Որքան էլ կառավարության ղեկավարի համար պարզ էին քննարկվող հարցերի բուն թեմաները, այդուհանդերձ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ հունիսի 13-ին` աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կառավարության կայքում հայտնվեցին նախագծեր, որոնց ընդունմամբ Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալը 2012թ. կգերազանցի օրենքով սահմանված ծավալին։ Երեկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրեաս Անդրեասյանը ներկայացրեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ «Ցավոք սրտի, պիտի հայտարարեմ, որ այս տարի արձանագրվել է սակավաջրության բավականին բարձր մակարդակ, եւ մենք ունենք ջրի մեծ դեֆիցիտ»։ Նա նշեց, որ այդ օրինագծերը ինչքան շուտ ներկայացվեն Ազգային ժողով եւ արտահերթ հրատապ կարգով քննարկվեն, այնքան լավ կլինի։ Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ Ազգային ժողովը աննախադեպ որոշում ընդունեց` փոփոխություններ մտցնել «Սեւանա լճի էկոհմակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որտեղ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված է մինչեւ 170 մլն խմ եւ հաստատեց 303 մլն խմ ծավալով ջրի բացթողումը։
Թե ինչու՞ է կառավարությունը Սեւանա լճի հետ կապված կրկին նման ոչ ազգանպաստ որոշում կայացրել, Տիգրան Սարգսյանը փորձեց ձեռքի հետ ոտքի վրա գտնել պատճառաբանությունը, նշելով. «Պարոն Անդրեասյանը մեզ զեկուցում է, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել եւ վտանգված են Արարատյան դաշտավայրի գյուղացիական տնտեսությունները։ Եվ պարզվում է, որ մեր ունեցած ջրային ռեսուրսները շատ արագ սպառվելու են, եւ եթե մենք ուզում ենք ապահովել նորմալ ոռոգման ջրի մատակարարում Արարատյան դաշտավայրում, մենք պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ եւ լրացուցիչ 150 միլիոն խմ ջուր վերցնել Սեւանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում չունենանք պրոբլեմ։ Այդպե՞ս է, պարոն Անդրեասյան» ինքն իրեն ճշգրտեց Տ.Սարգսյանը։ (Նկատենք, որ վարչապետը չթաքցրեց իր եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ եղած բոլորին հայտնի հակակրանքը, եւ «ստիպված ենք» բառի փոխարեն օգտագործեց «պարտադրված ենք» բառը, այդ կերպ հնարավորինս մեղմացնելով երկու քաղաքական մարմինների ղեկավարների միջեւ եղած տարաձայնությունների գործոնը։ Մ.Ծ.) Վարչապետը տեղեկացրեց նաեւ, որ հանդիպել է Սեւանա լճի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ։ Տիգրան Սարգսյանի խոսքով, Սեւանա լճի հարցերով հանձնաժողովի եւ ջրպետկոմի հաշվարկների միջեւ կան տարբերություններ։ Նա խորհուրդ տվեց ջրպետկոմիտեի նախագահին համաձայնության գալ հանձնաժողովի հետ`«մեթոդաբանության եւ թվերի շուրջ»։
Նիստում հավանության արժանացավ «Արտոնագրային վճարների մասին» եւ եւս երկու օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան նշված օրենքով սահմանված հարկման մոտեցումներն են` կապված դրույքաչափի, վճարման պարբերականության հետ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել արտոնագրային վճարների համակարգը։ Վարչապետը առիթը բաց չթողեց այս անգամ եւս գլուխը գովելու եւ նշեց.
«Փաստորեն այս 2 նախագծով մենք էապես թեթեւացնում ենք բեռը եւ ավելի հարմարավետ պայմաններ ենք ստեղծում մեր քաղաքացիների համար։ Եթե Ազգային ժողովի մեր գործընկերներն առարկություն չունենան այս օրենքների նախագծերի վերաբերյալ, այդ դեպքում մենք դրանք կընդգրկենք արտահերթ նիստի օրակարգում»։
Կառավարության երեկվա նիստում որոշվեց Հայաստանի անապահով ընտանիքների կողմից այս տարվա առաջին եռամսյակում սպառած գազի սակագնի փոխհատուցման նպատակով հատկացնել ավելի քան 76 մլն դրամ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանի ներկայացմամբ, նախորդ տարվա ապրիլից մինչեւ այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում կառավարությունը սուբսիդավորել է շուրջ 60 հազար ընտանիքի։ Պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է 620 մլն դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս հարցի առնչությամբ եւս չզլացավ« ծանրակշիռ» ռեպլիկ անել «Ձեզ հանձնանարվել էր եւս մեկ անգամ անցնել ցուցակների վրայով, որպեսզի մարդիկ հասկանան` իրենք ամբողջությամբ սպառե՞լ են լիմիտը»։
Նշենք, որ այս կառավարությունը շտապել էր վերջին նիստում քննարկել իր համար շատ կարեւոր համարվող կազինոների հարցը։
Երեկ գործադիրի փակ-գաղտնի ռեժիմի անցնելուց առաջ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ հունիսի վերջին Հայաստանում անցկացվելու են հատուկ զորավարժություններ, որոնց ժամանակ փորձարկվելու է, թե ինչպես է գործելու Հայաստանի պետական համակարգը պատերազմի ժամանակ։ Իսկ մինչ այդ, Սեյրան Օհանյանը կարեւոր էր համարել ոչ թե հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները զսպելու, այլ Պաշտպանության նախարարության համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու հարցը։
Հ.Գ. Նշենք, որ հայրենի կառավարության անդամները վերջերս շատ շրջահայաց են դարձել։ Լրագրողներին եւ բողոքող քաղաքացիներին շրջանցելու համար նրանք ուղղակիորեն «ծլկում են» կառավարության հետնամուտքից։ Ի դեպ, արդեն հասկանալով, որ նախարարները փախչում են իրենցից, դժգոհող քաղաքացիները հասկացել են, որ նրանց կարելի է բռնացնել կառավարության շենքի այդ հատվածում։ Ինչպես պարզվեց, այս ընթացքում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ամենաշատն է խուսափում ոչ միայն քաղաքացիների, այլ նաեւ լրագրողների հետ հանդիպումից եւ եթե մյուսները հետնամուտքն են ընտրել փախուստի հարմար ճանապարհ, ապա Օհանյանը շատ ավելի հարմարավետ տարբերակ է գտել անցանկալի հանդիպումներից խուսափելու համար։ Նա կառավարության նիստերին ներկայանում եւ հեռանում է մեկ այլ` երրորդ մուտքից` սեփական ավտոշարասյունով։