուհի Նենսի Քերիգանի վրա, որպեսզի նա բաց թողնի գալիք մրցարշավը։ Ավելի ուշ ապացուցվել է, որ Հարդինգը ներգրավված է եղել տեղի ունեցածին, նրան զրկել են բոլոր տիտղոսներից եւ ցմահ որակազրկել են։ Դերերում՝ Մարգո Ռոբի, Սոբաստյան Սթեն, Էլիսոն Ջենի, Ջուլիանա Նիկոլսոն, Բոբի Կանավալե, Քեյթլին Քարվեր, ՄակՔենա Գրեյս։

01.02- «Էյֆորիա»/ Euphoria

Էմիլին եւ Ինեսը ճանապարհորդում են ողջ Եվրոպայով, որպեսզի գտնեն աշխարհի ամենահրաշալի վայրը։ Այնտեղ Էմիլին ցանկանում է անցկացնել իր իդեալական կյանքը եւ ընդմիշտ հեռանալ այս աշխարհից։ Սակայն փաստի առջեւ կանգնած Ինեսը պատրաստ չէ ընդունել այս որոշումը եւ փորձում է փախչել «ինքնասպանների ակումբից»։ Դերերում՝ Ալիսիա Վիկանդեր, Եվա Գրին, Շառլոտա Ռեմփլինգ, Չարլզ Դենս, Մարկ Սթենլի, Ադրիան Լեստեր, Ստեֆեն Յունգ։

08.02 - «Ազատության հիսուն երանգները»/ Fifty Shades Freed

Սա բրիտանացի հայտնի գրող Է. Լ. Ջեյմսի գրքերի հիման վրա նկարահանած երրորդ ֆիլմն է։ Քրիստիանն ու Անաստեյշան ամուսնացել են, մեկնել են մեղրամսի, վայելում են պահն ու միմյանց, սակայն նորաստեղծ ընտանիքը պատկերացում չունի, որ Անաստեյշայի կյանքը վտանգի տակ է հայտնվել։ Քրիստիանի անցյալի ուրվականները վերադարձել են, եւ այժմ նրանց հետ հարցերը պետք է լուծի նաեւ Անաստեյշան։ Դերերում՝ Դակոտա Ջոնսոն, Ջեյմի Դոռնան, Արիել Քեբել, Քիմ Բեսինջեր, Թեյլեր Հեքլին, Մարշա Գեյ Հարդեն, Լյուկ Գրայմս։

08.02- «Հրաշքների անիվը»/ Wonder Wheel

Ֆիլմի գործողությունները զարգանում են անցած դարի 50-ականներին Կոնի-Այլենդ կղզում։ Պատմության կենտրոնում 4 հերոսներն են, որոնք սիրային դրամայի մեջ են ներքաշվում, որը զարգանում է դետեկտիվային դրամային զուգահեռ։ Ատրակցիոնների զբոսայգին մռայլ ու սարսափելի իրադարձությունների վայր է դառնում։ Դերերում՝ Ջեյմս Բելուշի, Ջունո Թեմփլ, Ջասթին Թիմբերլեյք, Քեյթ Ուինսլեթ, Մաքս Կազելա, Ջեք Գոռ, Թոնի Սիրիկո։

14.02 - «Սրտակեր»/ Le retour du heros

Ֆիլմը պատմում է գեղեցկադեմ լովելաս Նեվիլի մասին՝ կապիտանի, ով Ավստրիա է մեկնում Նապոլեոնի զորքի հետ` խոստանալով իր սիրելիին ամեն օր նամակ գրել։ Սակայն Պոլինն այդպես էլ նամակներ չի ստանում, նրա սիրտը կոտրված է։ Տեսնելով քրոջ տառապանքները, Էլիզաբեթը որոշում է նրան նամակներ գրել Նեվիլի անունից։ Կարծես թե նրա պլանն իրագործվում է, սակայն Էլիզաբեթը չէր պատկերացնում, որ տղամարդու անհավանական սխրագործությունների մասին նամակներ հորինելով, այնուհետեւ նրան պատվով թաղելով, ինքը եւ Պոլինը պետք է կրկին հանդիպեն Նեվիլին. մի օր տղամարդը նորից հայտնվում է նրանց տան դռան առջեւ։ Դերերում՝ Ժան Դյուժարդեն, Մելանի Լորան, Նոեմի Մերլան, Ֆյոդոր Ատկին, Լորան Բատո, Քրիստիան Բյուժո, Ժան-Միշել Լամի։

