30.08.2013 17:34 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռետրո

Պատվի խնդիրը երեկ եւ այսօր

Այս օրերին համացանցում ամենաքննարկվող թեման Կոմիտաս 5-ում հայ ոստիկանի, մեղմ ասած, անվայել արարքն էր աղջկա նկատմամբ։ Թվում էր, որ այդ կադրերը համացանցում տարածվելուց հետո նշված ոստիկանին առնվազն աշխատանքից կհեռացնեն, սակայն մի քանի օր անց միայն ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ նրա լիազորությունները դադարեցվել էին։

Իսկ մինչ այդ Երեւանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը ոչ մի արտառոց բան ոստիկանի արարքում չէր տեսել։ Օսիպյանի կարծիքով, աղջկա նկատմամբ ոստիկանը ոչ մի բան չի արել, պարզապես ուսադիրն էր ուղղում։

Մի կողմից, իհարկե, ցանկացած հրամանատար միշտ փորձում է իր ենթակաների պատիվը բարձր պահել, որովհետեւ դա նաեւ իր պատիվն է, բայց ոչ այս դեպքում, եւ ոչ այսպես ապաշնորհ։ Ընդհանրապես, պատիվ հասկացությունը մի տեսակ այլ ընկալում ունի իրավապահ մարմիններում։ 70 տարեկան կնոջը գետնին գցելը ինչպե՞ս հասկանալ։ Շատ բարի, պարզաբանումներ տվեցին այդ միջադեպի վերաբերյալ։ Կոմիտաս 5-ում ինչպե՞ս վարվեցին տասնյակ քաղաքացիների հետ։ Դա պատվաբե՞ր գործ էր։ Իսկ ինչքա՞ն պատվաբեր կլիներ, եթե նույն ոստիկանները գնային Լֆիկի վզակոթից բռնեին ու ասեին. էս ի՞նչ ես արել Փակ շուկայի հետ։ Օրը ցերեկով, մեր աչքի առջեւ։ Ու դա պետք է հենց պատվի խնդիր լիներ։

Մինչդեռ 20 տարի առաջ, երբ Հայաստանը նոր-նոր սկսել էր ձեւավորել իրավապահ համակարգը, առաջնահերթ խնդիր է եղել հենց մականունավոր, տարատեսակ հանցագործներին  երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային դաշտից իսպառ վերացնելը։ Դա չափազանց դժվար խնդիր է եղել, այդ ճանապահին բազմաթիվ խոչընդոտներ են եղել, բայց իշխանությունները հստակ գիտակցում էին, թե որքան կարեւոր է արմատախիլ անել «լավ տղու» անվան տակ գործող տականքին, եւ որքան կարեւոր է հասարակ քաղաքացու մեջ ոստիկանի հանդեպ հարգանք սերմանելը։ Ահավասիկ, ներկայացնենք մի հատված ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հարցազրույցից, որը նա տվել է դեռեւս 1994թ. հունվարին, այսինքն՝ ղարաբաղյան պատերազմի  ամենաթեժ ժամանակահատվածում։ Ու համեմատենք, թե հանցավորության վերաբերյալ ինչպիսի մտածողություն է եղել այն ժամանակ, եւ ինչպիսին է այն այսօր՝ մեր իշխանությունների մոտ։

- Մաֆիա հասկացությունը մեզանում իրողությո՞ւն է, թե ավելի շատ ուրվական։ Ես նկատի ունեմ զուտ քրեական կողմը, ասենք հրոսակախմբերը, ոչ թե տնտեսական, քաղաքական կողմը...

- Եթե խոսենք զուտ քրեական կողմի մասին, ապա դա այնուամենայնիվ պետք է անվանել հրոսակախումբ։ Իսկ մաֆիան բազմաշերտ է եւ բազմակառույց։ Իհարկե, այն անպայման ունի նաեւ հրոսակախմբի տարրեր, բայց անհնար է առանց կառավարության, դատախազության աշխատակազմի, ՆԳՆ-ի, խորհրդարանի բարձրաստիճան հովանավորների։ Խոստովանում եմ, եղավ մի պահ, երբ մեր հասարակության մեջ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որը նպաստում էր մաֆիական կառույցի ստեղծմանը։ Դա տեղի չունեցավ, քանի որ մենք կարողացանք ժամանակին վերացնել մի քանի խոշոր հրոսակախմբեր, որոնց հիման վրա տեղի կունենար հետագա աճը։ Ներկայումս արդեն 40-50 մարդ բանտարկված է։ Ի դեպ, շատերը երկյուղներ էին հայտնում, որ եթե մենք ձերբակալենք բոլոր «հեղինակություններին», ապա հանցաշխարհում կսկսվեն կամայականություններ, հաշվեհարդարներ, սպանություններ։ Մենք պատրաստվել էինք նաեւ այդ տարբերակին։ Բայց պետք է ասեմ, որ թեեւ մի քանի միջադեպ եղավ, բայց ընդհանուր առմամբ հանցագործությունների պատկերը չփոխվեց։ Մենք հասանք մեր նպատակին։

