11.04.2017 09:41 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Տասը տարին մեկ

Ընտրությունները` հերթական պայթյունի նախերգանք

Ընտրությունները` հերթական պայթյունի նախերգանք

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել, եւ այդ իրավիճակի հիմնական առանձնահատկությունն այն է, որ հերիք չէ` խորհրդարանի ընդամենը 8 տոկոսն է դիրքավորվում որպես «արմատական ընդդիմություն», դեռ մի բան էլ տարբեր կողմերից կասկածներ են հնչում այդ ընդդիմության իրական կամ կեղծ լինելու մասին։ Հասկանալու համար, թե մոտավորապես ինչ «ֆազայում» է գտնվում Հայաստանի քաղաքական կյանքը` երեւի իմաստ ունի հետադարձ հայացք նետել այն ճանապարհին, որով եկել-հասել ենք այսօրվան։

Սկսենք նրանից, որ զարմանալի օրինաչափությամբ` Հայաստանի քաղաքական կյանքում կտրուկ շրջադարձերը լինում են ուղիղ տասը տարին մեկ։ 1988-ին ղարաբաղյան շարժումը սկսվեց, եւ երկիրը դուրս եկավ խորհրդային թմբիրից։ Ուղիղ տասը տարի անց Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, այդպիսով «Ղարաբաղ կոմիտեի» դարաշրջանն ավարտվեց, եւ իշխանության եկավ նախկին կուսնոմենկլատուրան (հասկանալի է` այլ հռետորաբանությամբ եւ ռազմահայրենասիրական փաթեթավորմամբ)։ Եվս տասը տարի անց` 2008-ին, այդ ընթացքը կասեցնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձը ձախողվեց, եւ ամեն ինչ ավարտվեց մարտի 1-ով։ Եվս տասը տարի անց` 2018-ին, Հայաստանը դառնալու է հարյուր տոկոսանոց խորհրդարանական կառավարմամբ հանրապետություն, այսինքն` համարյա պաշտոնապես հռչակվելու է միակուսակցական համակարգ (հասկանալի է` ժողովրդավարական ֆասադն ապահովող ատրիբուտներով)։

Ստացվում է, որ հիմա` 2017-ին, Հայաստանը գտնվում է հերթական կտրուկ շրջադարձի շեմին։ Բուն շրջադարձը տեղի է ունենալու եկող տարի։ Բայց ինչպիսի՞ն է լինելու այդ շրջադարձը։ Այսօրվա իրավիճակը շատ է հիշեցնում 2007 թվականը. այն ժամանակահատվածը, երբ խորհրդարանական ընտրություններն արդեն կայացել էին, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չէր հայտարարել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին։ Հիշո՞ւմ եք այդ ընտրությունների արդյունքները։ Կրեատիվ քարոզարշավի շնորհիվ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» շատերի համար անսպասելիորեն հաղթահարեց անցողիկ շեմը եւ հայտնվեց խորհրդարանում (ճիշտ եւ ճիշտ այսօրվա «Ելք» դաշինքի նման), բայց դա, միեւնույն է, «մեռած» խորհրդարան էր` «Ժառանգությունից» բացի այլ ընդդիմություն չկար, ու մարդիկ էլ հասկանում էին, որ սուր ելույթներից բացի այդ ուժից որեւէ այլ սպասելիք ունենալ պետք չէ։ Եվ այդ անհուսալի իրավիճակն ընդամենը ամիսներ անց հանգեցրեց պայթյունի, ու հարյուր հազարավոր մարդիկ փողոցները լցվեցին։ Որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով խորհրդարանում հայտնված միակ ընդդիմադիր ուժի ղեկավարը, միեւնույն է` չկարողացավ դառնալ այն դեմքը, որի հետ մարդիկ հույսեր կկապեն։

Հիմա, ահա, «Ելք» դաշինքը 2007-ի «Ժառանգության» վիճակում է։ Հարց է ծագում` կկարողանա՞ն արդյոք այդ դաշինքի ղեկավարները կատարել այն դերը, որը չկարողացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, պարզ ասած` կկարողանա՞ն «գոլորշի բաց թողնել» եւ թույլ չտալ, որ հուսալքված ժողովուրդը նորից հարյուր հազարներով փողոց լցվի։

Իսկ այն, որ «Ելք» դաշինքի ղեկավարներն իրենց առջեւ հենց այդպիսի խնդիր են դրել` առանձնապես չի էլ թաքցվում։ Նրանք անվերապահորեն ընդունեցին ընտրությունների արդյունքները, մարդկանց փողոց դուրս չբերեցին ու հասկացնել տվեցին, որ «տեւական պայքարի» են ելել, այսինքն` մտադիր են մինչեւ հաջորդ ընտրությունները իրենց 8 տոկոսը դարձնել, ասենք, 16 տոկոս, եւս հինգ տարի անց` 32 տոկոս, եւ այսպես շարունակ։

Տեսականորեն դա, իհարկե, հնարավոր է. համեմատաբար երիտասարդ են, լեզվից «չեն նեղվում», կրեատիվ գաղափարների պակաս չկա, իշխանություններին էլ այդ ամենը ձեռնտու է։ Միայն թե` արդյո՞ք Հայաստանն այդքան ժամանակ ունի։ 2016-ին արտագաղթի տեմպերը նախորդ տարվա համեմատ մոտ 15 տոկոսով ավելացել են (2015-ին 46 հազար մարդ էր արտագաղթել, 2016-ին` 54 հազար), տնտեսական վիճակն օրեցօր վատթարանում է, պատերազմի վերսկսման հավանականության մասին էլ ընդհանրապես չենք խոսում։

Այնպես որ` տեսականորեն գուցեեւ հնարավոր է, բայց գործնականում` առավելագույնը 7-8 ամիս անց հասարակությունը կգիտակցի, որ իրեն ավելի հիմնավորապես են խաբել, քան թվում էր առաջին հայացքից։ Ու այդ ժամանակ կարող է ավելի հզոր պայթյուն տեղի ունենալ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30