15.02 - «Լրագրող»/ Manhattan Night

Գլխավոր հերոսը լրագրող Փորթեր Ռենն է։ Գայթակղիչ անծանոթուհու խնդրանքով նա համաձայնում է պարզել կնոջ չբացահայտված սպանությունը։ Սակայն տղամարդը բավականին ուշ է հասկանում, որ ներքաշվել է սեռական մոլուցքի ու շանտաժի տհաճ պատմության մեջ, որը կարող է նրան զրկել աշխատանքից, ընտանիքից եւ կյանքից... Դերերում՝ Էդրիան Բրոուդի, Իվոն Ստրախովսկի, Քեմփբել Սքոթ, Ջենիֆեր Բիլզ, Ռաուլ Արանաս, Թոմաս Բաիր, Ուիլ Բեյնբրինք։

22.02 - «Գաղտնի դոսյե»/ The Post

Սթիվեն Սփիլբերգի նոր աշխատանքը պատմում է The Washington Post թերթի առաջին կին-հրատարակիչ Քեթրին Գրեմի եւ խմբագիր Բեն Բրեդլիի  մասին։ Լրագրողները մրցակցության մեջ են մտնում The New York Times-ի հետ` ավելի քան 30 տարի թաքցրած պետական գաղտնիքների վրա լույս սփռելու իրավունքի համար։ Ցանկալիին հասնելու եւ աշխարհին ճշմարտությունը պատմելու համար նրանք ստիպված կլինեն տարաձայնություններ հաղթահարել եւ վտանգել իրենց կարիերաները, անգամ, ազատությունը։ Դերերում՝ Մերիլ Սթրիփ, Թոմ Հենքս, Սառա Փոլսոն, Բոբ Օդենքըրք, Թրեյսի Լեթս, Բրեդլի Ուիթֆորդ, Բրյուս Գրինվուդ, Էլիսոն Բրի։

22.02- «Աշխարհի ողջ փողերը»/ All the Money in the World

Փոլ Գեթին նավթային մագնատ է։ Սակայն, ի զարմանս բոլորի, մոլորակի ամենահարուստ մարդը հրաժարվում է փրկագին վճարել, երբ առեւանգում են նրա թոռանը. տղայի մոր միակ հույսը Գեթիի անվտանգության ծառայության աշխատակիցն է... Դերերում՝ Միշել Ուիլյամս, Քրիստոֆեր Փլամեր, Մարկ Ուոլբերգ, Ռոմեն Դյուրիս, Թիմոթի Հաթոն, Չարլի Փլամեր, Ջուզեպե Բոնիֆատի։

22.02- «Վայրին»/ Braven

Ժապավենն անտառապահի մասին է, ով իր ընտանիքի հետ ապրում է ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանի լեռներում։ Թվում է, թե այդ վայրերում ոչ մի սարսափելի բան տեղի ունենալ չի կարող, սակայն Ջո Բրեյվենի հանգիստ կյանքն ավարտվում է այն պահին, երբ նրա տարածք է ներխուժում թմրավաճառների բանդան։ Ճիշտ է, հանցագործները դեռեւս չգիտեն, թե ինչպիսի հակառակորդի են հանդիպել՝ ուժեղ եւ անզիջում Բրեյվենը պատրաստ է ամեն քայլի դիմել հանուն իր ընտանիքի։ Դերերում՝ Ջեյսոն Մոմոա, Զան ՄակԿլարնոն, Գարեթ Դիլահանթ, Ջիլ Վագներ, Սթիվեն Լենգ, Սալա Բեյքեր։

