06.04.2018 07:56 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Սերժ Սարգսյանը ոչ մեկին չի վստահում

Տարիներ առաջ՝ Բուխարեստում գտնվելու ժամանակ, ռումինացի ծանոթիս հետ շրջում էինք քաղաքի փողոցներով։ Հարցնում էի. սա ի՞նչ մեծ ու գեղեցիկ շենք է, պատասխանում էր՝ Չաուշեսկուի նստավայրն է եղել։ Մի քիչ գնում էինք՝ բա ա՞յս. թե բա՝ էլի Չաուշեսկուի նստավայրն էր, հիմնականում օտարերկրյա պատվիրակություններ էր ընդունում։ Իսկ այն մե՞կը՝ Չաուշեսկուի կնոջ նստավայրն էր, հիմա դարձել է ինչ-որ պետական կառույց։ Բա սա՞. այստեղ էլ Չաուշեսկուն հանգստանում էր։

Այժմ մեր Երեւանը աստիճանաբար վերածվելու է սոցիալիստական ժամանակների Բուխարեստի. մայրաքաղաքում շրջող օտարերկրացին մատը որ շենքի վրա պարզի, հարցնի, թե սա ի՞նչ շենք է. պիտի ասենք՝ Սերժ Սարգսյանի նստավայրն է, այն մեկն էլ՝ էլի իր նստավայրն է, սա էլ իր սեփական խորհրդարանն է, այստեղ ինքը հաց է ուտում, այս օբյեկտը՝ նրա եղբորն է, կողքի օբյեկտն էլ է իրենը եւ այսպես շարունակ։

Իհարկե, ի սկզբանե, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին, արդեն պարզ էր, որ դա արվելու է բացառապես մի նպատակով` իր իշխանությունը պահպանելու համար։ Այն, որ բացառել էր իր հետագա պաշտոնավարումը վարչապետի կամ պարզապես՝ պետության ղեկավարի կարգավիճակով` դա նշանակություն չուներ։

ՉԱՈՒՇԵՍԿՈՒԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

 Այսինքն, որեւէ արտառոց բան այդ առումով տեղի չի ունեցել. հիմա եկել է ժամանակը, արդեն հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը եւ միայն Սերժ Սարգսյանը պետք է լինի պետության ղեկավար։ Արտառոցը այլ բան էր. որ Սերժ Սարգսյանը բացարձակապես ոչ մեկին չի վստահում, եւ որոշել է պետության կառավարման բոլոր լծակները կենտրոնացնել իր ձեռքում։ Ամեն ինչ՝ ուժային կառույցները, սահմանադրական դատարանը, դատական իշխանությունը, խորհրդարանը, մասամբ՝ ընդդիմությունը, հիմա էլ որոշել է պետական բոլոր հաստատություններն էլ իր ձեռքում կենտրոնացնել։ Ունենալ երկու նախագահական նստավայր։

Բոլոր ժամանակների բոլոր հարցերի պատասխաններն ունեցող Դավիթ Հարությունյանը ուներ նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչու նախագահական ներկայիս նստավայրը պետք է նույնպես վարչապետին տրվի. «Որովհետեւ կառավարության անդամների հետ թերեւս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ»։

1991 թվականից ի վեր Հայաստանը տասներեք վարչապետ է ունեցել, այդ թվում նաեւ՝ Սերժ Սարգսյանը, ու փաստորեն, բոլորն էլ անարդյունավետ են աշխատել, քանի որ նեղ պայմաններում են իրականացրել իրենց գործառույթները։ Ահա թե որտեղ են մեր պետության տնտեսական ու քաղաքական համակարգի աղետալի վիճակի արմատները։ Ընդամենը Բաղրամյան 26-ի շենքի մեջ է եղել։ Եթե վարչապետները հենց սկզբից այնտեղ աշխատեին, հիմա սինգապուրյան վագրի թռիչքներով էինք զարգացել։

Այո, Դավիթ Հարությունյանն ասել էր, թե վարչապետի լիազորությունները ահավոր ընդլայնվել են, եւ կառավարության շենքը նրա համար քիչ կլինի։ Իրականում պատճառը նույնն է. Սերժ Սարգսյանն այդ շենքն էլ ոչ մեկին չի ցանկանում վստահել։ Եթե վարչապետը նոր սահմանադրությամբ Բաղրամյան 26-ում գործեր, ուրեմն՝ Կառավարության ներկայիս շենքը ոչ մեկին չի ցանկացել վստահել։

 ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ ՇՐՋԱՆՑԵՑ

 Ավելին, պարզվեց, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ իր իսկ կուսակցության անդամներին չի վստահում։ ԱԺ հանրապետական պատգամավորների նկատմամբ ունի կասկածամտության այնպիսի աստիճան, որ որոշեց վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնել։ Որպեսզի հանկարծ ու որեւէ, թեկուզ աննշան բիծ իր օգտին քվեարկության ժամանակ չլինի։ Մարդ ես, մեկ էլ տեսար։

Պարզվեց, որ Դավիթ Հարությունյանը սրա պատասխանն էլ ունի ու բերում է ապշեցուցիչ օրինակ` Գերմանիան։ Ասում է, Գերմանիայում քվեարկությունն իրականացվում է փակ, բայց այնտեղ վաղուց են հասկացել, որ դա էֆեկտիվ չէ։ «Համարում են, որ վարչապետը, լինելով քաղաքական թիմի պաշտոն, իրավունք ունի պահանջելու, որպեսզի իր թիմը բաց արտահայտվի, վստահություն լինի։ Իսկ եթե ոչ, ապա պարզ է լինելու, թե քաղաքական ինչպիսի պատկեր ունենք խորհրդարանում, եւ տեղի կունենան նոր ընտրություններ, նոր խմորումներ ու քաղաքական կոալիցիաների ձեւավորումներ»։ Այսինքն, գերմանացիներն այնքան ապուշ են, որ մինչեւ հիմա նախագահի ընտրությունները շարունակում են փակ քվեարկությամբ անցկացնել, ինչը երկիրը տանում է դեպի կործանում։ Նրանք չեն «ֆայմել», իսկ Դավիթ Հարությունյանը «ֆայմել» է. փակը բաց դարձնել։ Դրա համար էլ Գերմանիան երկիր չէ, իսկ Հայաստանը հզոր ու բարգավաճ երկիր է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30