07.06.2012 21:20 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայի որեւէ խելքը

Գալ տարի` ընտրակաշառքը միայն դոլարով

Գալ տարի` ընտրակաշառքը միայն դոլարով

Խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ ամիս է անցել, եւ երեւի արդեն կարելի է ամփոփել, թե այս մեկ ամսվա ընթացքում ով ինչին հավատաց, եւ ինչը փոխվեց։ Փոփոխություններ իսկապես եղել են. փոխվել են սննդամթերքի գները, դրամի փոխարժեքը եւ Հայաստանի բնակչության թիվը (պաշտոնական թվեր դեռեւս չկան, բայց հաշվի առնելով արտագաղթի տեմպերը` կարելի է վստահաբար պնդել, որ միայն մայիսին Հայաստանից անվերադարձ հեռացել է եւս 20 հազար մարդ)։ Թե ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից` հասկանալի է, թե ինչու է սննդամթերքը թանկանում` նույնպես պարզ է (օլիգարխները պիտի ընտրակաշառքի «տեղը հանեն»), իսկ ահա դրամի արժեզրկման դեպքում իրավիճակն այնքան էլ հասկանալի չէ։ Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում։

Միայն երեկ հայկական դրամն արժեզրկվեց միանգամից մեկ տոկոսով, եւ դոլարի փոխարժեքը հասավ 413-ի։ Թվում է` ամեն ինչ նորմալ է. տարիներ շարունակ (2004-ից սկսած) տնտեսագետները պնդում են, որ դրամի արժեզրկումը նպաստելու է արտահանման աճին եւ ներմուծման կրճատմանը, պարզ ասած` ինչքան դոլարը թանկանա, այնքան արտահանելը ձեռնտու է լինելու, իսկ շատ ապրանքներ էլ ներկրելու փոխարեն տեղում ենք արտադրելու։ Բայց տարիներ շարունակ իշխանությունները հակառակն էին անում` արհեստականորեն արժեւորում էին դրամը, եւ դա շարունակվեց այնքան, մինչեւ տեղական արտադրությունը գործնականում ոչնչացավ։ Հիմա արդեն դրամի արժեզրկումը տնտեսությանը չի օգնի ճիշտ այնպես, ինչպես արհեստական շնչառությունը չի օգնի մեռածին։ Ու հիմա տեսեք, թե գործնականում ինչ է ստացվում։

Դրամի արժեզրկման արդյունքում ներկրողներն «օրենքով» պիտի տուժեին, բայց դեռ մի բան էլ շահած են դուրս գալիս։ Ինչո՞ւ։ Որովհետեւ անմիջապես պատճառ են բռնում դոլարի թանկացումը եւ իրենց հերթին թանկացնում ապրանքը, ընդ որում` եթե դոլարը թանկանում է 7-8 տոկոսով, իրենք ապրանքը 12-13 տոկոսով են թանկացնում։ Դրամի արժեզրկման արդյունքում արտահանողների շահույթները պիտի ավելանային, ու լավ էլ ավելանում են։ Բայց ի՞նչ է արտահանվում Հայաստանից։ Հիմնականում` պղինձ ու մոլիբդեն։ Այսինքն` ընդամենը մի քանի հոգու գերշահույթներն են ավելանում, իսկ հասարակությունը դրանից գործնականում ոչինչ չի շահում։

Այսպիսով` շահողները հայտնի են. դրանք մեկ-երկու տասնյակ օլիգարխներն են, եւ որեւէ նշանակություն չունի` արտահանո՞ւմ են, թե ներմուծում։ Իսկ տուժում են բոլոր նրանք, ովքեր աշխատավարձ են ստանում դրամով, այսինքն` բնակչության մոտ 90 տոկոսը։ Ամեն ինչ թանկանում է, իսկ նրանց աշխատավարձը մնում է նույնը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե գոնե դրսից ուղարկվող մասնավոր տրանսֆերտներով գոյատեւողները չեն տուժում, բայց իրականում դա այդպես չէ։ Հայաստան մտնող տրանսֆերտների մոտ 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսական ռուբլին դրամից «բեթար» է արժեզրկվել (մոտ 10,4 տոկոսով)։ Հասկանալի է, որ այնտեղից հիմնականում դոլար են ուղարկում, բայց չէ՞ որ այդ դոլարը ռուբլով են գնում, այսինքն` նույն քանակի ռուբլով հիմա ավելի քիչ դոլար են ուղարկում, եւ ստացվում է, որ դրամի արժեզրկման արդյունքում «խոպանչիների» ընտանիքներն էլ են տուժում։

Փաստորեն` արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանի ֆինանսական շուկայում ակտիվորեն ընթացքի մեջ է մի պրոցես, որի արդյունքում խոշոր բիզնեսը շահում է, իսկ մյուս բոլորը տուժում են։ Դրա համար էլ Կենտրոնական բանկը, որը նախկինում նման իրավիճակներում հիստերիկ շարժումներ էր անում, հիմա օլիմպիական հանդարտությամբ հետեւում է իրավիճակին ու առանձնապես չի միջամտում։ Իսկ ինչո՞ւ պիտի միջամտի, եթե վերջապես գտնվել է մարդկանց իրական աշխատավարձերը կրճատելու ձեւը։ Միայն երեկ դրամն արժեզրկվել է մեկ տոկոսով, այսինքն` միայն մեկ օրվա ընթացքում մարդիկ մեկ տոկոսով աղքատացել են։ Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկը «ճիշտ ուղու վրա է», իսկ Տիգրան Սարգսյանը լավ է կատարում իր գործը։ Վերջին հաշվով` «հին վոժդ» է, չգիտի՞, թե երբ արժեւորել դրամը, եւ երբ արժեզրկել։

Այնպես որ` ընտրություններից ուղիղ մեկ ամիս անց ժողովուրդը երեւի վերջապես հասկացավ, թե ինչ էր նշանակում «հավատանք, որ փոխենք»-ը։ Ափսոս, շուտ իմանային` գոնե ընտրակաշառքը դոլարով կվերցնեին։ Կամ սննդամթերքով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30