30.03.2018 06:16 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Վարչապետ պետք է լինի Կարեն Կարապետյանը կամ Վիգեն Սարգսյանը

Մի քանի օրից Սերժ Սարգսյանը պաշտոնապես կստանձնի Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Մի քանի ամիս փնտրտուքներից հետո պարզվեց, որ Հայաստանում, ավելի ճիշտ՝ Հանրապետական կուսակցությունում հարմար մարդ չկա. խելքը գլխին, փորձառու, իմաստուն, հեղինակավոր եւ արեւաճաճանչափայլ։

Ու հանրապետականները մի այնպիսի հպարտությամբ են ասում, թե Սերժ Սարգսյանը միակն է, որ ունի այդ հատկանիշները, ոնց որ հպարտություն ապրեն, որ իրենք «տուպոյ» են, անփորձ, անգետ, հեղինակազուրկ եւ.... մթնագորշախամր։

Մինչեւ հիմա հանրապետականները Սերժ Սարգսյանին վարչապետի աթոռին տեսնելու արշավում «կրուտիտների» ամբողջ զինանոց էին կիրառում։ Բա գիտեք, բա Արցախի հարցը, բա վերջին տարում տնտեսությունը 0.00016 տոկոսով աճելու միտում է ունեցել, բա իր օրոք 20 հազար հեկտար հող ենք թաքուն թռցրել Ադրբեջանից, բա էն օրը սփյուռքահայ ոմն մեկը խոստացել է ավելի քան 12 հազար դոլար ներդրում անել Հայաստանում եւ այլն։

Վերջը տեսան, որ այդ ամենը ծիծաղելի է հնչում, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ձեր ի՞նչ գործն է, մենք մեծամասնություն ունենք խորհրդարանում, ում ուզենք՝ կընտրենք։ Մեռնեմ օրենքին։

 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ

Թվում է, թե իսկապես, ՀՀԿ-ն մեծամասնություն ունի խորհրդարանում, ինչը նրան թույլ է տալիս վարչապետի պաշտոնում անցկացնել ցանկացած մարդու։ Բայց իրականում ամեն ինչ այդպես միանշանակ չէ։ Եկեք տրամաբանենք։

2017 թվականին տեղի ունեցան ընտրություններ։ Մի կողմ ենք թողնում կեղծել, լցնել, կաշառել եւ նմանատիպ այլ երեւույթները։ Դրանք հասկանալի են։ Հաղթել է ՀՀԿ-ն, հաղթել է մեծ առավելությամբ։ ՀՀԿ-ն այդ ընտրություններին ներկայացել է նոր դեմքերով. առաջին եռյակը գլխավորել են Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Տարոն Մարգարյանը։ Քարոզարշավում ՀՀԿ-ն ներկայացրել է Կարեն Կարապետյանը։ Հիմա այս ամենի հետ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը։ Բացարձակապես ոչ մի։ Սա մի խորհրդարան է, որի ձեւավորման հետ Սերժ Սարգսյանը որեւէ առնչություն չի ունեցել։ Սա մի խորհրդարան է, որը կառավարություն է ձեւավորել՝ որն արտացոլել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Եվ երբ Շարմազանովն ասում է, թե ում ուզենք` կընտրենք, դա այդպես չէ։ ՀՀԿ-ն պարտավոր է վարչապետ նշանակել՝ հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունները, եւ թե ովքեր են ՀՀԿ-ն ներկայացրել այդ ընտրությունների օրոք։ Ժողովուրդը իր քվեն տվել է մի ՀՀԿ-ի, որը Սերժ Սարգսյան չի ունեցել, բացառված չէ, որ հենց դրա համար է տվել։ Մտածել է, ջհանդամ, մենակ թե սրանով այդ մարդուց պրծնենք։ Եվ հիմա, երբ վարչապետի հարցն է քննարկվում հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ընդամենը երկու մարդ կարող է հավակնել այդ պաշտոնին. Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը։ Վերջացավ։ Հանրապետականները բերում են Անգելա Մերկելի օրինակը։ Թե բա. տեսեք, Գերմանիայում էլ է այդպես, հաղթող ուժը ում ուզում, նրան էլ կանցլեր է նշանակում։ Մոռանում են, որ այդ կանցլերը անձամբ է մասնակցում ընտրարշավին, տնետուն ընկած, հանդիպումներ ունենում, բանավեճերի մասնակցում, ասուլիսներ անում։ Սերժ Սարգսյանը այս ամենը արել է՞. ո'չ։

ԾԱՂՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ

Ի՞նչ է ստացվում. ընդամենը մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններ են եղել, որին մասնակցած ՀՀԿ-ն ներկայացել է նոր դեմքերով, խոստումներ է տվել, թե այս կանենք, այն կանենք, սա էլ մեր վարչապետը կլինի, այսքան տոկոս կխփենք տնտեսությունում, անցնում է մեկ տարի, նոր վարչապետ են ցանկանում նշանակել, որը կապ չի ունեցել ընտրությունների հետ։ Դուք նախ պատասխանեք, թե ինչու Կարեն Կարապետյանը չպետք է լինի վարչապետ, որտեղ է ձախողվել, արդյոք մեկ տարին բավարար էր, որպեսզի համոզվեք նրա ոչ կոմպետենտության մեջ։ Կամ՝ ինչու պիտի վարչապետ չլինի ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, հետո անցեք Սերժ Սարգսյանին։ Եթե Սերժ Սարգսյանը շատ է ցանկանում վարչապետ դառնալ, նշանակում է պետք է այս խորհրդարանը ցրի, նոր խորհրդարանական ընտրություններ հայտարարի, դրա քարոզարշավին անձամբ մասնակցի, գլխավորի ՀՀԿ-ի ցուցակը, հաղթի, անհրաժեշտ մանդատներ ստանա, ու խնդրեմ. այդ դեպքում բան ասող չի լինի։ Իսկ այսպես ստացվում է, որ Սերժ Սարգսյանը պարզապես յուրացնելու է, զավթելու է Կարեն Կարապետյանի կամ Վիգեն Սարգսյանի համար նախատեսված պաշտոնը։ Իբր մի շատ լեգիտիմ էին, հիմա էլ ավելի են ծանրացնում իրավիճակը Հայաստանում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30