27.08.2015 19:04 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ազատ անկում

Դրամի արժեզրկման շահառուները

Դրամի արժեզրկման շահառուները

Գրեթե առանց բացառության բոլոր տնտեսագետները վստահ են, որ առաջիկայում հայկական դրամը կտրուկ արժեզրկվելու է։ Նույնիսկ կոնկրետ թվեր են նշվում` 550 դրամ, 600 դրամ եւ այլն (մեկ դոլարի դիմաց)։ Ընդ որում` պատճառներն ամենայն մանրամասնությամբ նշվում են, իսկ ահա հետեւանքների մասին գերադասում են չխոսել։

Սկսենք ամենակարեւոր հարցից` լա՞վ է, թե՞ վատ դրամի արժեզրկումը։ Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանն, օրինակ, ժամանակին այդպիսի մի տրյուկ արեցին եւ հինգ տարվա ընթացքում արհեստականորեն արժեւորեցին դրամը` դոլարի փոխարժեքը 580-ից իջեցնելով 305-ի։ Արդյունքում տնտեսության հերն անիծվեց, ու ամբողջ երկիրը բառիս բուն իմաստով նստեց արտաքին տրանսֆերտների «ասեղի վրա», բայց արտաքուստ ամեն ինչ լավ էր` երկնիշ աճի թվեր էին նկարվում, Երեւանում շենքեր էին կառուցվում (որոնց մեծ մասն առ այսօր դատարկ է) եւ այլն։ Այն ժամանակ տնտեսագետներն իրենց կոտորում էին` բացատրելով, որ այդպես չի կարելի, այդ փուչիկը վաղ թե ուշ պայթելու է, հակառակը` պետք է արժեզրկել դրամը, որպեսզի արտահանումը ձեռնտու լինի, եւ իրական տնտեսությունը զարգանա, բայց բանի տեղ դնող չկար։

Բայց արդյո՞ք հիմա վիճակը նույնն է, եւ եթե դրամն արժեզրկվի` արտահանող տնտեսությունը զարգանալու է։ Ամբողջ խնդիրն այն է, որ հիմա Հայաստանը բոլորովին այլ իրավիճակում է, ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ է, իսկ դա շատ բան է փոխում։ Հասկանալի է, որ հայկական դրամի արժեզրկման հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի տնտեսության ծանր վիճակն է ու ռուբլու կատաստրոֆիկ արժեզրկումը, բայց տեսեք` Ղազախստանի իշխանությունները կարծես թե սեփական նախաձեռնությամբ բռնեցին ու 35 տոկոսով արժեզրկեցին իրենց տենգեն, որովհետեւ ռուսական էժան ապրանքները հեղեղել էին իրենց շուկան։ Իսկ Հայաստանին այդ վտանգը չի սպառնում` Հայաստանը երբեք չի հեղեղվի «ռուսական էժան ապրանքներով»։ Գազն ու բենզինը միայն թանկանում են (որովհետեւ գինը դոլարով է հաշվարկվում), օղին չի էժանանում (թեեւ ռուբլին 2,3 անգամ արժեզրկվել է), իսկ ռուսական այլ ապրանքներ Հայաստան չեն մտնում։ Այսինքն` այս իմաստով դրամի արժեզրկումը մեզ ոչ մի օգուտ չի տա։ Հակառակը` հենց որ դրամը մի քիչ արժեզրկվի, ռուսական ընկերություններն իսկույն աղմուկ կբարձրացնեն եւ կպահանջեն բնակչության համար թանկացնել գազն ու էլեկտրաէներգիան։

Իսկ գուցե արտահանման առումո՞վ է ձեռնտու դրամի արժեզրկումը։ Տեսականորեն` այո։ Բայց «Հայաստանի առջեւ բացված 170 միլիոնանոց շուկայում» գերիշխում է ռուբլին, որը վերջին մեկ տարում 2,3 անգամ արժեզրկվել է, ու որպեսզի մեզ ձեռնտու լինի դեպի այդ շուկա ինչ-որ բան արտահանելը` դրամը նույնպես պիտի այդքան արժեզրկվի (այսինքն` դոլարի փոխարժեքը հասնի 900-ի)։ Իսկ դա կատաստրոֆիկ հետեւանքներ կունենա սոցիալապես անապահով խավերի եւ բյուջետային հիմնարկների աշխատողների համար (որովհետեւ կստացվի, որ նրանք ամսական 40-50 դոլար են ստանում)։ Այլ կերպ ասած` այս առումով նույնպես դրամի արժեզրկումը ոչ մի դրական արդյունք չի տա. եթե լյարդն արդեն չկա` «Բորժոմի» խմելու համար արդեն ուշ է։

Մի խոսքով` որ կողմից էլ նայում ենք, դրամի արժեզրկումը միայն բացասական հետեւանքներ է ունենալու։ Տեսականորեն դրանից կարող էին օգտվել միայն արտասահմանից ստացվող տրանսֆերտներով ապրողները, բայց տրանսֆերտների մեծ մասը Ռուսաստանից է գալիս, ընդ որում` ռուբլով, այնպես որ` նրանք «էն գլխից տուժած են», այդտեղից «քյար չկա»։

Իշխանություններն, իհարկե, հասկանում են, որ դրամի` շատերի կարծիքով անխուսափելի արժեզրկումը կտրուկ վատացնելու է բնակչության սոցիալական վիճակը, եւ դոլարային գաղտնի կամ բացահայտ ինտերվենցիաներով փորձում են մեղմել «գործընթացը»։ Դա, իհարկե, հասկանալի է` խուճապ թույլ տալ չի կարելի։ Բայց հանկարծ այնպես չստացվի, որ պետության պահուստները «դրամի կայունացման» անվան տակ փոշիացվեն, ու փոխարժեքը, միեւնույն է, փլուզվի։ Տիգրան Սարգսյանն այդ տրյուկը մի անգամ արել է` արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ու վերջինս կարող է հավանած լինել դրա հետեւանքները (անձամբ իր համար)։ Ու չի բացառվում, որ ցանկանա «կրկնել»։ Չէ՞ որ առջեւում, միեւնույն է, ընտրություններ չկան, հանրաքվեում տոկոս խփելու հարցը կարելի է համարյա լուծված համարել, համաշխարհային մամուլն էլ նոր ճգնաժամի մասին է խոսում։ Իդեալական պահ` եւս մի քանի հարյուր միլիոն թռցնելու համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30