17.12.2014 19:18 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ելքն իշխանափոխությունն է

Հայաստանի վերջին ռեսուրսը

Հայաստանի վերջին ռեսուրսը

Եվ այսպես, ամենամռայլ կանխատեսումներն արդարանում են։ Հայաստանի ֆինանսատնտեսական դաշտում խուճապ է։ Երեկ օրվա ընթացքում դրամն արժեզրկվեց եւս 3-4 տոկոսով, ու դոլարի փոխարժեքը հասավ 520-530-ի։

Բանն այնտեղ է հասել, որ որոշ սուպերմարկետներում ներքին կարգով հրահանգ է իջեցվել` մարդկանց 100 հազար դրամից ավել գումարի ապրանք չվաճառել, որովհետեւ մարդիկ խուճապի մեջ են եւ փորձում են եղած դրամն ապրանքի վերածել, իսկ սուպերմարկետների սեփականատերերը չգիտեն, թե ուր կհասնի դոլարի փոխարժեքը վաղը-մյուս օրը, եւ չեն ուզում պետք եղածից շատ «էժան ապրանք» վաճառել։

 Բայց խնդիրը խուճապը չէ։ Կարելի է չկասկածել` Նոր տարվա «տակ» իրավիճակը կկայունանա, եւ մարդիկ համարյա նախորդ տարիների նման ճոխ Նոր տարի կանեն։ Իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է երկարաժամկետ կանխատեսումների առումով։ Ի՞նչ է լինելու 2015 թվականին, ի՞նչ է լինելու դրան հաջորդող տարիներին։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կանխատեսել է, որ 2015-ին ՌԴ տնտեսությունը մոտ 5 տոկոսանոց անկում կարձանագրի, իսկ դա նշանակում է, որ եկող տարի նույնպես Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալը կտրուկ նվազելու է (առնվազն 20-25 տոկոսով)։ Համապատասխանաբար` առնվազն այդքան էլ արժեզրկվելու է հայկական դրամը (որը վերջին 3 շաբաթների ընթացքում արդեն իսկ արժեզրկվել է 25 տոկոսով)։ Ընդ որում` սա լավատեսական սցենարն է. այդպես կլինի, եթե վիճակը չվատանա, եւ նավթի միջազգային գները մնան 60 դոլարի մակարդակին, մինչդեռ փորձագետները հնարավոր են համարում նավթի հետագա էժանացումը մինչեւ 40 դոլար։

Մի խոսքով` մեծ է հավանականությունը, որ 2015-ին դոլարի փոխարժեքը կարող է հասնել 600-650 դրամի։ Իսկ դա նշանակում է կյանքի թանկացում առնվազն 30-35 տոկոսով։ Անխուսափելիորեն կթանկանան կոմունալ ծախսերը, տրանսպորտը, սննդամթերքը եւ այլն, ընդ որում` առանց քաղաքացիների դրամային եկամուտների էական ավելացման։ Իշխանություններն, իհարկե, կարող են միացնել «հաստոցը» եւ լրացուցիչ դրամ տպել, բայց դրանից օգուտ չկա` դա ընդամենը կնպաստի հետագա արժեզրկմանը։ Օտարերկրյա վարկերի օգնությամբ այս վիճակից դուրս գալ նույնպես հնարավոր չէ. առանց այն էլ Հայաստանի պարտքն արդեն մոտենում է ՀՆԱ-ի 50 տոկոսի մակարդակին, իսկ դա վտանգավոր է։ Հայաստանն արդեն իսկ արտաքին պարտքի մարման համար ավելի շատ գումար է հատկացնում, քան, ասենք, բանակի բյուջեն է։ Կարելի էր, իհարկե, հույս ունենալ, թե գյուղմթերքներ կարտահանենք Ռուսաստան ու այդ ձեւով «յոլա կգնանք», բայց եթե նկատել եք` ընդամենը մի ամիս առաջ այդ հեռանկարով ոգեւորված հայ պաշտոնյաներն այլեւս այդ թեմայով ծպտուն չեն հանում։ Նախ` որովհետեւ արտահանելու բան առանձնապես չունենք, երկրորդ` արժեզրկված ռուբլով ապրանք վաճառելը ձեռնտու չէ, երրորդ` Ռուսաստանը գերադասում է ինքն արտահանել ու նույնիսկ բելառուսական մսամթերքի ու կաթնամթերքի ներմուծումն է արգելել. եթե բելառուսական ապրանքները չի ընդունում, հայկականն ինչո՞ւ պիտի ընդունի։

Մի խոսքով` իրավիճակն իսկապես անելանելի է։ Որտեղի՞ց ճարել Հայաստանի տնտեսական կայունության համար անհրաժեշտ տարեկան 3-4 միլիարդ դոլարը։ Կամ, եթե ավելի ճշգրիտ լինենք, ինչո՞վ լրացնել ռուսական տրանսֆերտներից «պակասած» մեկ միլիարդը։ Զուտ տեսականորեն Հայաստանը դեռեւս ունի մի լրջագույն ռեսուրս` ԱՄՆ հայկական սփյուռքը։ Բայց մի՛ բան է, երբ մարդն արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան եւ այնտեղից փող ուղարկում իր ընտանիքին, եւ բոլորովին այլ բան, երբ ամերիկահայերը պիտի ամեն ամիս կանոնավորապես փող ուղարկեն կամ չուղարկեն իրենց ազգականներին։ Դրա համար էլ ամերիկյան սփյուռքը ռուսական սփյուռքից ֆինանսապես տասնապատիկ հզոր է, բայց տասնապատիկ քիչ փող է ուղարկում Հայաստան։ Հետեւաբար` զուտ բարեկամական կապերի վրա հույս դնել չի կարելի, պետք է փորձել այդ հսկայական ռեսուրսն օգտագործել ներդրումների տեսքով։

Իսկ դրա համար պետք է ոչ թե թղթի վրա «բարենպաստ ներդրումային միջավայր» ստեղծել, այլ այնպես անել, որ նրանք վստահություն ունենան Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Այնպես որ` էլի հարցը տեղափոխվում է քաղաքական հարթություն, եւ ամեն ինչ հանգում է իշխանափոխության գաղափարին։ Բայց ո՞վ է մեղավոր, որ Հայաստանն այս վիճակից դուրս գալու միայն մի ռեսուրս ունի, եւ այդ ռեսուրսը հնարավոր կլինի օգտագործել միայն իշխանափոխության դեպքում։ Եթե իշխանություններն այլ ելք գիտեն` թող ասեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30