18.03.2014 18:09 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կուտ կտի հետեւից

Կուտակային հեքիաթներ

Կուտակային հեքիաթներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ու փոքր-ինչ բացել փակագծերը` փորձելով ցույց տալ, թե ինչ լավ բան է դա։ Արդյունքում, ինչպես միշտ, անհարմար բան է ստացվել։ Պարզապես ելույթը հնչել է Կոտայքի մարզպետարանում, ներկաներն էլ գլուխները տմբտմբացրել են ու ավելորդ հարցեր չեն տվել։

Լավ, ի՞նչ է ասել Տիգրան Սարգսյանը։ Նախ` ասել է, որ աշխարհի բոլոր երկրները, որտեղ տեղի է ունենում բնակչության ծերացում, բախվում են այս խնդրին, եւ հարցի լուծման միակ ձեւը կուտակային համակարգն է։ Ափսոս` չի ասել, թե ինչու է Հայաստանի բնակչությունը ծերանում։ Արեւմտյան Եվրոպայում, օրինակ, բնակչության ծերացման պատճառները բոլորովին այլ են։ Հայաստանում մարդիկ երեխա չեն ունենում, որովհետեւ ի վիճակի չեն լինելու պահել, երիտասարդներն էլ արտագաղթում են, այնպես որ` «աշխարհի բոլոր երկրների» հետ համեմատությունը տեղին չէ։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք ու անցնենք առաջ։ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե այն պահին, երբ քաղաքացին անցնում է թոշակի, նրա թոշակը չպետք է ավելի ցածր լինի, քան թոշակի անցնելու ընթացքում իր եկամտի 40 տոկոսը, իսկ այդ ցուցանիշն ապահովելու համար քաղաքացին իր աշխատանքային կենսագրության ընթացքում պետք է կուտակի իր եկամտի առնվազն 10 տոկոսը։ Հիմա բացատրենք, թե ինչ է նշանակում սա։ Հայաստանում հիմա մոտավորապես հենց այդ վիճակն է։ Միջին աշխատավարձը 130-140 հազար դրամ է, բոլոր հարկերը հանած` մոտ 100 հազար։ Թոշակն էլ մոտ 40 հազար է` դրա 40 տոկոսը։ Սա, իհարկե, խայտառակ վիճակ է, որովհետեւ ոչ այդ աշխատավարձով է հնարավոր գոյատեւել, ոչ էլ, առավել եւս, թոշակով։ Եվ ահա վարչապետը հայտարարում է, թե եթե ուզում ենք, որ հետագայում նույնպես գոնե այս խայտառակ վիճակը պահպանվի, պիտի այսօրվանից կուտակենք, թե չէ` սա է՛լ չի լինի։ Այսինքն` ապահով ծերության մասին խոսք չկա, լավագույն դեպքում խոսքը թոշակառուներին մի կտոր չոր հացով ապահովելու մասին է, ընդ որում` այդ մի կտոր չոր հացի փողը քաղաքացին ինքը պիտի կուտակի 30 տարի շարունակ։

Հիմա անցնենք հաջորդ հեքիաթին։ Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ խնայողությունների մի մասը տեղաբաշխվելու է Հայաստանում` հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիպոթեկային ակտիվների մեջ, իսկ դա նշանակում է, որ այսօրվա երիտասարդը կկարողանա ձեռք բերել բնակարան եւ դրա համար վճարել 35 տարվա ընթացքում։ Թե սովորաբար ինչ է տեղի ունենում, երբ այս իշխանությունները սկսում են մտածել երիտասարդների մասին` բոլորիս է հայտնի, բայց մի պահ ենթադրենք, թե հավատում ենք այս հեքիաթին։ Ասենք` 25-ամյա երիտասարդը 35 տարով հիպոթեկային վարկ է վերցնում` տարեկան 10 տոկոսով (դրանից պակաս հաստատ չի ստացվի, որովհետեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում շատ բարձր է)։ Այդ վարկով նա ձեռք է բերում երկու սենյականոց բնակարան` 50 հազար դոլար արժողությամբ։ 35 տարվա ընթացքում այդ մարդը 50 հազարանոց բնակարանի համար վճարելու է ուղիղ 4,5 անգամ ավելի շատ` 225 հազար դոլար։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ 25-ամյա երիտասարդը 35 տարի շարունակ (գործնականում` ամբողջ կյանքը) պիտի ամեն ամիս վճարի 230 հազար դրամ։ Հետաքրքիր է` ամսական ինչքա՞ն պիտի վաստակի, որ ամեն ամիս այդքան վճարի, տակն էլ ապրելու փող մնա, եւ Հայաստանում քանի՞ այդպիսի մարդ կգտնվի։ Եվ հետո` ո՞ր ապուշը 35 տարի շարունակ ամսական 230 հազար դրամ կվճարի, եթե կարող է ամսական 60-70 հազարով վարձով ապրել, ընդ որում` այդ դեպքում գումարը կբավականացնի 110-120 տարի։ Ո՞ւմ է հիմարի տեղ դնում Տիգրան Սարգսյանը։ Թե՞ իրեն թվում է` միայն ինքը հաշվել գիտի, ու միայն ինքն է հասկանում, թե ինչպես կարելի է երիտասարդներից զոռով փող վերցնել, հետո այդ փողը տոկոսով տալ այդ նույն երիտասարդներին, ու դա անել այնպես, որ բանկերն ու շինարարական կազմակերպությունները գերշահույթներ ստանան, իսկ պատասխանատվությունն ընկնի հաջորդ իշխանությունների վրա։

Ի դեպ` Տիգրան Սարգսյանը վստահեցնում է նաեւ, թե այդ խնայողությունները շատ հուսալի են եւ համաշխարհային ճգնաժամի դեպքում չեն փոշիանա, կփոշիանան միայն համաշխարհային կոլապսի դեպքում։ Հոյակապ ձեւակերպում է։ Մի օր էլ հեռուստացույցը կմիացնենք, ու հաղորդավարը դեմքի մեռելային արտահայտությամբ կտեղեկացնի, որ համաշխարհային կոլապս է տեղի ունեցել. Սաշիկը գնացել է կազինո։ Կարծում եք` նման բան հնարավոր չէ՞։ Սահմանադրական դատարանը շատ արագ հակառակը կապացուցի։ Եվ նույնիսկ հատուկ որոշմամբ կկշտամբի Սաշիկին։ Եվ ի՞նչ. ո՞ւմ ենք բողոքելու։ Այնպես որ` Տիգրան Սարգսյանն ու կառավարության անդամները թող գնան ու այս հեքիաթները, Գալուստ Սահակյանի ասած, իրենց հոր բոստաններում պատմեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30