Վերլուծաբաններն ընդունում են, որ Ռուսաստանը խելամիտ փաստարկներ է ներկայացնում ընդդեմ արտաքին միջամտության, սակայն տարակուսում են, որ «Պուտինը չի հասկանում այն, թե ինչպիսի հիմնարար տեղաշարժեր է ենթադրում ժողովրդի զարթոնքը եւ խաղադրույք է կատարում իշխող վերնախավի վրա` արեւմտյան ազդեցությունը չեզոքացնելու համար»։
ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանն իր հիասթափությունն է արտահայտել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով բանաձեւի ընդունման տապալման կապակցությամբ։ Ֆրանսիական Le Figaro-ն հիշեցնում է, որ Սիրիայում զոհերի թիվը հասել է 17 հազարի, եւ այս իրավիճակում Ռուսաստանը կրկին իրացնում է վետոյի իր իրավունքը, ինչը խոչընդոտում է այդ երկրում քաղաքական վերափոխումներին։
Ռուսաստանի ու Չինաստանի վետոն, այսպիսով, ամբողջությամբ տապալում է Քոֆի Անանի ներկայացրած ծրագիրը եւ հանդիսանում է ՄԱԿ-ի վարած դիվանագիտության խայտառակ ձախողում։ Արդյունքում` Միացյալ Նահանգները հայտարարեց, որ պատրաստվում է գործել Անվտանգության Խորհրդի շրջանակներից դուրս։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզեն Ռայսը հայտարարել է, որ ԱԽ-ի անգործությունը «պատերազմն օտարների ձեռքով շարունակելու ռիսկեր է պարունակում, ինչը կարող է գործընթացների մեջ ներքաշել ողջ տարածաշրջանը»` հավելելով, որ Միացյալ Նահանգները «ակտիվացնում են Անվտանգության խորհրդից դուրս տարբեր պետությունների հետ աշխատանքները»։
Այսպիսով, Սպիտակ տունը պարտադրված է քննարկել ուղղակի միջամտության տարբերակը, ինչից նախագահ Օբաման նախընտրական շրջանում ակտիվորեն խուսափում է։ Ակնհայտ է, որ ամերիկյան վարչակազմն այս պահին հակված չէ կրկնել լիբիական սցենարը։
Վերլուծաբաններն, իրենց հերթին, շարունակում են բանավիճել` արդյոք Ասադի ռեժիմը շուտով կտապալվի, թե նրան դեռ կհաջողվի ժամանակավորապես պահել իշխանությունը, ինչը կձգձգի քաղաքացիական պատերազմը։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը նախազգուշացնում է, որ Բաշար Ասադը ծայրահեղ իրավիճակում կարող է դիմել սեփական ժողովրդի նկատմամբ քիմիական զենքի կիրառմանը։