02.02.2018 06:26 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սեւ փողերի օգուտը

Հայաստանը կարող է շահել «կրեմլյան ցուցակի» հրապարակումից

ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «կրեմլյան ցուցակը», որում ներառված են նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ, լուրջ մտահոգություններ է առաջացրել Հայաստանում։ Մանավանդ որ ցուցակում նաեւ Սամվել Կարապետյանն է, ով ընդամենը մի քանի ամիս առաջ Երեւանում ներկայացրեց մեկ միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի պրեզենտացիան։ Ու հիմա հարցեր են ծագել՝ արդյո՞ք «կրեմլյան ցուցակի» հրապարակումը վտանգի տակ չի դնի այդ ծրագրերը։

Իրականում խնդիրն, իհարկե, ազգությամբ հայ միլիարդատերերը չեն, ոչ էլ նրանց հարստության «կասկածելի ծագումը»։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լրջագույն տնտեսական պատերազմ է ընթանում, եւ այդ պատերազմում ԱՄՆ-ը հաղթելու շատ ավելի մեծ շանսեր ունի՝ ունի ավելի հզոր տնտեսություն, ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ, ավելի կայացած ֆինանսական համակարգ, ավելի հզոր դաշնակիցներ եւ այլն։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի «թիմում» է եւ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից (էներգետիկա, անվտանգություն, մասնավոր տրանսֆերտներ եւ այլն)։ Ու եթե անգամ «կրեմլյան ցուցակում» ոչ մի հայկական ազգանուն չլիներ, միեւնույն է՝ Հայաստանը մեծապես տուժելու էր ամերիկյան պատժամիջոցներից (որովհետեւ Ռուսաստանի տնտեսության թուլացման արդյունքում այնտեղից ստացվող մասնավոր տրանսֆերտների ծավալը կտրուկ նվազելու էր)։

Բայց կոնկրետ այս դեպքում «կրեմլյան ցուցակի» հրապարակումը կարող է անգամ դրական լինել մեզ համար, եւ ահա թե ինչու։ Բանն այն է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են ծնկի բերել Ռուսաստանին եւ վերջապես կառուցել իրենց երազած միաբեւեռ աշխարհը, բայց այդ պատերազմում Միացյալ Նահանգների նպատակը ոչ թե Ռուսաստանի «արբանյակներին» նույնպես ոչնչացնելն է, այլ նրանց իր կողմը քաշելը կամ գոնե ռուսական ազդեցությունից «պոկելը»։ Համենայն դեպս Հայաստանի նկատմամբ ամերիկացիները հենց այդ քաղաքականությունն են իրականացնում։ Առայժմ՝ ոչ այնքան մեծ հաջողությամբ, բայց ամեն դեպքում՝ չեն հուսահատվում։ Իսկ Ռուսաստանից Հայաստանի կախվածության հարցում տնտեսական գործոնի դերը բավականին մեծ է։ Եվ ակնհայտ է, որ եթե Հայաստանը կարողանա տնտեսապես ոտքի կանգնել, Ռուսաստանից կախվածությունը կտրուկ կթուլանա։ Ոչ մասնավոր տրանսֆերտների վրա հույս կդնենք, ոչ էլ ռուսական «էժան զենքի» (եթե փող լինի՝ ուրիշ տեղից կգնենք)։

Ահա այս իրավիճակում կարող է այնպես ստացվել, որ ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերի համար Հայաստանում լուրջ ներդրումներ անելը փրկություն դառնա։ ԱՄՆ-ը կարող է, առաջնորդվելով սեփական շահերով, պարզապես «պատժամիջոցների ցուցակից» անաղմուկ դուրս բերել բոլոր այն մեծահարուստներին, ովքեր մեծ ներդրումներ կանեն Հայաստանում։ Խոսքն իսկապես մեծ ներդրումների մասին է, որոնք արմատական փոփոխությունների կհանգեցնեն, եւ ոչ թե «հայրենիքում ոտի տեղ ունենալու» համար ծախսվող մի քանի տասնյակ միլիոնի։

Մի խոսքով՝ Կարապետյանը, Խաչատուրովը կամ Գալիցկին որպես ռուսաստանցի գործարարներ իսկապես կարող են լրջորեն տուժել՝ հայտնվելով ամերիկյան պատժամիջոցների տակ, բայց կարող են նաեւ խուսափել դրանից՝ դառնալով հայաստանցի գործարարներ։ Նման վիթխարի կապիտալը Ռուսաստանից դուրս բերելն, իհարկե, բավականին բարդ կլինի, բայց Հայաստանը դեռեւս անկախ պետություն է, ամերիկյան ֆինանսական համակարգը բազմաթիվ հնարավորություններ ունի, շահերի համընկնումն ակնհայտ է, այնպես որ՝ ցանկության դեպքում հարցը կարելի է լուծել նվազագույն կորուստներով։

Հակառակ դեպքում Հայաստանը միայն տուժելու է ռուս-ամերիկյան տնտեսական պատերազմի արդյունքում։ Ընդ որում՝ անկախ նրանից, թե կողմերից որը կհաղթի։ Իսկ քանի դեռ պատերազմն ընթացքի մեջ է՝ Հայաստանը կարող է փորձել որպես պետություն շահած դուրս գալ։ Եթե, իհարկե, իշխանական վերնախավում Հայաստանը որպես պետություն ընկալողներ դեռ մնացել են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30