31.01.2017 11:40 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սերժից Սերժ

Սերժ Սարգսյանի ուժի ցուցադրությունը

Սերժ Սարգսյանի ուժի ցուցադրությունը

Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի «ջրային» լեզվակռիվը ներիշխանական համակարգի միանգամից մի քանի շերտեր բացահայտեց։

Եթե փոխաբերությունները մի կողմ թողնենք, ապա բանավեճի իմաստը մոտավորապես սա էր. Սերժ Սարգսյանն ասում է «Հայաստանում ՀՀԿ-ից դուրս ոչ քաղաքական կյանք կա, ոչ բիզնես, ամեն ինչի առանցքը ՀՀԿ-ն է, եւ ով այդ կուսակցությունից հեռանում է` կորցնում է ամեն ինչ»։ Հովիկ Աբրահամյանը պատասխանում է` «ՀՀԿ-ն իր այսօրվա կարգավիճակին հասել է նաեւ իմ ու իմ նմանների շնորհիվ, բայց հետո դու մեզ «քցեցիր» ու մեր փոխարեն դրսից մարդիկ բերեցիր, ովքեր հարամում են ամեն ինչ։ Բայց հարց չկա, թող գնանք մենք էլ մեր փայ փոքր գործով զբաղվենք (մի քանի բնակավայրերի մասշտաբով)»։ Ու Սերժ Սարգսյանի պատասխանը Էդուարդ Շարմազանովի միջոցով` «դու ո՞վ ես, որ նախագահի հետ էդ տոնով ես խոսում, վրադ մի կուբամետր կոմպրոմատ կա (ստորգետնյա ջրերի եւ արտեզյան հորերի մասին ակնարկը)»։

Այսինքն` մի կողմ քաշվել եւ «մի երկու բնակավայրերի մասշտաբով» կիսանկախ գոյություն ապահովել չի ստացվի, Սերժ Սարգսյանը խաղում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով։ Ավելի պարզ` Հայաստանում ապրողները եթե ուզում են խոշոր բիզնես ունենալ եւ իրենց լավ զգալ, պիտի ամեն ինչում հլու-հնազանդ ենթարկվեն իրեն, իսկ եթե ուզում են զբաղվել քաղաքականությամբ` Բաղրամյան 26-ի գծած շրջանակներից դուրս, ուրեմն պիտի բիզնեսներ չունենան։ Այս գործընթացը միջանկյալ տարբերակներ չի ունենալու, ինչպես չունեցավ Ռուսաստանում։ Հիշո՞ւմ եք` Բերեզովսկի, Խոդորկովսկի, Գուսինսկի... Բոլորն իրենց ունեցվածքի մեծ մասը կորցրեցին ու մի կերպ փախան երկրից։ Տարբերությունը թերեւս միայն այն է, որ Պուտինը վայելում էր եւ վայելում է Ռուսաստանի ժողովրդի զգալի մասի աջակցությունը, իսկ Սերժ Սարգսյանը Հայաստանում նման աջակցություն չունի եւ կարող է ապավինել միայն «տոկոս խփելու» մեխանիզմներին։ Եվ իհարկե` ուժային կառույցներին, որոնք էլ պիտի «չորացնեն» բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն դուրս գալ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։

Ուշադրություն դարձրեք` այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որի Սահմանադրության համաձայն` բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են անկախ կուսակցական պատկանելությունից։ Բայց քանի որ Սահմանադրության երաշխավորը «ձեռի հետ» նաեւ կուսակցություններից մեկի առաջնորդն է, ստացվում է, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց` այդ կուսակցության անդամները ավելի՛ հավասար են։ Կամ էլ Սերժ Սարգսյանն իր հիմնական գործը համարում է իշխող կուսակցություն ղեկավարելը, իսկ Սահմանադրության երաշխավորն է հենց այնպես` «ձեռի հետ»։ Ընդ որում` ՀՀԿ-ն իշխող ուժ է դարձել ընդամենը տոկոս խփելու եւ օրենսդրական մանիպուլյացիաների շնորհիվ, որովհետեւ այդ կուսակցությունն իր պատմության ընթացքում երբեք համապետական ընտրությունների ժամանակ որպես կուսակցություն 40 տոկոսից ավելի չի ստացել։ Բնակչության առնվազն 60 տոկոսը միշտ այլ ուժի օգտին է քվեարկել։ Ու այս իրավիճակում Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե Հայաստանում ՀՀԿ-ից (այսինքն` այդ 40 տոկոսից) դուրս կյանք չկա։ Իյա՛, իրո՞ք։

Բայց ամենատհաճն, իհարկե, ուժի ցուցադրությունն էր։ Պատերազմների ժամանակ դա ընդունված բան է` յուրայինների մարտական ոգին բարձրացնելու համար զինվորական շքերթներ են կազմակերպում, անգամ թշնամու ռազմագերիներին են բերում ու ստիպում գլխիկոր անցնել հրապարակով, ու Սերժ Սարգսյանը նույնպես դրա նման մի բան արեց` հայտարարելով, թե վերջին ամիսներին մոտ 11 հազար մարդ անդամակցել է ՀՀԿ-ին։ Եթե հաշվի առնենք, որ նրանց մեծ մասը հարկադրաբար է անդամակցել ՀՀԿ-ին, ապա խոսքն ըստ էության 11 հազար ռազմագերիների մասին է։ Պարզապես բախտներս բերել է` նրանց չեն ստիպել գլխիկոր քայլել Երեւանի փողոցներով ու դրանով իսկ կոտրել ժողովրդի ընդդիմադիր ոգին։

Բայց փաստը մնում է փաստ` Սերժ Սարգսյանի նպատակը հենց դա է։ Ու եթե հնար ունենար, իսկապես էլ կուսակցական շքերթներ կկազմակերպեր, որտեղ կցուցադրվեր նաեւ թշնամուց խլված ռազմավարը` ՀՀԿ-ից հեռացածներից խլված բիզնեսները, ավտոմեքենաները եւ այլն։ Որպեսզի ժողովուրդը «քարը փեշից թափի» ու վերջնականապես համակերպվի ՀՀԿ-ի միահեծան իշխանության հետ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30