24.06.2012 03:18 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ոլորտներ ենք նվաճում

Լոս Անջելեսում միջազգային մարմնավաճառությամբ զբաղվող հանցախմբի «տերը» հայ է

Հայերի անհավանական արկածները դրսում շարունակվում են։ Մեր հայրենակիցները, որոնք վաղուց այլ երկրների քաղաքացիներ են, չեն դադարում զարմացնել մեզ էլ, աշխարհին էլ։ Հերթական հայկական տխուր անակնկալը` կրկին ԱՄՆ-ից։ Ամուսիններ Միքայել Նակոպյանն ու Նատալյա Մուրավյովան Եվրոպայից ԱՄՆ մարմնավաճառության միջազգային կապ հաստատելու եւ աղջիկներ «առաքելու» մեղադրանքով օրերս ձերբակալվել են Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։

Ընտանիքը մեղադրվում է «սուտինյորությամբ» զբաղվելու մեջ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ռուսաստանաբնակ այս զույգին մեղադրում է մարմնավաճառությամբ զբաղվելու, Ռուսաստանից եւ Արեւելյան Եվրոպայից սեռական ծառայություն մատուցելու նպատակով ԱՄՆ աղջիկներ տեղափոխելու մեջ։ Բացի դրանից, կասկածի տակ է նաեւ  Նակոպյանի նախկին կինը, ով, ամերիկյան անվտանգության ծառայությունների տեղեկություններով, հասցրել է լքել երկիրը` մինչեւ հանցախմբին ձերբակալելը։

Եթե Լոս Անջելեսի դատարանը բավարարի բոլոր մեղադրանքները, ապա զույգը կդատապարտվի մինչեւ 5 տարի ազատազրկման։ Հետաքննությանը հայտնի է, որ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանցախումբը ավիատոմսեր է գնել  «պոտենցիալ» մարմնավաճառների համար եւ կազմակերպել է նրանց` ԱՄՆ-ի վիզա ստանալու հեշտ տարբերակը։ Իրականում այս գործի հետաքննությունը սկսվել էր դեռ 2011 թվականի սեպտեմբերին, երբ Լոս Անջելեսի օդանավակայանի մաքսային ծառայությունը քննեց Լատվիայի երկու կասկածելի կին քաղաքացիներին։ Նրանց արգելվեց մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, իսկ ոստիկանությանը  պարզ դարձավ, որ նրանց վիզաները «դասավորելու» գործում նույնպես Նակոպյանն էր օգնել։

Լոսանջելեսաբնակ հասարակությանը հայտնի են հաճույքի մի շարք հայկական «օջախներ», որոնք սիստեմատիկ, նաեւ օտարերկրյա «մատղաշ կտորներ» են առաջարկում իրենց հաճախորդներին։ Անցել են այն ժամանակները, երբ հայկական ազգանունները հնչում էին, ենթադրենք սննդամթերքի կամ առեւտրի այլ ոլորտներում կատարած հանցագործությունների արդյունքում։ Փաստորեն առաջ ենք գնում, իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք, մարմնավաճառության խոպանի ենք գնում։ Դրա վառ ապացույցը կարելի է տեսնել, ասենք, Երեւան-Ստամբուլ թռիչքն իրականացնող օդանավի ուղեւորների քանակը եւ որակը ուշադիր զննելով, այնուհետեւ Ստամբուլի օդանավակայանում «նրանց» դիմավորող «սոված» թուրքերին հաշվելով։  Այո, փաստորեն «մեր սրտերը բաց են» աշխարհի ցանկացած ազգի առջեւ։ Մեկ դիտարկում եւս` փաստորեն «մանրից» դառնում ենք նաեւ աշխարհի հնագույն մասնագիտության «պրոֆի»-ներ։ Տեսնես այս «ոլորտը» նվաճելուց հետո`  էլ ինչ հետաքրքրություններ կզարթնեն հայի հազարամյա գենում։