02.02.2018 06:19 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Աղբի տեղն էլ աղբամանում է

Տոներ, որ դեռ մեզ հետ են

Տոներ, որ դեռ մեզ հետ են

Մեկ շաբաթվա ընթացքում երկու համաժողովրդական- համապետական տոն նշվեց` Սուրբ Սարգիսը եւ Հայկական բանակի 25-ամյակը։

Այդ տոն-տոնականներում միակ հաջողվածը սպիտակ ձին էր։ Նա  եզակի իսկականն էր եւ դուրս էր զանգվածային ոստիկանական «հմայքներով» հագեցած զամենայն քաղաքականից։ Ձին իր համար  քայլում էր Երեւանի փողոցներում` բեխաբար շուրջը ծավալվող դժնահանդեսից եւ հատկապես իր դժնադեմ հեծյալից։ Սուրբ Սարգսի` սիրո եւ երիտասարդության արագահաս սրբի դերակատարն իր ողջ կերպարով միայն մեկ ուղերձ ուներ տոնի դուրս եկածներին` «Ինձ վրա հույս չդնեք, օգնել չեմ կարող»։ Եվ դա ճշմարիտ էր։  Ժողովրդական ծեսի քրիստոնեական ուզուրպացման տապալումը հնարավոր դարձնելու համար ավելի նշանային տիպարներ հնարավոր չէր մտածել, քան այդ ձիավորն էր, նրա hետեւից գնացող հոգեւորականների տրտում շքերթը եւ Սիրահարների այգում հնչող էստրադային պսեւդո-հայրենասիրական աղմուկը։

Բայց որպես ազգային իմունիտետ`մեծ գաղափարաբանները երիտասարդության եւ սիրո տոնին հրապարակ էին դուրս բերել ոստիկանական կուռ շարքերը` «Ինչ չի արել սուրբը, կանենք մենք» նշանաբանով։

Մարդիկ իրավունք ունեին ուրախ ու թեթեւ լինել սիրո եւ երիտասարդության տոնին` առանց թաթախվելու կղերականության եւ ուժային կառույցների մուտացիայի տեսարաններում։ Եվ այստեղ խնդիրը միայն տոնի կազմակերպչական թափթփվածությունն ու գավառականությունը չէ։ Պարզապես երբ պետականությունն իր բովանդակությամբ բացակայում է տարվա բոլոր օրերին` մնում է դրա ատրիբուտիկան ցցել համաժողովրդական տոնին` հոգեւորականության ու ոստիկանության համատեղ շքերթով եւ մի տրտում ու հալածված ասպետով։

Եվ քանի որ քրեական օրենսգիրքը չի նախատեսում պատիժ ժողովրդական տոնը բռնապետական շքերթի վերածելու համար, Հայկական բանակի 25-ամյակին ընդառաջ քաղաքը ծածկվել էր գաղափարական-քարոզչական պաստառներով։ Ծծակ` կաթի հետ հոսող տանկով` «Սերմանեք քաջությունը փոքրուց» վերտառությամբ։ Սեփական բանակի տանկերն ուտելն ու մարսելը հանաք գործ չէ։ Դրան, բնականաբար, պիտի հաջորդեր Ազգ-բանակ շիզոֆրենիան` իբրեւ միլիտարիզմի պլեճ։ Եվ եթե բանակի տանկերն ուտելու համար պետական հանցագործը չի վճարել գոնե իր անազատությամբ, ապա այստեսակ գաղափարական-քարոզչական միլիտարիստական պլեճի համար մի ամբողջ ազգ կարող է վճարել իր պատմությամբ։ Զինվորագրության ակտեր կազմակերպելու, մահվանը տոնակատարության շքեղություն հաղորդելու կարիք չկա մի հասարակության մեջ, որտեղ պատերազմում հանուն հայրենիքի մեռնելուց բացի այլ հերոսություն չի մնացել անելու։  

Հնարավոր չէ լինել բռնապետի քաջ զինվորը, այն էլ` ազգովի։ Բռնապետը կարող է ունենալ անձնուրաց ստրուկներ, բայց ոչ այն, ինչ ուզում են քերել մտավոր առողջությունը դեռեւս պահպանած եւ մեռնելու քարոզչությանը դեռեւս դիմադրող հասարակությունից։

Դրամատիկ ժամանակներ ենք ապրում, դժվար է պահպանել պարզ մարդկային թաղանթը քարոզչական տանկից եւ չվերածվել ագրեսիվ սրիկայի, երբ անգամ բնապահպանական կոչերն են ռազմական ֆոնի վրա մատուցվում։ «Աղբի տեղը աղբամանում է»։ Անշուշտ։ Եվ քանի դեռ աղբն աղբամանում չի հայտնվել, քաջություն ու մաքրություն են սերմանելու մեռնելու հրաման արձակողները, մեռնել պարտադրողները, դրա բեռի ծանրության տակ չճզմվածները եւ իրենց պարտադրած կոչի համար 7 միլիոն դրամի թարմ ծաղիկներ մատակարարողները։ Եվ սա արմատական քննադատության հարց չէ։ Սա կոնկրետ գործողությունների դիմելու բացակայության խնդիր է։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30