«ՉԻ» - Վերջապես տեղի ունեցավ այն, ինչին սպասում էինք տարիներ շարունակ. Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրեց ժողովրդից։ Ճիշտ է, ժողովուրդը ներողության մի քիչ այլ տեքստ էր ակնկալում, բայց առայժմ այսքանն էլ բավական է։ Իսկ ընդհանրապես` առաջին նախագահը պիտի Հայաստանի ժողովրդից ներողություն խնդրեր ոչ թե ինչ-որ բան չբերելու, այլ հակառակը` ինչ-որ բան բերելու համար։ Խոսքը, հասկանալի է, Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղից բերելու մասին է, որովհետեւ հետագայում այդ «ինչ-որ բանը» փորձանք դարձավ Հայաստանի գլխին։ Համենայն դեպս եթե 15 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրա փոխարեն Ղարաբաղից մի բանկա մուրաբա բերեր (եւ նշանակեր վարչապետ), Հայաստանի վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ կլիներ։
Իսկ նախընտրական հանդիպումներին առանց մուրաբայի մասնակցելը մեծ սխալ չէ։ «Քանի Արթուրը սաղ ա»` ընտրողներն այսպես թե այնպես առանց մուրաբա չեն մնա։