22.06.2012 01:05 Գայանե Զարգարյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Դժգոհականները

Սամվել Նիկոյանն ու մնացած հին ՀՀԿ-ականները թող մնան հերթում կանգնած. «Այս տարիների ընթացքում բավականին լուրջ դրսեւորումներ են եղել նաեւ իմ նկատմամբ». Վարդան Օսկանյանի մասին խոսելիս հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը

«ՉԻ»-ին հասած տեղեկություններով, վերջնական պորտֆելաբաժանությունից ու մանդատավորներին խորհրդարանում տեղավորելուց հետո ՀՀԿ-ի ներսում նյարդերի նոր պատերազմ է սկսվել։ ՀՀԿ-ականների մի մասը շարունակում է սրտնեղել, որ իրենց փոխարեն խորհրդարան անցան ՀՀԿ-ի հետ կապ չունեցող դեմքերը, իսկ մի մասն էլ խիստ վրդովված է նրանից, որ գտնվելով ՀՀԿ-ի ակունքներում, արժանավույնս չգնահատվեց ու չարժեվորվեց։

Ավելին` որոշ կուսակցականներ այն աստիճան են ընկճված կուսակցության անտարբերությունից ու անուշադրությունից, որ երբեմն էլ բացահայտ հայտարարում են, թե «գոհ ենք»  կուսակցությունից էլ, պաշտոնից էլ։

 Սակայն նախօրեին, օրվա երկրորդ կեսին, մեզ հասած տեղեկությունների  համաձայն,  ՀՀԿ գրասենյակում տիրող իրարանցումը  պայմանավորված է եղել ոչ թե այս տիպի «հարգելի» հանգամանքներով, այլ նրանով, որ հերթական անգամ սկանդալային պատմության առանցքում է  հայտնվել կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբոն։  Հիշեցնենք, որ շաբաթ օրը Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում  դաժան ծեծի են ենթարկվել Պնախարարության երկու աշխատակիցներ։ Նրանցից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Տեղի ունեցածին  ինչպիսի գնահատական է տալիս ՀՀԿ-ն,  արդյո՞ք այս միջադեպն էլ, մյուսների նման, հերթական անգամ չի «ջրվելու». «ՉԻ»-ն այսպիսի հարցադրում արեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին, որն էլ, բանից պարզվեց` այդ մասին տեղեկություն չունի. «Ես հենց նոր ձեզանից եմ լսում կատարվածի  մասին։ Որեւէ ինֆորմացիա չունեմ ու բնականաբար որեւէ գնահատական տալ   չեմ կարող։ Կփորձեմ ճշտել։ Բայց ընդհանրապես նման արարքները անընդունելի են մեզ համար, եւ մենք բացառում ենք նման իրողությունները։ Բայց եւ խնդրի ճշմարտությունը ամբողջացնելու համար կա նաեւ պետական լիազոր մարմին։ Մենք կհետեւենք նրանց գործողություններին, ինֆորմացիա կստանանք, նոր մեր գնահատականը կներկայացնենք»։ Դիտարկմանը, թե այս կերպ է ՀՀԿ-ն հավատում ու փոխվում, թե՞ դա միայն ՀՀ կառավարության հին դեմքերին` նորերով փոխարինելուն էր վերաբերում, ՀՀԿ փոխնախագահը նկատեց. «Չեմ կարծում, որ խնդիրը հին ու նոր կառավարության կազմի մասին է։ Մենք նպատակահարմար գտանք փոփոխություններ չանել կառավարությունում, քանի որ ամիսներ հետո նախագահական ընտրություններ են լինելու՝ նոր սցենարներով հանդերձ։ Իսկ կառավարության կազմի ընտրությունը շատ նորմալ եմ համարում, քանի որ դա ոչ թե իրավիճակային լուծում էր, այլ մտածված, լուրջ մոտեցումների արդյունք էր»։ Մտածված անարդար  մոտեցումների, թե՞  ՀՀԿ-ի ներսում առկա անվստահության ու թերահավատության արդյունք էր, որ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը տեղ չգտավ գործադիրում. այս  հարցին ի պատասխան` Սահակյանը նկատեց. «Բամբասանքներին մի հավատացեք, որովհետեւ առաջիկայում ոչ միայն Սամվել Նիկոյանը, այլ նաեւ այն քաղաքական գործիչները, որոնք որ ներդրում ունեն կուսակցության աշխատանքներում, կունենան իրենց տեղը։ Եվ դա ամենեւին  չի նշանակում, որ ՀՀԿ-ն որոշակի վատ վերաբերմունք ունի Սամվել Նիկոյանի նկատմամբ։ Պահպանողական կուսակցությունները մի օրվա մեջ հարցեր չեն լուծում»։

Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ օրվա մեջ պահպանողական կուսակցության ղեկավարությունը  որոշեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին մեղադրել «փող լվանալու» մեջ, հարցրինք մենք։ ՀՀԿ փոխնախագահն էլ պատասխանեց. «Մեզ էլ են շատ հետաքրքրում նման իրողությունները, բայց կանխավարկածային դատողություններ հնարավոր չէ անել, որովհետեւ պրոցեսները գնում են, իսկ համապատասխան լիազոր մարմինը դեռեւս իր գնահատականները չի տվել»։ Քանի որ ԱԳ  նախարարների դեպքում «լավագույն ավանդույթները» մի տեսակ շարունակվում են,  «ՉԻ»-ն փորձեց ճշտել, թե հնարավոր է արդյո՞ք  մի գեղեցիկ օր էլ  նմանատիպ իրավիճակի մեջ  հայտնվի այսօրվա  ԱԳ նախարարը։ «Չեմ կարծում, որ քաղաքական գործիչ լինելը դրախտային պայմաններ է ապահովում։ Նայած ինչ քաղաքական պայմաններ են լինում, որոշակի մոտեցումներ են ձեւավորվում, որ կարող են տհաճ լինել նաեւ մեզ համար։ Այս տարիների ընթացքում բավականին լուրջ դրսեւորումներ են եղել նաեւ իմ նկատմամբ։ Բայց ես նաեւ հասկանում եմ, որ քաղաքական գործիչը իր պայքարի դաշտում միայն ճոխ ու հաճելի մթնոլորտում չի կարող լինել։ Եթե քաղաքական գործիչ ես, ուրեմն եւ դու ես պայքարում, եւ քո դեմ են պայքարում», շարունակեց Գալուստ Սահակյանը։

«ՉԻ» հաջորդ հարցին, թե ինչով են պայմանավորված  ԲՀԿ-ի դեմ սկսված քաղաքական ռեպրեսիաները, Սահակյանը ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ Վարդան Օսկանյանը եւ ԲՀԿ քաղաքական ուժը հավասար նժարների վրա են կանգնած։  Այլ բան է կուսակցությունը՝ իր զորությամբ, այլ բան է քաղաքականությամբ զբաղվող անձը»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30