15.05.2013 14:26 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մութուցուրտը դեռ կտեսնենք

Դաժան գազը խեղդեց

Դաժան գազը խեղդեց

Եվ այսպես, ընտրական ցիկլի ավարտից ընդամենը ինը օր անց «Հայռուսգազարդը» պաշտոնապես դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` Հայաստանում մթնոլորտն է՛լ ավելի գաղջ դարձնելու... ներողություն` գազի սակագինը բարձրացնելու առաջարկով։

«Հայռուսգազարդը» ցանկանում է բնակչությանը մատակարարվող հազար խորանարդ մետր գազի սակագինը 132 հազար դրամից դարձնել 221 հազար, այսինքն` գազը թանկացնել 67,4 տոկոսով (բոլոր լրատվամիջոցները, չգիտես ինչու, նշել էին, թե թանկացումը կազմում է 64 տոկոս)։ Խոշոր սպառողներն էլ, ըստ առաջարկի, պիտի յուրաքանչյուր հազար խորանարդ մետր գազի համար վճարեն 392 դոլար` ներկայիս 243-ի փոխարեն (աճը` 61,3 տոկոս)։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հասկանալի է, մի քիչ չեմուչում կանի ու աննշան չափով կվերանայի այս թվերը, բայց դրանից, հավատացնում ենք, ընդհանուր պատկերը չի փոխվի։

Ի՞նչ է սպասվում Հայաստանին գազի կտրուկ թանկացումից հետո։ Սկսենք դրականից. Հայաստանը միանգամից կդառնա ռեկորդակիր, որովհետեւ աշխարհում չկա այնպիսի երկիր, որտեղ բնակչության համար գազի սակագինը լինի 532 դոլար։ Ավելին. Հայաստանը կդառնա աշխարհի միակ երկիրը, որը համարյա հարյուր տոկոսով գազիֆիկացված է, բայց որտեղ հազար խորանարդ մետր գազի սակագինը 2,1 անգամ գերազանցում է միջին աշխատավարձը։ Պարզ ասած` բնակչության մոտ 80 տոկոսը պարզապես գազ չի օգտագործի (համենայն դեպս` բնակարանների ջեռուցման համար)։ Իսկ Երեւանում, տեղեկացնենք, ձմռան ամիսներին բավականին ցուրտ է։ Թարսի պես էլ` մարդու օրգանիզմն այնպես է ստեղծված, որ տեւական ցրտահարումները տխուր հետեւանքներ են ունենում։ Այնպես որ, հենց միայն այս պատճառով առաջիկայում արտագաղթի ծավալներն առնվազն եռապատկվելու են։ Էլ չենք խոսում մյուս պատճառների մասին. գազի թանկացման արդյունքում Հայաստանում կտրուկ թանկանալու է ամեն ինչ` սննդամթերքը, տրանսպորտը, էլեկտրաէներգիան եւ այլն։

Կարող են ասել` լավ, Հայաստանի իշխանություններն ի՞նչ մեղավոր են, որ Ռուսաստանը թանկացնում է գազը, իրենց ապրանքն է, ինչ գնով ուզում` վաճառում են։ Միանգամայն ճիշտ է։ Հատկապես մեր դեպքում Ռուսաստանը վերջապես գլխի է ընկել, որ «Հայրենակիցներ» ծրագրի իրականացման համար գրասենյակներ բացելու եւ մարդկանց ցուցակագրելու կարիք չկա. գազը թանկացնում են, եւ «Հայրենակիցներ» ծրագիրն ինքնաբերաբար իրականացվում է։ Բայց խնդիրն ակնհայտորեն միայն գազի թանկացումը չէ։ Փաստերը ցույց են տալիս, որ սա Հայաստանի նկատմամբ կազմակերպված տեռոր է։ Տեսեք` նույն «Հայռուսգազարդն» ու «Տրանսգազը» կտրուկ (համարյա կրկնակի) բարձրացրել են նաեւ գազի բաշխման սակագինը, գազի փոխադրման սակագինը եւ այլն։ Հասկացա՞ք։ Սրանք որոշել են, որ եթե գազը թանկացել է, ուրեմն խողովակով դրա տեղափոխումը նույնպես պիտի թանկանա, չնայած` իրենց աշխատանքը մնում է նույնը։ Լուրջ ընկերություններն այդպես չեն վարվում, բայց «գռդոնչի» տաքսիստները հենց այդպես էլ վարվում են. նույն ճանապարհի համար սովորական մարդուց հազար դրամ են վերցնում, իսկ եթե տեսնում են, որ ունեւոր է (կամ պարսիկ)` կրկնակին են ուզում։ «Հայռուսգազարդն» ու «Տրանսգազը», ահա, Հայաստանի նկատմամբ հենց այդպես էլ վարվում են։ Բնականաբար` իշխանությունների թողտվությամբ եւ նույնիսկ հովանավորությամբ (ենթադրաբար` ոչ անվճար)։

Լավ, իսկ ի՞նչ կարելի է անել։ Եթե անկեղծ լինենք, ապա ինչ-որ բան անելու համար հիմա արդեն ուշ է։ Ավելի վաղ էր պետք մտածել։ Ընդ որում` պետք էր ընդամենը երկու բան անել։ Առաջին` դիմակայել ռուսական կողմի ճնշումներին եւ պնդել, որ Հայաստան-Իրան գազամուղը պիտի կրկնակի մեծ տրամաչափով կառուցվի, եւ երկրորդ` հաշվարկել, որ գազը գնալով թանկանալու է, եւ գոնե Երեւանում վերականգնել կենտրոնացված ջեռուցման համակարգերը (որպեսզի մարդիկ ձմռանը չսառչեն ու ստիպված չլինեն արտագաղթել)։ Հայաստանի իշխանություններն արեցին ճիշտ հակառակը. Հայաստան-Իրան գազամուղը կառուցեցին փոքր տրամաչափով ու հանձնեցին «Հայռուսգազարդին», հետո երկիրը ողողեցին «անհատական ջեռուցման համակարգերով» (այդ բիզնեսի մաքուր շահույթն, ի դեպ, հասնում է 200-250 միլիոն դոլարի) ու դրանով իսկ վերջնականապես ոչնչացրեցին կենտրոնացված ջեռուցման համակարգերը։ Արդյունքում` արդեն առաջիկա ձմռանը հարյուր հազարավոր «բաքսիներ» վերածվելու են սովորական մետաղի ջարդոնի, երկիրն էլ դատարկվելու է։ Վերջին հաշվով` բնակչության քանի՞ տոկոսն է ի վիճակի 532 դոլարանոց գազով բնակարան ջեռուցել։

Բայց 7 տոկոսանոց աճ հաստատ կապահովվի։ Եթե ամեն ինչ միանգամից 30-40 տոկոսով թանկանա, 7 տոկոսանոց աճի եղածն ի՞նչ է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30