19.10.2013 20:45 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մենք ու նրանք

Ինչպես են վերաբերվում սեփական քաղաքացուն

Ինչպես են վերաբերվում սեփական քաղաքացուն

Ռուսաստանի Բիրյուլեւո բնակավայրում տեղի ունեցած աղմկոտ սպանությունից հետո որոշակի լարվածություն է առաջացել ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյլանովը հրաժարվել է այս գործով խոստովանական ցուցմունքներ տալուց։ «Համաձայն չեմ։ Ոչ մեկին ես չեմ սպանել»,- ասել է Զեյնալովը դատարանում, որը Զեյնալովին կալանավորելու վճիռ կայացրեց։

Մինչ այդ Զեյնալովը հանդիպել էր իր փաստաբանի եւ հյուպատոսի հետ, ինչը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան պահանջն էր։ Դեսպանատունը ռուսական արտգործնախարարությանը նաեւ բողոքի նոտա էր փոխանցել։ Նոտայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին իր բողոքն էր հայտնել «Ռուսաստանում հակաադրբեջանական քարոզչության եւ հիստերիայի» առթիվ։ Ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչը այս բողոքին ի պատասխան նշել է, որ դեսպանի արտահայտությունները մտացածին են եւ անհիմն։

«Մենք, իհարկե, ուշադրություն դարձրինք այն հարցազրույցին, որտեղ Ադրբեջանի հարգելի դեսպան պարոն Բյուբյուլ-օղլին երեկ տվել է « Дождь» հեռուստաընկերությանը եւ անկեղծ ասած, նրա արտահայտությունները մեզ մոտ միայն զարմանք են հարուցում»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։ Վերջինս ընդգծել է, որ ռուսական ԶԼՄ-ներում եւ պետական մարմինների հաղորդագրություններում Բիրյուլեւոյի դեպքերի կապակցությամբ որեւէ «ազգային թեման» որեւէ կերպ չի շահարկվել։ «Մենք միայն օրենքի գերակայության սկզբունքով ենք առաջնորդվում եւ գործած հանցագործության համար անխուսափելի պատժի դրույթից»։

Սակայն ադրբեջանական կողմի մեղադրանքները վերաբերվում էին ոչ միայն Օրհան Զեյնալովին եւ ազգային հարցի շուրջ «հիստերիային»։ Ադրբեջանական դեսպանը, մասնավորապես, հայտարարել է, որ կալանավորվածի իրավունքները խախտվել են։ «Նա օտարերկրացի է, նրան պետք է համապատասխան կերպով վերաբերվեն»։ Այստեղ  Ադրբեջանի դեսպանը նկատի է ունեցել Զեյնալովին ձերբակալելու տեսանյութերը, որոնք հեռարձակվել էին հեռուստատեսությամբ եւ տարածվել համացանցում։ Այդ կադրերում երեւում է, որ թեպետ Զեյնալովը ձեռնաշղթաներով է, սակայն հատուկջոկատայինները նրան ոտքերով հարվածում են, ինչը նույնիսկ ռուսաստանցի մի շարք հեղինակավոր փաստաբանների մեջ էր վրդովմունք առաջացրել։

Առանձին թեմա է, թե ինչպես էին Զեյնալովին ձերբակալել եւ ուղղաթիռով ոստիկանություն տարել, քանի որ այս ամենն էլ է տեսաձայնագրվել։ Կադրերը ուշադիր դիտածները հանկարծ զարմանքով հայտնաբերել են, որ Զեյնալովին ձերբակալելուց հետո մտցրել են ոստիկանական Ми-8 ուղղաթիռ, իսկ դուրս են բերել մեկ այլ՝ Ka-27 ուղղաթիռից։ Իհարկե, բոլորն էլ սրանից հեշտությամբ եզրակացրել են, որ Զեյնալովին ձերբակալելու ամբողջ օպերացիան ի սկզբանե ամբողջովին ձայնագրվել է, հետո հապճեպ մոնտաժվել, ուղղակի լավ չեն մոնտաժել ու արդյունքում ստացվել է, որ Զեյնալովը «օդում մի ուղղաթիռից թռել է մեկ այլ ուղղաթիռ», ինչպես հեգնանքով նշել է ռուսական լրատվամիջոցներից մեկը։ Ավելի ուշ այդ օպերացիայի ամբողջական տեսանյութն է տարածվել, որտեղ այդ զարմանալի «ուղղաթիռափոխությունը» երեւում է, թեպետ էլի չի բացատրվում դրա իմաստը։

Հիմա կարող է հարց առաջանալ, թե ինչու ենք այսքան մանրամասն ներկայացնում Զեյնալովի ձերբակալման հետ կապված այս իրադարձությունները։ Չենք տառապում Զեյնալովին պաշտպանելու կամ մեղադրելու ցանկությամբ, բայց փոխարենը աչքի է զարնում, թե ինչպիսի աշխատանք են տանում Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրի քաղաքացու իրավունքների համար։ Կապ չունի, թե ինչի համար են ձերբակալել, ով է այդ Զեյնալովը, ինչ հանգամանքներում է կատարվել սպանությունը. այս ամենը դեռ կպարզվի հետաքննության  ժամանակ, բայց Ադրբեջանը արդեն այժմ հոգ է տանում, որ իր քաղաքացու հանդեպ ապօրինություններ չլինեն, օպերատիվ կերպով հանդիպել է նրա հետ, փաստաբանի հարց լուծել, դիվանագիտական նոտա պատրաստել։

Այս ամենը նշել ենք, որպեսզի հիշեցնենք, թե ինչպես իրենց դրսեւորեցին Հայաստանի իշխանությունները, երբ Մոսկվայում սկանդալային հանգամանքներում, կանացի խալաթով, վնասվածքներով, հենց հիվանդանոցից դատարանի դահլիճ էին բերել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, որի վարած ԿԱՄԱԶ-ը բախվել էր մարդատար ավտոբուսին, եւ վթարի պատճառով 17 մարդ էր զոհվել։ Էլ չենք խոսում ռուսական պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ռեպորտաժի մասին, որտեղ մեր քաղաքացուն նվաստացնող կադրեր եւ մեկնաբանություններ կային։ Զրո. այսպիսին էր ՀՀ իշխանությունների, ԱԳՆ-ի եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան համատեղ աշխատանքի արդյունքը սկանդալից հետո մի քանի օր շարունակ։ Եվ միայն երբ Հայաստանում բողոքի աննախադեպ ալիք բարձրացավ, մեր դիվանագետները «ձաձա ջան, կթողե՞ք մի հատ տեսակցենք մեր քաղաքացու հետ» ոճով ինչ-որ բաներ փորձեցին անել։ Մեր դեսպանատան ներկայացուցիչները Հ. Հարությունյանին տեսակցեցին նրա կալանավորվելուց միայն 3 օր հետո։

Նույն դեսպանատունը Հրաչյա Հարությունյանի համար հայազգի փաստաբան էր վարձել, որը ռուսերեն գիտեր, բայց հայերեն չգիտեր, իսկ Հ. Հարությունյանը հայերեն գիտեր, բայց ռուսերեն չգիտեր։ Հետո այդ փաստաբանը մեկ ամսով արձակուրդ գնաց։ Թվում է, թե սրանք մանրուքներ են, սակայն ի վերջո հենց այստեղ է երեւում պետության դերն ու հեղինակությունը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31