05.10.2012 17:05 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Թեժ աշուն

Պատգամավորները քննարկեցին Օսկանյանի գործը. Հանձնե՞լ, թե՞ չհանձնել

Ազգային ժողովում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը երեկ բուռն քննարկումների առիթ է դարձել։ Վարդան Օսկանյանը ելույթ է ունեցել, ասել, որ փողերի լվացման մեղադրանքն անհիմն է, մյուս խմբակցությունների պատգամավորներն էլ հակադիր ելույթներ են ունեցել։ Օսկանյանը մասնավորապես ասել է, որ Հանթսմանի կողմից ուղարկված գումարն ամբողջությամբ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին, եւ տրված գումարն ու փոխանցվածը, կոպեկ առ կոպեկ, հավասար են մայր գումարին եւ տոկոսներին։

«Պարոն դատախազ, փողը կա, բողոք չկա։ Ոչ միայն բողոք չկա, այլեւ հակառակի պնդումը կա. Հանթսմանն ասում է՝ հենց այդպես էլ պետք է լինի, մենք այդպես ենք ուզել։ «Սիվիլիթաս» հիմնադրամն ու խորհուրդն էլ ասում են՝ այդպես էլ պետք է լիներ։ Ի՞նչ հարց կա։ Ես կարծում եմ, որ սա փոթորիկ չէ ոչ թե մի փոքր բաժակի մեջ, սա նույնիսկ փոթորիկ չէ մատնոցի մեջ։  Մենք մեր երկրի խնդիրները թողած՝ էս հարցերո՞վ պիտի զբաղվենք, իսկապես սա՞ են մեր խնդիրները։ Սա՞ է՝ տասը տարվա արտգործնախարարին բերել այստեղ եւ նման հարցադրումներ տալ»,- հայտարարել է Օսկանյանը` հավելելով, որ «կարծես վերադարձել ենք 37 թվական եւ գործում ենք ստալինյան սկզբունքով»։

Նա նաեւ հավելել է, որ սա քաղաքական պատվեր է՝ ուղղված ոչ միայն իր, այլ նաեւ ԲՀԿ-ի դեմ։ Պատասխանելով Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` մարտի 1-ին իր մասնակցության հարցին` Օսկանյանն ասել է, թե ինքը 2008-ի մարտի 1-ին, իհարկե, թերություններ ու սխալներ ունեցել է, սակայն, Օսկանյանի խոսքով, ինքն այդ օրը գլխավոր մեկ նպատակ է հետապնդել՝ «կանխել 10 զոհերի սպանությունը»։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ միջնորդությունը ոչ մի իրավաբանական հիմնավորում չունի, պարզ է, որ իր մեջ պարունակում է բացառապես քաղաքական կոմպոնենտ՝ ուղղված ոչ միայն ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, այլ նաեւ ԲՀԿ կուսակցությանը։ «Կրկնում եմ, ԲՀԿ-ի հետ ոչ ոք չի կարող իրեն իրավունք վերապահել խոսել քաղաքական պատվերի ու հաշվեհարդարի լեզվով, կարճ ասած՝ մեր խմբակցությունը քննարկումից հետո չի մասնակցելու այս քառօրյայի մնացած որեւէ քննարկման, իսկ մեր պատգամավորների ելույթներից հետո մենք կլքենք նիստերի դահլիճը։ Մեր մասնակցությունը ԱԺ-ի հետագա աշխատանքներին կքննարկենք այնուհետ»,- հայտարարել է Զոհրաբյանը։ 

«Եթե այդքան խորն են կատարվում ձեր քննարկումները, բացատրեք ինձ խնդրեմ, թե այդ ինչպես ձեր խորը քննարկումների ընդերքում ծնվեց այդ պայծառ միտքը՝ Վարդան Օսկանյանին հնարավորություն տալ, որ պաշտպանվի։ Իրավաբան չկար Ձեր մեջ, ասեր, որ մարդը պարտավոր չի ապացուցել իր անմեղությունը»,- իր ելույթում հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ առանց դատարանի որոշման այդ ինչպե՞ս մարդու բանկային հաշիվները «քչփորեցին»։ «ՀՀԿ-ական պատգամավորից մոտավոր լսում ենք՝ Վարդան Օսկանյա’ն, բա դու էդ տղե՞ն էիր, ինչի՞ գնացիր, սկսեցիր իշխանություններին քննադատել, էդ այսօր ասելու բան ա, այսինքն` իսկապես ուզում եք այդ ձեւով բացահայտել այս ամենի պատճառը»,- հավելել է Հովհաննիսյանը։ Նա նաեւ ասել է, թե սա այն դեպքը չէ, երբ, մարդուն զրկելով անձեռնմխելիությունից, ծառայում են արդարադատությանը, եւ հայտարարել, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը։

Նիկոլ Փաշինյանը` դիմելով Օսկանյանին հայտարարել է. «Դուք պետական գաղտնիքների եք տիրապետել, Ձեր՝ նախարար եղած ժամանակ ԼՂՀ-ն դուրս է մնացել բանակցային գործընթացից, ստեղծվել է ԼՂԻՄ-ը Մեղրիի հետ փոխարինելու փաստաթուղթ, գրավյալ տարածքներն անվանել եք օկուպացված տարածքներ, ու մեկ էլ՝ Հանթսմանը 2 միլիոն դոլար է նվիրում. սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք կոռուպցիան հենց սա չի, որի մասին խոսում եք»։ Փաշինյանը նաեւ իր խոսքն է ուղղել միջնորդությունը ներկայացրած Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. «Ուշադիր կարդացի միջնորդագիրը ու եկա այն եզրակացության, որ եթե «Վարդան Օսկանյան» անունը փոխարինենք «Աղվան Հովսեփյան» անունով, եւ նշված կանխիկ գումարը փոխարինենք Volkswagen Phaeton ավտոմեքենայով, ապա բոլոր հիմնավորումներով կարելի է խոսել Ձեր դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Քանի որ հայտնի է, որ մամուլում հրապարակվել են փաստեր, որ Ձեզ սպասարկող մեքենան պատկանում է ուրիշին, որի վրա Դուք փակցրել եք Գլխավոր դատախազության պետհամարանիշը՝ կատարելով գործողություններ, որոնք կարող են համապատասխան հոդվածի որակավորում ստանալ»։

«Ժառանգություն» խմբակցության անդամ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարել է, որ ինքը երեք անգամ քաղաքական կալանավոր է եղել, բայց որեւէ անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի ընդունել նրա` քաղբանտարկյալ լինելու փաստը։ Այս մասին Արզումանյանը հայտարարել է այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը զուգահեռներ է անցկացրել իր եւ  Վարդան Օսկանյանի գործերի միջեւ, եւ նշել, ՀՀ երկու նախկին արտգործնախարարներին մեղադրել են փողերի լվացման մեջ, ինչը վնասում է Հայաստանի միջազգային վարկը։ Երեկ աշխատանքային օրվա ավարտին` ԱԺ-ն կիսատ թողեց Օսկանյանի գործով արտահերթ նստաշրջանը, որը կշարունակվի այսօր` ժամը 12։00-ին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30