17.07.2012 00:50 Զ. Գաբրիելյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Աննախադեպը շարժումն է

«Կրիտիկական զանգվածը»

Կրկին կեղծում ենք։ Կրկին տեսնում ենք այն, ինչ ուզում ենք, եւ ուռճացնում եղածը։ «Հարսնաքարի» ոճրի դեմ բարձրացած բողոքի ձայնը բազմաթիվ վերլուծաբանների գնահատականներում չափազանցված տեսքով է ներկայացվում։ Որոշ դեպքերում սա արվում է դիտմամբ, իսկ մնացածներն ուղղակի իրենց ցանկացածն են հրամցնում հասարակությանը։

Հիմա քիչ է մնում հպարտանան, որ բողոքողները քիչ են։ «Մենք քիչ ենք, սակայն...»։ Բայց խոսենք դիտավորության մասին։

Որոշ մարդկանց բավական շահեկան է թվում այն, որ  «Հարսնաքարի» դեմ բարձրացված աղմուկն ուղղորդված է այսպես կոչված «օլիգարխիայի» դեմ։ Շահեկան է նաեւ այն, որ մեղավոր «օլիգարխը» հրաժարվեց մանդատից։ Առայժմ հրաժարվեց։ Սա առիթ է տալիս հեռուն գնացող դատողություններ անելու համար, դատողություններ, որոնց հիմնական առանցքը հետեւյալն է. «Տեսե՛ք, ժողովո՛ւրդ, թե ինչ կարող է անել ապաքաղաքական քաղաքացիների համախմբումը»։ Նպատակը մեկն է` նախագահական ընտրություններից առաջ վարկաբեկել քաղաքական ընդդիմությունը։ «Աշխատանքը» կատարվում է այնպիսի հետեւողականությամբ, որ կարելի է անգամ նախանձել։ Հետաքրքիր է` բացի Սերժ Սարգսյանից` ում են տեսնում մեր արեւմտամետ քաղաքացիականները որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Ենթադրություններ, իհարկե, ունենք, բայց հիմա չենք ներկայացնի, որովհետեւ շուտով ամեն ինչ ջրի երես դուրս կգա։ Անուններ չենք տա, բայց կերպարը կարող ենք նկարագրել։ Սույն անձն անպայման արեւմտամետ է, ունի «անբասիր» անցյալ, այսինքն «ժամանակին» լքել է Հայ ազգային կոնգրեսը կամ հրաժարվել նրա հետ համագործակցելուց, բոլորովին չի սիրում Վ. Վ. Պուտինին Ռուսաստանում, իսկ Գագիկ Ծառուկյանին` Հայաստանում։ Վերջինիս էլ չի սիրում միայն մեկ պատճառով, որովհետեւ նրա հետեւից տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ականջները։

Սերժ Սարգսյանը, բնականաբար, շահագրգռված է իրականության խեղաթյուրմամբ։ Սերժ Սարգսյանին պետք է, որ հասարակությունն ապրի անտեղյակության մեջ, որ տեսնի այն, ինչ ինքն է հրահանգում։ Սերժ Սարգսյանին շատ է պետք, որ քաղաքական ուժերը լինեն թույլ եւ վարկաբեկված (սա վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին), որպեսզի ապահովվի 2013 թվականի անվրդով հաղթանակը։

«Հարսնաքարի» դեպքի առիթով տեղի ունեցած բողոքի ակցիաները շտապեցինք աննախադեպ համարել։ Շատ շտապեցինք։ Մենք արագորեն մոռացանք, որ Հայ ազգային կոնգրեսի համակիրները տարիներ շարունակ պահանջեցին քաղբանտարկյալների ազատությունը, եւ նրանք ազատվեցին։ Պահանջեցին տարիներ շարունակ, կանգնեցին հրապարակում տասնյակ հազարներով։ Դա մեր վերլուծաբաններն աննախադեպ չհամարեցին։

Մոռանում ենք, որ տասնյակ հազարավոր մարդկանց համար մարտի մեկը անցյալ չէ։ Մոռանում ենք, որ ռազմական բժիշկը սպանված չէր լինի, եթե դատապարտված լինեին մարտի մեկի ոճրագործները։ Բողոքավոր երիտասարդների շարքերում միայն այսօր հայտնված որոշ «մտավորականներ» մարտիմեկյան սպանդից հետո իշխանությանն էին առել բուռն պաշտպանության տակ։ Որովհետեւ մարտի մեկին զոհվածները ընդդիմության ցույցի շարքերում էին։

Իսկ իրականում հասարակության ակտիվ անդամների ընդվզումը բնավ էլ աննախադեպ չէ։ Հայաստանն առայժմ տարբերվում է Հյուսիսային Կորեայից։ Հայաստանում կան ազնվագույն մտավորականներ եւ երիտասարդներ, որոնք հաճախ են ընդվզել անարդարության ու ապօրինության դեմ։ Կան, բայց քիչ են։ Բաղձալի կրիտիկական զանգվածն այդպես էլ չի հավաքվում։ Սա չարախնդությամբ չենք ասում։ Փաստն ենք արձանագրում։ Իսկ փաստը ձեռնտու է իշխանությանը։

 Սերժ Սարգսյանը հանոզված է, որ պուրակային ակցիաներով Արեւմուտքին հաճելի քայլեր է անում։ Նա համոզված է. որ նախագահական ընտրությունների ժամանակ իրեն կարող է խանգարել միայն Հայ ազգային կոնգրեսի առաջադրած թեկնածուն։ Համոզված է եւ մեր արեւմտամետ վերլուծաբաններից լավ գիտի, որ այդ քաղաքական ուժն է իրեն խանգարելու։ Դրա համար էլ գործի է դրել քարոզչական մեքենայի ողջ հզորությունը։

Եզրակացնենք։ Եկե՛ք շուտ չոգեւորվենք եւ անիմաստ հայտարարություններ չանենք «աննախադեպ» ակցիաների մասին։ Եկե՛ք տեսնենք իրականությունը եւ հասկանանք, որ բռնության, ամենաթողության, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարելու լավագույն ձեւը ընտրությունների ժամանակ հաղթելն է, այսինքն օրինակարգ իշխանություն ունենալը։ Իսկ սրան հասնել մենք չենք կարող առանց «կրիտիկական զանգվածի», առանց քաղաքական հստակ կողմնորոշման։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30