22.02- «Գիշերային խաղեր»/ Game Night

Մաքսն ու Էննին այլ զույգերի հետ միասին հաճախակի, այսպես կոչված, «գիշերային խաղեր» են կազմակերպում, սակայն այս անգամ հանդիպմանը ցանկացել է տոն թելադրել Մաքսի խարիզմատիկ եղբայր Բրուքսը։ Մասնակիցների համար նա «դիմակավորված» գլխակերների եւ ԱԱԾ գործակալների հետ «մահացու» քվեստը բացահայտելու երեկո է կազմակերպել։ Վեց խաղացողներ պատրաստ են բացահայտել Բրուքսի բոլոր հանելուկները, սակայն պրոցեսի ընթացքում գիտակցում են, որ խաղն իրական է։ Ողջ գիշեր ընկերները թռնում են գլխից բարձր՝ փորձելով ազատվել հերթական փորձությունից, սակայն մեկ հարցի պատասխանը դժվար է գտնել։ Պարզ չէ, թե այդ ժամերը իսկապես ադրենալինով լի կլինեն, թե՝ վերջինն են նրանց կյանքում։ Դերերում՝ Ռեյչել ՄակԱդամս, Ջեյսոն Բեյթման, Ջեսի Պլեմոնս, Կայլ Չանդլեր, Բիլի Մագնուսեն, Շերոն Հորգան։

22.02- «Ծայրահեղ սահմանին»/ Ausdem Nichts

Պատմության կենտրոնում Կատյան է. մի ակնթարթում նրա իդեալական կյանքը փշրվել է տեռորիստական ակտի հետեւանքով մահացել են նրա ամուսինն ու որդին։ Ընկերների աջակցությունը, հարազատներով շրջապատված լինելը՝ ոչինչ չի կարող խլացնել կնոջ ցավը եւ ստիպել շարունակել ապրել։ Արդարության չհասնելով, նա ուժասպառ դիմում է ծայրահեղ միջոցների։ Դերերում՝ Դիանա Քրյուգեր, Դենիս Մոսկիտո, Նուման Աջար, Սամիա Մյուրիել Շանկրեն, Յոհանես Քրիշ, Ուլրիխ Թուքուր։

22.02 - «Կատուն շիկացած տանիքին»/ National Theatre Live։ Cat on a Hot Tin Roof

Միսիսիպի նահանգ, տաք ամառ, Փոլիթ ընտանիքը պատրաստվում է բամբակի պլանտացիաներ այցելել, որպեսզի տոնի պատրիարքի՝ Մեծ Պապի հոբելյանը։ Սակայն խեղդվելու զգացումը չի լքում միջոցառման մասնակիցներին՝ անհայտ է, եղանա՞կն է մեղավոր, թե՞ ստի անծայր սարդոստայնը։ Օրեցօր շատացող գաղտնիքների հետեւանքով Մեգիի եւ Բրիկի ամուսնությունը անդունդի եզրին է հայտնվում, եւ այժմ որոշվում է ընտանիքի ապագան, սակայն ո՞ւմ ճիշտն է ավելի մոտ իրականությանը։ Դերերում՝ Ջեք Օ'Քոնել, Սիենա Միլլեր, Հեյլի Սքվայրս, Քոլմ Մինի, Լիզա Փելֆրի, Բրին Գլիսոն, Մայքլ Շենոն։

26.02 -  «Սեւ Հովազ»/ Black Panther

Marvel ստուդիան շարունակում է իր կոմիքսների էջերի հերոսներին մեծ էկրան հանել։ Այս անգամ Սեւ Հովազի հերթն է։ Վականդան վայրի Աֆրիկայի տարածքն է, սակայն միայն քչերը գիտեն, որ այնտեղ են թաքնված ունիկալ մետաղի պաշարները, որը կարող է վիբրացիա կլանել։ Շատերն են փորձել տիրանալ այդ հարստությանը, սակայն ոչ մեկին դեռ չի հաջողվել հասնել դրան՝ սավաննայի խորհրդավոր ոգի Սեւ Հովազը միշտ պաշտպանել է այն։ Տարիներ անց Վականդա է ժամանում տեխնիկայի վերջին նորություններով հագեցած նոր թշնամին. երբ փրկության հույսը մարում է, երիտասարդ արքայազն Տ'Չալան պարզում է, որ հենց ինքը պետք է վերածնի լեգենդն ու հետ մղի թշնամուն՝ Սեւ Հովազի դիմակը կրելով։ Դերերում՝ Չեդվիկ Բոուզման, Մայքլ Բ. Ջորդան, Լյուպիտա Նիոնգո, Դանայ Ջեքեսայ Գուրիրա, Մարտին Ֆրիման, Էնդի Սերկիս, Անջելա Բասեթ, Ֆորեսթ Ուիթաքեր։

ԴԻՏԵ'Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30