09.12.2016 08:25 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հավատա՞նք, թե չէ

Դրայվը մինչեւ ապրիլ հազիվ թե հերիքի

Դրայվը մինչեւ ապրիլ հազիվ թե հերիքի

Վարչապետ Կարեն Կարապետյանի մեկնարկային բարձր վարկանիշն աստիճանաբար իջնում է, ու նա ըստ երեւույթին տարակուսանքի մեջ է` ախր ինչի՞ համար։ Չէ՞ որ ամեն ինչ կարծես թե ճիշտ է անում. խոսում է մենաշնորհները վերացնելու մասին ու նույնիսկ որոշ դրական արդյունքներ է արձանագրում (վերջերս բանանի երկրորդ ներկրողը հայտնվեց), խոսում է պետական ապարատը կրճատելու եւ պրիմիտիվ գողությունների դեմն առնելու մասին, հասավ այնպիսի դեմքերի պաշտոնանկությանը, որոնք, թվում է, անձեռնմխելի էին, եւ այլն։

Եվ ընդհանրապես` նա իրեն այնպես է պահում, կարծես երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել, ժողովուրդը վերջապես տապալել է անցանկալի ռեժիմին, ինքն էլ ժողովրդի քվեներով հասել է իշխանության եւ քայլ առ քայլ իրականացնում է բոլոր այն միջոցառումները, որոնք կաներ ցանկացած երկրի ընդդիմություն` իշխանության հասնելուն պես։

 Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Ճիշտ հակառակը` բոլոր այն «արատավոր երեւույթները», որոնց դեմ իբր պայքարում է Կարեն Կարապետյանը, տեղի են ունեցել ՀՀԿ-ի ու վերջինիս անփոխարինելի առաջնորդ Սերժ Սարգսյանի օրոք։ Այն նույն ՀՀԿ-ի, որի շարքերը մեծ շուքով մտավ Կարեն Կարապետյանը, եւ այն նույն Սերժ Սարգսյանի, որն իրեն վարչապետ նշանակեց։ Բնականաբար` մեր հասարակությունն էլ այնքան միամիտ չէ, որ դրական ակնկալիքներ ունենա նման պաշտոնյայից ու նրա թիմից։ Ու հենց սա է պատճառը, որ նրա վարկանիշն ընկնում է, այսպես ասենք, նախատեսվածից ավելի բարձր տեմպերով։ Ու ամենայն հավանականությամբ` մինչեւ ապրիլ չի ձգի։ Այսինքն` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Կարեն Կարապետյանի վարկանիշը չի տարբերվի Սերժ Սարգսյանի վարկանիշից ու կլինի գործնականում զրոյին մոտ։ Այլ կերպ լինել չի կարող, որովհետեւ Կարեն Կարապետյանը, որքան էլ ցանկանա, անգամ տեսականորեն չի կարող բարելավել մարդկանց կյանքը։ Որովհետեւ նրա առջեւ բոլորովին այլ խնդիրներ են դրված. առաջին` կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարի անվան տակ Հայաստանում իրականացնել սեփականության վերաբաշխում, եւ երկրորդ` հարցը ներկայացնել այնպես, թե իբր դա անում է հանուն պետության եւ ժողովրդի, եւ ոչ թե Սերժ Սարգսյանի անձնական իշխանության ամրապնդման նպատակով։

Բայց այստեղ մի նուրբ խնդիր կա։ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այնքան վարկաբեկված են, որ ցանկացած «նոր մարդ» կարող է ընդամենը մեկ-երկու հրապարակային ելույթներով ու կոսմետիկ քայլերով նրանց ֆոնին բարձր վարկանիշ ձեռք բերել, եւ այդ դեպքում մեծ է գայթակղությունը` սեփական խաղ սկսել ու դառնալ առաջինը։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի միջեւ տարաձայնություններն ու անգամ առճակատումն անխուսափելի են։ Մամուլում արդեն իսկ տեղեկություններ կան այն մասին, որ Սերժ Սարգսյանին սկսել է նյարդայնացնել Կարեն Կարապետյանի չափազանց ակտիվ փի-առը, ու նա վերջինիս խորհուրդ է տվել շոուների փոխարեն կոնկրետ գործով զբաղվել։ Եղել է նման բան, թե ոչ` դժվար է ասելը, բայց Սերժ Սարգսյանը նյարդայնանալու տեղ ունի։ Որովհետեւ ի սկզբանե ենթադրվում էր, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը պիտի ե՛ւ իշխող վերնախավի, ե՛ւ հանրության առաջ «բարի քննիչ-չար քննիչ» խաղան, այսինքն` «չար» Կարեն Կարապետյանը պիտի գար, կոշտ մեթոդներով ասպարեզից հեռացներ իշխող վերնախավի անցանկալիներին, հետո «դաժան ճշմարտություններ» ասեր ժողովրդին, բոլորին ստիպեր գոտիները ձգել եւ այլն, մի խոսքով` բոլորի աչքի գրողը դառնար, ու Սերժ Սարգսյանը նրա ֆոնին ընկալվեր որպես անսահման բարի, մեղմ, «կուլակաթափին» ու կոշտ միջոցառումներին դեմ հանդես եկող պետական գործիչ։ Բայց ըստ երեւույթին Կարեն Կարապետյանը կեսից հասկացավ, որ վերջում իրեն «քցելու են» ու որոշեց «չար քննիչ» խաղալու փոխարեն դառնալ ժողովրդի աչքի լույսը։ Ինչն էլ, բնականաբար, պիտի զայրացներ Սերժ Սարգսյանին։ Ուրիշ բան, որ Հայաստանում ժողովրդի աչքի լույսը դառնալու միայն մեկ ձեւ կա` դա Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելն ու ՀՀԿ-ն քաղաքական դաշտից վերացնելն է։

Այնպես որ, խնդիրը շատ հստակ է ձեւակերպված. կկարողանա՞ Կարեն Կարապետյանն անել դա, թե՞ ոչ։ Եթե չի կարողանա` վերջ, թեման փակված է։ Կոսմետիկ միջոցառումները որեւէ մեկին չեն հետաքրքրում։ Եվ, ի դեպ, ՀՀԿ-ի վարկանիշի վրա էլ որեւէ կերպ չեն ազդում։ Չէ՞ որ կոսմետիկան ոչ թե պրոբլեմները հաղթահարելու, այլ քողարկելու միջոց է։ Ու մարդիկ շատ լավ հասկանում են դա։ Նույնիսկ նրանք, ում դուր է գալիս Կարեն Կարապետյանի դրայվը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30