- Դրանք ստոր հերյուրանքներ են, մենք տարբեր ինքնաթիռներով ենք թռել։ Իմ անվտանգության ծառայությունը թույլ չտվեց նույն ինքնաթիռով մեկնել։
- Իսկ մտադի՞ր եք ինչ-որ կերպ պատժել Ռուբեն Հայրապետյանին։
- Ինչի՞ համար, մենք հո ոհմա՞կ չենք։ Համ էլ` նա իմ մարտական ընկերն է։
- Մարտակա՞ն։
- Մարտի մեկը նկատի ունեմ։ Բայց ես, անշուշտ, նրան կանչեցի ու ասեցի` Ռուբեն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի, լավ կլինի մանդատիցդ հրաժարվես։
- Ի՞նչ պատասխանեց։
- Մի տեսակ նայեց վրաս, ասեց` պարո՛ն նախագահ, արի գնանք «Հարսնաքարում» մի կտոր հաց ուտենք, համ էլ քննարկենք։
- Գնացի՞ք։
- Տարօրինակ հարց ես տալիս։ Տեսնում ես, որ սաղ-սալամաթ դեմդ կանգնած եմ։
- Իսկ չե՞ք մտածում նրան ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին։
- Հակառակը` ուզում եմ բռնցքամարտի ֆեդերացիան էլ նրան վստահել։ Բայց ֆուտբոլի հարցում, անշուշտ, որոշ տեխնիկական դժվարություններ առաջանում են։ Հավաքականը ստիպված է մարզումներն անցկացնել կոստյումներով, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը մարզահագուստով մարդկանց մի տեսակ ուրիշ ձեւով է նայում...
- Լավ, ինչպե՞ս անցկացրեցիք ձեր ծննդյան օրը։ Արվեստագետները «հեռացիր» գրությամբ տորթ էին ուղարկել, ստացա՞ք։
- Տո՞րթ։ Յա... Ես էլ ախր ասում եմ` Բազազը ատամները քչփորելով զեկուցեց, թե դրսում ինչ-որ բողոքի ակցիա էր...
- 2013-ին առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը։
- Ինչպես հայտնի է` եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով։
- Այսինքն, այդ տրամաբանությամբ` առաջադրվելո՞ւ եք։
- Այդ տրամաբանությամբ` զբաղվելու եմ իրավապահ մարմիններով։
- Ո՞վ է քաղաքական գործչի ձեր իդեալը։
- Մոնակոյի արքայազնը։
- Ինչո՞ւ։
- Դե... Ոչ մի բանի համար պատասխանատու չի, Մոնտե-Կառլոն էլ նստավայրից 50 մետր է։
- Բիզնեսմենի ձեր իդեալը։
- Փոքր եղբայրս։ Ոչ մի բանի համար պատասխանատու չի, բայց բոլորի բիզնեսների մեջ 50 տոկոս փայ ունի։
- Ձեր սիրած գիրքը։
- «12 աթոռ»։ Նախագահ ընտրվելուս համար ես այդ ստեղծագործությանն եմ պարտական, որովհետեւ այդտեղից եմ յուրացրել «утром-деньги, вечером-стулья» սկզբունքը։
- Ձեր սիրած երգը։
- «Իմ ախպերըս»։
- Ձեր սիրած ֆիլմը։
- «Մխիթար Սպարապետ»։ Տեսել եք, չէ՞. գլխավոր հերոսը պուճուր-մուճուր մարդ էր` Գորիսի կողմերից, բայց գերագույն-գլխավոր հրամանատար էր...
- Բայց վերջում մեռավ։
- Էն ժամանակ օդանավակայան չկար։
- Ձեր հոբբին։
- Թարգել եմ։