09.11.2012 18:31 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պուճուր գլուխ մեծ մարմնին

Կոռուպցիայի գլխի 0,4 տոկոսից են բռնելու

Կոռուպցիայի գլխի  0,4 տոկոսից են բռնելու

Իշխանություններն ակնկալում են, որ 2013-ին Հայաստանի տնտեսությունը 6,2 տոկոսով կաճի։ Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Իրականում, իհարկե, սա չի նշանակում, որ Հայաստանի տնտեսությունն աճելու է. սա ընդամենը նշանակում է, որ ազգային վիճակագրական ծառայության առջեւ կոնկրետ խնդիր է դրվել` այդքան աճ ցույց տալ։ Բայց կարեւորը սա չէ։ Կարեւորն այն է, որ Գագիկ Մինասյանը համեմատաբար պարկեշտ անձնավորություն է եւ բացահայտ ստեր չի ասում։ Պարզապես իրականությունը ձեւակերպում է այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե ամեն ինչ լավ է։ Օրինակ` հայտարարում է, թե «մեր արտահանման աճի տեմպը եկող տարի ներկրման աճի տեմպից ավելի բարձր կլինի», եւ հաստատ սուտ չի ասում։ Այլ հարց է, որ «աճի տեմպը» երկրորդական-երրորդական նշանակություն ունի եւ չի արտացոլում իրական վիճակը։ Բացատրենք, թե ինչու։ Ասենք` Հայաստանը տարեկան արտահանում է 2 միլիարդ դոլարի արտադրանք եւ ներմուծում 6 միլիարդի։ Հայաստանի տարեկան «վնասը» (բացասական հաշվեկշիռը) կազմում է 4 միլիարդ դոլար։ Տնտեսության համար սա աղետ է։ Հիմա ենթադրենք` եկող տարի արտահանումն ավելանալու է 15 տոկոսով, ներմուծումը` 10։ Ստացվում է, որ արտահանումն ավելանալու է 300 միլիոնով, ներմուծումը` 600 միլիոնով, այսինքն` «աճի տեմպերով» իրավիճակը փայլուն է, բայց գործնականում Հայաստանի տարեկան «վնասը» 4 միլիարդից հասնելու է 4,3 միլիարդի։ Ուրիշ բան, եթե հայտարարվեր, որ եկող տարի մեր բացասական հաշվեկշիռը նվազելու է կամ գոնե մնալու է նույնը, բայց որեւէ մեկը նման բան չի հայտարարում։ Չի էլ կարող, որովհետեւ դա բացահայտ սուտ կլիներ։

Հիմա անդրադառնանք ամենամեծ զավեշտին։ Գագիկ Մինասյանը հայտարարել է նաեւ, թե 2013թ. բյուջեով նախատեսված է ստվերի կրճատում 0,4 տոկոսով։ Հիշո՞ւմ եք, ընդամենը մի երկու շաբաթ առաջ Վաչե Գաբրիելյանը հեգնում էր, թե հնարավոր չէ տնտեսության ստվերը գնահատել տասնորդական տոկոսի ճշտությամբ, կարելի է միայն մոտավոր գնահատականներ տալ։ Հարց է ծագում` բա եթե ստվերի ծավալն այդքան մոտավոր է, ինչպե՞ս եք այդքան ոսկերչական ճշտությամբ կրճատելու այն։ Եթե չգիտեք, թե որքան է ստվերը, ինչպե՞ս եք պարզելու, թե կրճատվածն ամբողջի քանի տոկոսն էր։

Եվս մի հանգամանք։ Հայաստանում ստվերային տնտեսությունը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի` բոլորը դրա տեղը գիտեն։ Այսինքն` այնպես չէ, որ խոշոր բիզնեսը թաքցնում է հարկերը, համապատասխան մարմիններն էլ փնտրում ու չեն գտնում։ Այդ ստվերը բաշխվում է իշխանական համակարգում, մտնում է «օբշակ», դրանով ընտրություններ են կեղծվում եւ այլն, մի խոսքով` գործ ունենք դասական կոռուպցիայի հետ։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում Սերժ Սարգսյանը կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Ասում էր` պետք է գլխից բռնել։ Հիմա, ահա, պարզվում է, որ այդ ամբողջ աղմուկ-աղաղակի արդյունքում ստվերը կրճատվելու է ընդամենը 0,4 տոկոսով։ Այսինքն` լեռը նույնիսկ մուկ չծնեց, այլ ընդամենը հայտարարվեց, որ եթե ամեն ինչ լավ լինի, մուկ է ծնելու։ Հարց է ծագում` այդ ի՞նչ «համակարգված պայքար» է, որի արդյունքում ստվերն ընդամենը 0,4 տոկոսով է կրճատվելու, դա՞ է «գլխից բռնելը»։ Որտե՞ղ է տեսնված, որ «գլուխը» մարմնի ընդամենը 0,4 տոկոսը կազմի։

Ի դեպ` խորհրդային տարիներին ճիշտ նույն ձեւով ժամանակ առ ժամանակ պայքարում էին գողությունների դեմ։ Օրինակ` պահածոների գործարանների ղեկավարները շաքարավազը գողանում էին բեռնատարներով, բայց տարին մեկ-երկու անգամ այդ «արատավոր երեւույթների դեմ» պայքար էր մղվում, մի երկու շարքային աշխատողի բռնում էին` կես լիտրանոց բանկայով շաքարավազ գողանալու համար, եւ արդյունքում գողությունը նվազում էր մոտավորապես 0,4 տոկոսով։ Տիգրան Սարգսյանի կառավարությունը երեւի հենց այս մեթոդն է նախատեսել 2013 թվականի համար։ Կամ էլ` որոշել են ոչ թե կոռուպցիայի գլխից բռնել, այլ գլխի 0,4 տոկոսից, այսինքն` մի երկու մազ պոկել։

Մի խոսքով` 2013թ. բյուջեով մեզ ուրախ բաներ են սպասվում։ Փաստորեն, այսօր մեզ պարզ ասում են` եկող տարի Հայաստանի տնտեսական վիճակն ավելի է վատանալու, ստվերի դեմ պայքար չի մղվելու, մարդկանց սոցիալական վիճակը ծանրանալու է, բայց թղթի վրա աճ ենք ցույց տալու, գնացեք ինչ ուզում եք` արեք։ Համաձայնվեք` վատ ուղերձ չէ նախընտրական ժամանակահատվածի համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30