06.04.2012 19:50 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քվե առնեմ դոլարով

Ընտրությունների բիզնես-ծրագիրը

Ընտրությունների բիզնես-ծրագիրը

Ցանկացած ընտրություն մեզանում վերածվում է սովորական առեւտրի, որտեղ մարդիկ վաճառում են իրենց ձայնը, քաղաքական ուժերը` գնում։ Խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ, բայց ձայների առքուվաճառքն այնուամենայնիվ շատ տարածված է։ Իսկ ցանկացած բիզնես ունի իր կանոններն ու տրամաբանությունը, հետեւաբար` ճիշտ կլինի, եթե «կողմերը» գործարք կնքելուց առաջ հստակ պատկերացում կազմեն, թե ինչի մասին է խոսքը։

Սկսենք գնորդներից։ Ցանկացած ընտրություն իշխանությունների համար սովորական բիզնես է, որտեղ նրանք ներդրումներ են կատարում եւ շահույթ ակնկալում։ Մեխանիզմը պարզ է. տվեցիր ընտրակաշառք-ստացար ձայներ-ունեցար իշխանություն-թալանեցիր երկիրը-շահույթ ստացար։ Ընդ որում` ներդրումը կատարվում է «միանվագ», իսկ բիզնես-ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար։ Հարց է ծագում` որքա՞ն շահույթ է ակնկալվում այդ հինգ տարիների ընթացքում (ցանկացած ներդրողի առաջին հերթին դա է հետաքրքրում)։ Ամենահամեստ հաշվարկներով` իշխանությունները տարեկան մոտավորապես մեկ միլիարդ դոլար են «աշխատում» (բոլորը միասին)։ Տվյալ դեպքում էական չէ` այդ գումարը Հայաստանում  շրջանառության մե՞ջ են դնում, թե՞ դուրս են բերում երկրից։ Կարեւորը` որ շահույթն այդքան է։ Հինգ տարվա ընթացքում դա կազմում է հինգ միլիարդ դոլար։ Հայաստանում բիզնեսի միջին շահութաբերությունը տարեկան 20-25 տոկոս է, այսինքն` ցանկացած այլ բիզնեսով հինգ տարում հինգ միլիարդ աշխատելու համար պետք է ներդնել 3 միլիարդ. դրանից ավելին ներդնելը «ձեռ չի տալիս»։

Հիմա անդրադառնանք ընտրություններին։ Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունները բոլորին կաշառելու կարիքը չունեն։ Ընտրություններին մասնակցում է մոտավորապես մեկ միլիոն մարդ, որոնցից մի հարյուր հազարը, ոնց էլ լինի, միամիտ-միամիտ «իրենց խոդով» ձայն են տալիս իշխանություններին, մի 400 հազար էլ իշխանությունները նկարում են։ Ընդհանուր գումարը ստացվեց 1,4 միլիոն։ Իրենց պետք է առնվազն 800 հազար ձայն, հետեւաբար` 300 հազար  հոգու կաշառելը լրիվ հերիք է։ Ահա եւ ստացվում է, որ պետք է կաշառել 300 հազար հոգու (նույնն է, թե ներդնել 3 միլիարդ դոլար) եւ ստանալ 5 միլիարդ դոլարի եկամուտ։ Այսինքն` մեկ քվեի «շուկայական արժեքը»  10 հազար դոլար է։ Պարզ ասած` եթե նորմալ, հրապարակային աճուրդ լիներ, մեկ քվեի արժեքը կհասներ 10 հազար դոլարի (11 հազարն արդեն բիզնեսի տեսանկյունից ձեռնտու չէր լինի)։

Ինչո՞ւ ենք ասում այս ամենը։ Որովհետեւ գնորդները շատ լավ գիտեն այս թվաբանությունը, վաճառողնե՛րը չգիտեն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ «շուկան» սպեցիֆիկ է, «հանրային իրազեկում» էլ, որպես այդպիսին, չկա։ Տեսեք. գյուղացին, օրինակ, երբ իր աճեցրած պոմիդորը կամ խաղողը տանում է շուկա, նախապես ճշտում է իր ապրանքի շուկայական արժեքը։ Ճիշտ է, մեկ-մեկ էլ այդ արժեքից էժան է վաճառում (որ հանկարծ «ապրանքը վրան չմնա»), բայց հաստատ հազարապատիկ էժան չի վաճառում։ Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ ձայն վաճառողներն իրենց շահերը պաշտպանելու մեխանիզմներ չունեն։ Խաղողագործների միություն` կա, այգեգործների ասոցիացիա` կա, իսկ ձայն վաճառողների արհմիություն չկա։ Իշխանություններն էլ օգտվում են դրանից եւ չնչին կոպեկներով գնում ձայները։ Մենք, իհարկե, կոչ չենք անում ավելի շատ ընտրակաշառք պահանջել։ Ճիշտ հակառակը` պետք է ընդհանրապես հրաժարվել դրանից։ Գյուղացին գիտի, չէ՞, որ խաղողի կիլոգրամն արժե 130 դրամ։ Հետաքրքիր է` եթե նրանից պահանջեին խաղողը հանձնել կիլոգրամը կես դրամով, նա կհամաձայնվե՞ր։ Հաստատ կգերադասեր ուղղակի թափել խաղողը։ Նույնն էլ այս դեպքում է պետք անել։ Ուշադրություն դարձրեք` խաղող մթերողները գուցե նույնիսկ մի տարի դիմանան այդ բոյկոտին, բայց իշխանություններն ընտրությունների դեպքում հաստատ չեն դիմանա։

Ի դեպ, 90-ականներին մոտավորապես նույն վիճակն էր վաուչերների շուկայում։ Հիշո՞ւմ եք, դրանց անվանական արժեքը 20 հազար դրամ էր, բայց շուկայում վաճառվում էր 5-6 հազարով։ Հետո որքան ժամկետի ավարտը մոտեցավ, այնքան դրանք թանկացան, եւ վերջին ամիսներին 18-19 հազարով էին վաճառվում։ Նույնն էլ ընտրակաշառքի «դրույքաչափի» դեպքում է լինելու, մանավանդ որ անվանական արժեքն այստեղ շատ ավելի մեծ է, ժամկետները` շատ ավելի սահմանափակ։

Մի խոսքով, ճիշտն, իհարկե, ոչ մի դեպքում քվեն չվաճառելն է։ Բայց եթե այնուամենայնիվ ձեր իսկ ապագան սովորական ապրանք եք համարում, գոնե պիտի իմանաք դրա շուկայական արժեքը։ Մի անհանգստացեք, կվճարեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30