26.05.2017 05:41 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Էդ ո՞նց

Դեպի 4 միլիոնանոց Հայաստան

Դեպի 4 միլիոնանոց Հայաստան

Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում հայտարարեց, թե պետք է հասնել նրան, որ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը հասնի առնվազն 4 միլիոնի, ու արդեն քանի օր է` ով չի ալարում, հայտարարում է, թե դա միանգամայն իրատեսական է։

Բայց Սերժ Սարգսյանը նաեւ կոնկրետ (իր կարծիքով) քայլեր է նշել։ «Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1. արտագաղթի դադարեցում, 2. ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում, 3. արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում», ասել է նա։ Առաջին երկու կետերն իսկապես մտքի հանճարեղ փայլատակումներ են։ Բանից պարզվում է` որպեսզի բնակչության թիվը ավելանա, պիտի արտագաղթը դադարի։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Ավելին` պիտի ավելի շատ մարդ ծնվի եւ ավելի քիչ մարդ մահանա։ Նույն հաջողությամբ նա կարող էր հայտարարել, օրինակ, որ եթե ֆուտբոլային թիմն ուզում է հաղթել` պիտի ավելի շատ գոլ խփի, քան ընդունի սեփական դարպասը։ Եվ դա իսկապես այդպես է, պարզապես հազիվ թե որեւէ մարզիչ դեմքի լրջագույն արտահայտությամբ նման բան հայտարարի ու համարի, որ վերջ, հանճարեղ լուծումը գտնված է։

Լավ, ենթադրենք` իսկապես էլ որեւէ մեկը գլխի չէր ընկել, որ բնակչության աճի համար անհրաժեշտ է կասեցնել արտագաղթը եւ խթանել ծնելիությունը, բայց ահա Սերժ Սարգսյանը լուծումը գտավ, բոլորի աչքերը միանգամից բացվեցին, ու հիմա աշխատելու են այդ ուղղությամբ։ Բայց ինչպե՞ս։ Պաշտոնական տվյալների համաձայն` Սերժ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 400 հազար մարդ։ Հիմա հարց է ծագում` ի՞նչը պիտի փոխվի, որ արտագաղթի փոխարեն ներգաղթ սկսվի, ծնելիությունը բարձրանա, կյանքի տեւողությունն էլ մեծանա։ Քննարկենք կետ առ կետ։

1. Արտագաղթ։ Մարդիկ Հայաստանից արտագաղթել եւ արտագաղթում են, որովհետեւ աշխատանք չկա, աշխատավարձերը շատ ցածր են, կյանքը թանկ է, բիզնես ծավալելու հնարավորություն չկա, որովհետեւ վարկերի տոկոսներն ահավոր բարձր են, բիզնեսի շահութաբեր ոլորտները վաղուց մեջ-մեջ են արել օլիգարխները եւ ոչ մեկին մոտ չեն թողնում, ու այդ ամենին էլ գումարվում է պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքը։ Հիմա այս կետերից ո՞ր մեկի դեպքում է դրական տեղաշարժ նկատվում։ Աշխատատեղերն ավելանո՞ւմ են, թե պակասում։ Պակասում են (համատարած օպտիմալացում է)։ Աշխատավարձերն ավելանո՞ւմ են, թե պակասում։ Պակասում են (անգամ պաշտոնական տվյալներով)։ Կյանքը թանկանո՞ւմ է, թե էժանանում։ Վերջին չորս ամիսներին սննդամթերքը թանկացել է մոտ 6 տոկոսով։ Օլիգարխները հրաժարվե՞լ են իրենց մենաշնորհներից։ Ճիշտ հակառակը` ընտրություններում ՀՀԿ-ի համար ձայներ բերածները նորանոր ոլորտներ են նվաճում ու դուրս մղում «պատահական մարդկանց»։ Պատերազմի վերսկսման հավանականությունը վերջին տարիներին մեծացե՞լ է, թե փոքրացել։ Կտրուկ մեծացել է, եւ դա արձանագրում են անգամ միջազգային կառույցները։ Այսինքն` արտագաղթի բոլոր հիմնական պատճառները միայն ավելի են խորացել, հետեւաբար` արտագաղթի կասեցման որեւէ իրական նախադրյալ չկա։

2. Ծնելիության աճ։ Այս ցուցանիշը Հայաստանում ցածր է ոչ թե այն պատճառով, որ երիտասարդ ընտանիքները երեխա ունենալու ձեւը չգիտեն, այլ որովհետեւ երեխա պահելը չափազանց դժվար է, իսկ պետական աջակցություն համարյա չկա։ Ինչ-որ բան փոխվե՞լ է այս ոլորտում։ Այո, ինչ-որ փոփոխություններ եղել են, բայց` ոչ էական։

3. Կյանքի տեւողության երկարացում։ Գուցե աշխատավարձերը նվազում են, կյանքը թանկանում է, բայց մարդիկ սկսել են ավելի լա՞վ սնվել։ Կամ գուցե առողջապահության որա՞կն է կտրուկ բարձրացել, ու գներն էլ ավելի մատչելի՞ են դարձել։ Չկա այդպիսի բան, հետեւաբար` չկան նաեւ կյանքի միջին տեւողության բարձրացման նախադրյալներ։

Եվ ուշադրություն դարձրեք` բոլոր կետերի համար առանձին-առանձին հստակ պատասխանատվություն են կրում հենց Հայաստանի իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Այսինքն` ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ասածը հետեւյալն է. «մինչեւ հիմա մենք այնպես են աշխատել, որ երկիրը դատարկվել է, բայց սրանից հետո պիտի հակառակը անենք»։ Որեւէ մեկը հավատո՞ւմ է դրան (հանրապետականներից ու Արծվիկ Մինասյանից բացի)։ Այսինքն` հավատո՞ւմ է, որ Հայաստանը նորմալ իշխանություններ է ունենալու։

Հավատում են միայն նրանք, ովքեր դեռ իշխանափոխության հնարավորություն են տեսնում։ Իսկ այդպիսիք արդեն շատ քիչ են։ Կամ համակերպվել են, կամ արտագաղթել։ Որպեսզի հեռվից համացանցով հետեւեն, թե ոնց է Հայաստանի բնակչությունը դառնալու 4 միլիոն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30