24.11.2017 08:18 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պարտված դիվանագիտություն

Այս անգամ էլ «պլստացին»

Այս անգամ էլ «պլստացին»

Եվ այսպես, «տարկետում լինելու ա» կարգախոսով սկսված ուսանողական շարժումը թեւակոխեց հաղթական փուլ՝ արձանագրելով, որ տարկետում համարյա չի լինելու, Էդուարդ Շարմազանովն էլ ֆոկուսի հաջողությունից ոգեւորված աճպարարի ցնծությամբ հայտարարեց, թե ինքը երջանիկ է, որովհետեւ «ստացվեց»։ Կարծես թե բոլորը գոհ են. իշխանությունները՝ որովհետեւ «ստացվեց», ուսանողները՝ որովհետեւ ինչ-որ մեղմացումների խոստումներ այնուամենայնիվ կորզեցին։ Եվ ամենակարեւորը՝ «կողմերին» հաջողվեց խնդիրը չքաղաքականացնել ու դրանով իսկ խուսափել խորքային քննարկումներից։ Արդյունքում՝ քննարկումները վերածվեցին «բանակում ծառայելը խանգարո՞ւմ է ուսմանը, թե ոչ» թեմայով անիմաստ բանավեճի։

Իսկ բուն խնդիրը շատ ավելի լուրջ է եւ հիմքում ունի այն հստակ արձանագրումը, որ առաջնագծում զինվորները կատաստրոֆիկ չեն հերիքում, ու Հայաստանն իր մարդկային ռեսուրսներով ի վիճակի չէ պահել այնպիսի բանակ, որն անհրաժեշտ է տարածաշրջանում ռազմաքաղաքական ստատուս-քվոն պահպանելու համար։ Բայց եթե քննարկումների հիմքում դրվեր հենց այս մեկնակետը, բնականաբար՝ անմիջապես հարց էր առաջանալու. իսկ ուսանողների տարկետման իրավունքի վերացումը լուծո՞ւմ է այդ խնդիրը, թե ոչ, կամ եթե լուծում է՝ քանի՞ տոկոսով ու ինչքա՞ն ժամանակով։ Եվ միանգամից ակնհայտ էր դառնալու, որ մեզ շատ ավելի արմատական լուծումներ են պետք, որովհետեւ այն բացասական գործոնները, որոնք մեզ այս վիճակի առջեւ են կանգնեցրել, ոչ միայն չեն վերանում, այլեւ ավելի են խորանում։ Հետեւաբար՝ ժամանակը մեր օգտին չի աշխատում, ու եթե անգամ հետագայում ժամկետային զինծառայությունը դառնա, ասենք, երեք տարի, միեւնույն է՝ դա հարցի ժամանակավոր լուծում է լինելու (որովհետեւ ավելի շատ ծնողներ են իրենց 13-14 տարեկան տղաներին դարձնելու Ռուսաստանի քաղաքացիներ)։

 Եղա՞ն այսպիսի քննարկումներ։ Իհարկե չեղան։ Դա մի տեսակ լավ չէր նայվի։ Եվ ընդհանրապես՝ գիտությամբ զբաղվելու ձգտումը մեզանում ընկալվում է ավելի ադեկվատ, քան խաղաղության ձգտումը։ Դրա համար էլ մեր հասարակությունը համարյա ցնծությամբ ընդունեց Ռուսաստանի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե ինքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում այնքան էլ լավատես չէ։ Այսինքն՝ մենք ուրախ ենք, որ այս վիճակը դեռ երկար է շարունակվելու, եւ եթե անհարմար չլիներ՝ մեդալ կտայինք թիֆլիսահայ Քալանթարովների արժանի ժառանգին (հատկապես, որ «Լավրովի պլանով» ենթադրվում է սկզբնական փուլում «ընդամենը» հինգ շրջան վերադարձնել)։

 Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել այս մոտեցման տրամաբանությունը։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք, որ մարդկային ռեսուրսները կատաստրոֆիկ չեն հերիքում, եւ պրոբլեմները գնալով խորանում են, մյուս կողմից՝ մենք ժամանակ ձգելը գնահատում ենք որպես դիվանագիտական փայլուն հաջողություն։ «Պաշտոնական բացատրությունն» էլ հետեւյալն է՝ պիտի այնքան ձգենք, մինչեւ Ադրբեջանը համակերպվի Ղարաբաղի կորստի հետ։ Այսինքն՝ մեր ռազմավարության հաջողությունը մեզանից չի կախված, Ադրբեջանից է կախված։ Եթե համակերպվեն՝ լավ կլինի, եթե չհամակերպվեն՝ լավ չի լինի։

Հասկանալի է, որ տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողները չէին կարող այս հարցերը բարձրացնել, հասկանալի է, որ դա պիտի անեին քաղաքական ուժերն ու հասարակության ավելի «հասուն» շերտերը, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Փաստն այն է, որ քննարկումը չկայացավ։ Քաղաքական ուժերն ընդամենը փորձեցին դիվիդենտներ շահել, մտավորականներն ու հասարակական գործիչները հայրենասիրական ճառեր արտասանելու եւ իրենց մասին հիշեցնելու առիթը բաց չթողեցին, իսկ ուսանողներն ընդամենը մակերեսային հարցեր բարձրացրեցին եւ մակերեսային «զիջումներ» ստացան (այնպես, ինչպես կստանային, եթե, օրինակ, պայքարեին կաշառակեր դասախոսների դեմ կամ պահանջեին վերանայել բուհերի բուֆետների գները)։

Հենց սա նկատի ունեն իշխանությունները, երբ ասում են «ստացվեց»։ Մնացածը մանրուքներ են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30