01.09.2017 09:25 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նորմալ պետության խոչընդոտը

Սերժ Սարգսյանի գործիքակազմը

Սերժ Սարգսյանի գործիքակազմը

Հայաստանի քաղաքական դաշտում այսօր թվացյալ անդորր է՝ այնպիսի տպավորություն է, թե բացարձակապես ոչինչ տեղի չի ունենում, եւ քաղաքական գործիչները սպասում են կամ որեւէ էլիտար հարսանիքի, որ խմեն Սերժ Ազատիչի կենացը, կամ որեւէ հրդեհի, որ գնան դրա ֆոնին սելֆի անեն։ Իրականում իշխանական համակարգի ներսում շատ լուրջ խորքային պայքար է ընթանում, որտեղ, կարելի է ասել, բոլորը կռվում են բոլորի դեմ։ Եւ այդ կռվում լավագույնը Սերժ Սարգսյանի սպառազինությունն է կամ՝ գործիքակազմը։

Գործիքակազմն իսկապես բազմազան է. հսկայական ֆինանսական ռեսուրսներ, հլու-հնազանդ կուսակցություն, հլու-հնազանդ օլիգարխներ, լրատվամիջոցներ (դրանք առավելապես գտնվում են Միշիկի վերահսկողության ներքո), Դաշնակցություն, «Ելք» դաշինք, «Ծառուկյան» դաշինք, ուժային կառույցներ եւ այլն։ Ու թեեւ նպատակը նույնն է՝ ապահովել Սերժ Սարգսյանի անխռով վարչապետությունը 2018-ից հետո, բայց «գործիքների» ֆունկցիաները տարբեր են, ու բնականաբար՝ նրանց միջեւ նաեւ որոշակի մրցակցություն կա։

  Կուսակցությունն, օրինակ, նախատեսված է խորհրդարանում կոճակ սեղմելու եւ ապրիլին Սերժ Սարգսյանին վարչապետ «ընտրելու» համար, միշիկական լրատվամիջոցները նախատեսված են իբր ընդդիմադիր դիրքերից հանդես գալու, բայց իրականում ամեն առիթով պատասխանատվությունը Սերժ Սարգսյանից հեռացնելու եւ, օրինակ, կառավարության վրա բարդելու համար, եւ այլն։ Դաշնակցությունն ակնհայտորեն երկու ֆունկցիա ունի. կառավարության ներսում զսպել Կարեն Կարապետյանի հավակնությունները (որ բարդույթավորվի եւ իրեն լիարժեք վարչապետ չզգա), եւ երկրորդ՝ ապահովել Սփյուռքի «հայրենանվեր շրջանակներու» աջակցությունը (նրանք հաջողացրել են Սերժ Սարգսյանին համոզել, թե իբր Սփյուռքում մեծ ազդեցություն ունեն)։ 

Նույնքան բազմաֆունկցիոնալ է նաեւ «Ելք» դաշինքը։ Արամ Սարգսյանը նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի դեմ խոսելու համար, Նիկոլ Փաշինյանը նրա համար է, որ արմատական ընդդիմությանը վերջնականապես դուրս մղի դաշտից եւ հնարավոր զարգացումները տանի Սերժ Սարգսյանի համար կանխատեսելի հունով («ստրախովկայի» դերում՝ Սասուն Միքայելյան), Էդմոն Մարուքյանն էլ նրա համար է, որ անհրաժեշտության դեպքում «պատռի Նիկոլ Փաշինյանի դիմակը» (օրինակ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց բարձրացնելով)։ Իսկ ահա «Ծառուկյան» դաշինքը, մեծ հաշվով, այլեւս որեւէ լուրջ ֆունկցիա չունի (սոցիալական բողոքի մանր-մունր օջախները մարելուց բացի)։

Հարց է ծագում՝ ո՞ւմ դեմ է առաջին հերթին կիրառվելու այս գործիքակազմը։ Մշտական թիրախը հասարակությունն է, ժամանակավոր թիրախը՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը։ Հենց երկու թիրախների առկայությունն է պատճառը, որ Սերժ Սարգսյանն իր զինանոցը միշտ կազմ ու պատրաստ է պահում։ Այսինքն՝ եթե անգամ Կարեն Կարապետյանի հարցերը վերջնականապես լուծվեն, եւ նա համակերպվի շիրմայի դերին (ինչն ի սկզբանե նախատեսել էր Սերժ Սարգսյանը), միեւնույն է՝ ինչ-որ պահի կարող է հայտնվել որեւէ քաղաքական ուժ, որը կփորձի սպասարկել հասարակության՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջը։ Իսկ այդ դեպքում Սերժ Սարգսյանի զինանոցը հաստստ պետք կգա։ Որպեսզի ստիպված չլինի դիմել ուժային կառույցներին։

Այնպես որ՝ հասարակությունը պիտի հասկանա, թե ինչ լուրջ խոչընդոտներ կան նորմալ պետություն ունենալու ճանապարհին, եւ ինչի դեմ է ստիպված լինելու պայքարել, եթե ինչ-որ պահից սկսած արտագաղթի փոխարեն ընտրի պայքարի ուղին։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30