24.03.2017 05:23 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բուրացեք գարուն

Բյութի-բառարան. արտասովոր բաղադրիչներով 7 օծանելիքները

Բյութի-բառարան. արտասովոր բաղադրիչներով 7 օծանելիքները

Երբեմն պարֆումերները փորձարկումներ են անում նաեւ կոմպոզիցիաներ ստեղծելու ընթացքում՝ մրգային եւ ծաղկային բաղադրիչների փոխարեն արտասովոր եւ անգամ բավականին տարօրինակ բույրեր օգտագործելով։

Ներկայացնում ենք աշխարհում գոյություն ունեցող օրիգինալ օծանելիքներ, որոնց բաղադրության մեջ առկա են այնպիսի անուններ, որոնք կարծես պետք է բացակայեն այս սեգմենտում։ 

ԽՃԱՔԱՐ ԵՎ ՋՈՒՐ։ Blood Concept-ի AB բույրը նվիրված է արյան IV կարգին եւ բաղկացած է դեռեւս ոչ մեկի կողմից չօգտագործած բաղադրիչներից` ջուր, քարախիճ, տախտակ, մետաղ։ Ըստ հեղինակի գաղափարի, արյան հազվադեպ խումբ ունեցող մարդիկ ինչ-որ չափով այլմոլորակայիններ են, իսկ դա նշանակում է, որ նրանք համապատասխան բույր պետք է ունենան։ Արդյունքում մետաղական ջրային բույրով օծանելիք է ստացվել, որը ոչ բոլորին է մոտ ու հասկանալի, այդ պատճառով էլ այն պետք է երկար ժամանակ ուշադրությամբ «զննել»։ Սրվակը հագեցած է պիպետով եւ սփրեյով, եւ այն կարելի է օգտագործել 2 եղանակով՝ կաթեցնելով կամ տարածելով։

ՄՈԽԻՐ։ Amouage-ի Myths Man բույրը մտնում է «Կյանքի դիմանկարներ» հավաքածուի մեջ եւ պատմում է թռչող վիշապի մասին, որը տղամարդու հատկանիշներն է խորհրդանշում՝ արժանապատվությունը, ուժն ու իմաստնությունը։ Կոմպոզիցիան ստեղծելիս պարֆումեր Քրիստոֆեր Չոնգը փորձել է փոխանցել չինական ավանդական թատրոնի տպավորությունը, որում յուրաքանչյուր շարժումն իր հատուկ նշանակությունն ունի։ Բույրը խիտ է եւ ծավալուն, այրվող լավայի ներկայությամբ եւ մոխրի մեջ սուզված քրիզանթեմներով ու իրիսներով։ Մոխրի առկայությամբ մյուս հետաքրքիր բույրը Ciampagna-ի Ignes Angela-ն է, որը նվիրված է Արեւի վերածննդի կելտական տոնին։ Ձմեռային արեւադարձի օրը մարդիկ արեւի լույսին հրավիրում են դեպի երկինք վերադառնալ` քաղաքի հրապարակում խարույկներ վառելով եւ տարվա ամենաերկար գիշերն ամենալուսավորը դարձնելով։ Ընդամենը մեկ կաթիլ բույրը բավական է, որպեսզի հստակ զգացվի այրվող փայտի, ծխի, մոխրի եւ խորհրդավոր խնկաբույրի անկրկնելի հոտը։

ԱՍՖԱԼՏ։ Comme des Garcons-ի Serpentine արտասովոր բույրը ստեղծված է ժամանակակից մեգապոլիսների բնակիչների համար եւ, միաժամանակ, արտացոլում է բնության եւ ինդուստրալիզացիայի բույրը։ Օծանելիքը նվիրված է սմոգի եւ մառախուղի մեջ փռված լոնդոնյան այգիներին, եւ պարֆումեր Էմիլիա Քոուփերմանի Լոնդոնում զբոսանքից ստացած տպավորություններն է վերարտադրում. ասֆալտը ճեղքած խոտ, իրիսի տերեւների հետ խառնված ալդեհիդներ, դառը գալբանում, բենզոին, գիհ, սպիտակ մայրի։ Ասֆալտի բույրի առկայությամբ Chopard-ի 1000 Miglia բույրը ստեղծվել է ավտոմրցարշավների տպավորությամբ։ Տաք ասֆալտը, կոպիտ կաշին եւ մրցարշավային մայրուղու ծուխը հակադրվում են նարդոսի թարմության եւ քամու պոռթքման հետ։ Բույրի հեղինակ Բրունո Յովանովիչի խոսքերով, «որքան երկար է ճանապարհը, այնքան վառ է հաճույքը»։ Հենց այս զգացողությունն է փոխանցում տաք ասֆալտի բույրով այս պարֆումը։

