09.02.2018 06:32 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Օձն իր պորտով

Դռնփակ

Դռնփակ

Քանի դեռ հնարավորություն կա հետեւելու Սերժ Սարգսյանի, վարչապետի ու կառավարության գործունեությանը` վայելենք։ Վաղը դա չի լինելու այլեւս։ Երբ երկիրը կանցնի խորհրդարանական կառավարման, երբ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, կլինեն առաջին փոխվարչապետ եւ երկու փոխվարչապետներ, օձն իր պորտով, հավքն իր թեւով չի իմանա, թե ինչի մասին խոսեցին նրանք կառավարության նիստերին, ինչ քննարկեցին եւ վերջապես ինչ որոշեցին։

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ կետն ասում է` «Կառավարության նիստերը դռնփակ են։ Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց», իսկ 17-րդում` «Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին»։

Սա մի օրինագիծ է, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, իսկ ժողովրդավարությունը ենթադրում է խոսքի ազատություն, տեղեկացված լինելու իրավունք, հասարակական ներգրավվածություն պետական կառավարման գործընթացին եւ այլն։

Այսինքն, այս օրինագիծը տեղով իրավական կազուս է։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Իրականում, այս օրինագիծը մտածված է լրագրողների հեղինակության, անվտանգության, կյանքի եւ առողջության համար։ Ո'չ կիմանան, ո'չ կգրեն, ո'չ ավել-պակաս հարցեր կտան` դրանից բխող դրական արդյունքներով` ո'չ ծեծ ու հրմշտոց կլինի, ո'չ սպառնալիքներ, ո'չ լավամարդ կդառնան, ո'չ վատամարդ։ Համ էլ երիտասարդ կմնան, որովհետեւ ինչքան շատ իմանան, այնքան շուտ կծերանան։ Մանավանդ որ մինչեւ օրինագծի հաստատումը, երբ  լրագրողները` իբրեւ չորրորդ իշխանության ներկայացուցիչներ, ներկա գտնվելով կառավարության նիստերի քննարկմանը, երբեւէ կարողացե՞լ են փոխել որեւէ նախագծի կամ որոշման հունը։ Չեն կարողացել։ Չի եղել նման դեպք, երբ ՀՀ-ում լրագրողական համայնքի դիրքորոշումը, մեդիայի տեղեկատվական եւ վերլուծական-քննադատական բովանդակությունը շրջադարձային դեր կատարի իշխանական նախագծի համար։ Հասարակությունն ընդամենը տեղեկացված է եղել, թե ինչ են քննարկում, ով ում ինչ ասաց, որ նախարարն ինչպես խուսափեց հարցից կամ ինչ դուրս տվեց։ Դրանից պատռվե՞ց նախարարների դիմակը, քաղաքացիները, տեղեկացված լինելով քննարկվելիք-որոշվելիքից, կարողացա՞ն հանրային մասնակցություն ապահովել եւ իշխանական որոշմանը հակադրելով քաղաքացիական հասարակության կամքն ու տեսակետը` հասնել որեւէ հաջողության։ Չի եղել նման դեպք։ Եվ դա օրինաչափ է բռնապետական երկրներում։ Այնպես որ, օրենքի այս նախագիծը իրադարձություն չէ, կեցվածք է։ Ընդ որում, բավական հայտնի, ծանոթ կեցվածք` Սերժիկը օզում չի։ Եվ վերջ։  

Նախագծի քննարկումը կարելի էր այդպես էլ ավարտել։ Բայց հանրապետական կուսակցությունը հենց նրա համար է, որպեսզի երկար-բարակ պարզաբանի «Սերժիկը օզում չի» օբյեկտիվ իրականությունը, պարզ ճշմարտությունը։

«Եթե դուք ձեր ընտանիքում, ձեր տիկնոջ հետ վիճեք, մի այլ բան է, եթե ներկա լինի այլ մարդ, ձեր վեճը կստանա այլ երանգ»,- այսպես է մեկնել Սերժ Սարգսյանի կամքը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Այսպիսի պարզաբանումը կառավարական նոր «ընտանիքի», ավելի կոնկրետ` վարչապետի, փոխվարչապետների եւ նախարարների առատության հանգամանքը հաշվի առնելով` հարեմի հիերարխիայի հետ կապված հարցեր է ծնում, եւ դա միանգամայն առողջ է ու բնական արդարադատության նախարարի մեկնաբանության համատեքստում, բայց, համաձայնեք, պատասխանելու ենթակա չէ։ Հարեմը, հասկանում եք, նուրբ հարց է։ Այն չի ենթադրում մեդիայի եւ քաղհասարակության որեւէ տեսակի մասնակցություն։

Մեդիան եւ քաղհասարակությունը, անշուշտ, կարող են բովանդակային ու հնչեղ քննարկումներով, բողոքի ակցիաներով ու պիկետներով դիմադրել այս նախագծին, որը միայն մեդիային ուղղված խոսքի ազատության սահմանափակման սպառնալիք չէ, այլեւ ՀՀ քաղաքացու` տեղեկացված լինելու իրավունքի։ Մեդիան բովանդակային առումով բարեխղճորեն կատարում է այս նախագծի պատճառահետեւանքային կապը, կործանարար հետեւանքները վերլուծելու եւ քննադատելու գործառույթը։ Հասարակական ակտիվն էլ բարեխղճորեն աջակցում է մեդիային այս գործում։ Բայց դրանից խոսքի ազատությունը կամ տեղեկացված լինելու իրավունքը չեն շահում։ Չի երեւում այդ պայքարի հաջողության ուրվականը։ Մեդիայի եւ հասարակության դիմադրությունը մարտունակ չէ մեկ «օզում չեմ»-ին։       

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30