- Վերջին ժամանակներս քաղաքում կարծես թե սկսել են քիչ կրակել։ Դա ոստիկանության գործողությունների՞ արդյունքն է։

- Նախագահի հրամանագրի հրապարակումից հետո մենք բնակչությունից առգրավեցինք 1000 միավոր զենք։ Դա ներքին զորքերի երկու գնդի սպառազինություն է։ Ընդ որում, եթե շարունակենք համեմատությունը, երկու գունդ, որտեղ յուրաքանչյուրն ինքնագլուխ է եւ որեւէ մեկին չի ենթարկվում։ Ներկայումս այդ մարդիկ զինաթափված են։ Իհարկե, ես այնքան էլ միամիտ չեմ, որ մտածեմ, թե առգրավվել է բոլոր «ազատ հրաձիգների» ամբողջ զենքը, բայց մեծ մասն այլեւս չի կրակի։

- Այսինքն, քրեական մասը մաքրեցիք, հիդրայի գլուխը կտրեցիք։ Բայց մնում են տականքները, որոնք հանցաշխարհում կզբաղեցնեն ազատված «թափուր տեղերը»։ Մնում են նաեւ նրանք, ում դուք անվանեցիք պետական կառույցների «հովանավորներ»...

- Մենք ախր ոչ միայն «գլուխն» ենք կտրել, այլեւ ինչի վրա որ այն հենվում էր, ստորին շերտերը, շոշափուկները։ Սա ինչ վերաբերում է «թափուր տեղերին»։ Իսկ շատերը պարզապես հեռացել են։

- Եվ այնուամենայնիվ, ինձ ավելի շատ հետաքրքրում են «հովանավորները»։  Թե՞  դուք...

- Դա աշխատանքի ամենածանր մասն է, որը հենվում է օպերատիվ տվյալների վրա։ Ենթադրենք ես գիտեմ, թե ով է «հովանավորում» այս կամ այն հրոսակախմբին, բայց գործի վրա բռնելը... Մի տարրական օրինակ. երբ մենք սկսեցինք քրեական աշխարհի «մաքրագործումը», խորհրդարանում սկսեցին ստորագրություններ հավաքել ի պաշտպանություն դրա որոշ ակնհայտ ներկայացուցիչների։ Դրանք 5-6 մարդ են, որոնց մականունները հիանալի հայտնի են քաղաքում։ Եվ մինչեւ օրս էլ շարունակում են ստորագրություններ հավաքել նրանց օգտին։ Եվ հետո ի՞նչ հարկ կա զարմանալու, եթե հենց պատգամավորների մեջ էլ կան անցյալում քրեական պատիժ կրած մարդիկ։ Նրանք շփվում են այդ միջավայրի հետ։ Եվ, բնականաբար, կպաշտպանեն այն։

-Շատ պրոֆեսիոնալներ համոզված էին, թե դուք լիակատար ձախողում կկրեք։ Ուրեմն, կոնկրետ ի՞նչ եք արել. կառույցների վերակազմակերպո՞ւմ, կադրային փոփոխություննե՞ր, թե պարզապես կարգապահության խստացում։

- Օրինակ, կարելի է ասել, որ բնակչությունից զենքի առգրավման վերաբերյալ նախագահի հրամանագիրը ազատ արձակեց մեր ձեռքերը, օգնեց այդ հարցում։ Մյուս կողմից մենք կկարողանայինք դա անել նաեւ առանց հրամանագրի։ Չէ՞ որ իրավական դաշտը մնում էր նույնը։ Պարզապես բանն այն էր, որ առաջին ութ ամիսներին ես հիմնականում կատարում էի կադրային փոփոխություններ։ Համոզվեցի, որ նախկին անձնակազմի հետ գործը մեռյալ կետից չի շարժվի։

- Քանի որ նախկիններն արդեն «սերտաճել էին»...

- Ոչ, չի կարելի ասել, թե «սերտաճել էին», բայց կենցաղային մակարդակով արդեն կապված էին։ Պետք է գային նոր մարդիկ, որոնք կաշկանդված չէին լինի հին կապերով, հետեւաբար կունենային գործողությունների լիակատար ազատություն։ Թե հանցագործներին բռնելու, եւ թե նրանց ուր որ հարկն է ուղարկելու համար։

Առաջին տարին ես աշխատանքից ազատեցի բոլոր նրանց, ովքեր այս կամ այն պատճառով ի վիճակի չէին կատարելու հրամանները, եւ նրանց փոխարինեցի գործունյա, եռանդուն աշխատակիցներով։ Նրանք համարձակ էին, այն միջավայրի հանդեպ «պարտք ու պահանջից» զերծ, որտեղ իրենք պետք է մարմնավորեին օրենքը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31