ԼՈՒՑԿԻ։ Imaginary Authors բրենդն իր A City On Fire բույրի համար դետեկտիվի էլեմենտներով բաց պատմություն է ստեղծել։ Ռուպերտը աշխատում է լուցկու արտադրության գործարանում, իսկ Ֆրենսիսը քաղաքային թերթում ծանոթությունների խորագիր է վարում։ Նրանք սիրում են կողքից հետեւել քաղաքի գիշերային կյանքին՝ նախընտրելով ոչ մի բանի չխառնվել։ Սակայն մի գեղեցիկ երեկո ամեն ինչ փոխվում է. նրանք պատահաբար դառնում են սպանության վկաներ եւ ստիպված են միավորվել, որ տեր կանգնեն իրենց արժանապատվությանն ու ազատությանը։ Բույրում կծու-եղեւնային գիհը միախառնվում է համեմունքների եւ հիլի, հարավարեւմտյան ասայայի հասած պտուղների եւ խոտա-մուշկային լաբդանումի հետ։ Այրվող լուցկու ծխի բույրը փոխանցում է քաղաքային հրդեհի տպավորությունը եւ նյարդայնության ու ընդհանուր լարվածության տրամադրություն է մտցնում։

ՎԱՌՈԴ ԵՎ ԱՊԽՏԱԾ ՄԻՍ։ Beaufort London-ի 1805 Tonnere առաջին բույրը թողարկվել է 1805 թվականին, իսկ այսօր գոյություն ունի նաեւ այս բույրի ժամանակակից մեկնաբանությունը։ Փայտա-ծխային պարֆումը նվիրված է լորդ Նելսոնին, Նապոլեոնի հանդեպ տարած նրա հաղթանակին եւ Թրաֆալհարյան մարտում զոհվելուն։ Այն առաջին իսկ նոտաներից մարտի դաշտ է տեղափոխում։ Վառոդն ու ծուխը միախառնվում են բրենդիի, սառը մետաղի եւ ծովի կաթիլների հետ։ Կոմպոզիցիան ավարտում են մայրու, թանձր ամբրայի եւ եղեւնու բալզամի նոտաները։

ԱՎԱԶ ԵՎ ԾՈՒԽ։ V Canto պարֆումերային բրենդը ստեղծվել է Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» տպավորության տակ։ Բրենդի յուրաքանչյուր բույրը այս ստեղծագործության հետ է կապված։ Mea Culpa պարֆումը նվիրված է ուրիշ տղամարդու ամուսնացած կնոջ տված կրքոտ համբույրի զղջմանը։ Կոմպոզիցիան կառուցված է ծխային խիտ խունկի, վանիլի, պաչուլիների, մայրու եւ դիմափոշու նոտաների կոնտրաստի վրա։ Ավազի եւ կեչու կեղեւի նոտաները թույլ չեն տալիս բույրին սուզվել քաղցրության մեջ՝ ճիշտ բալանսը պահպանելով։

ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂ ԵՎ ՄԹՈՒԹՅՈՒՆ։ Orto Parisi-ի Boccanera բույրը նվիրված է մարդու մեջ  թաքնված կրքին։ «Մութ շուրթերը», ըստ նրա հեղինակի, պետք է հիշեցնեն մթության եւ արատավոր ցանկասիրության մասին։ Դառը շոկոլադը, կարմիր կծու պղպեղը եւ համեմունքային կոճապղպեղը պարուրվում են թաց այրված փայտով ու քողարկող մուշկով։ Սրվակի ներսում օծանելիքը մուգ գույն ունի, սակայն մաշկին այն բացվում է եւ հետքեր չի թողնում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30