24.01.2013 13:14 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գյուղում ծածուկ լափելիք կա

Հերթը հասավ գյուղացիներին

Հերթը հասավ գյուղացիներին

Բանից պարզվում է` առաջիկա երեք տարիներին կառավարության կարեւորագույն ծրագրերից մեկը լինելու է գյուղատնտեսության համատարած հաշվառումը։ Այսինքն` կառավարությանը երեք տարի է պետք, որպեսզի տեղեկություններ հավաքի, թե Հայաստանում քանի հեկտար գյուղատնտեսական նշանակության հող կա, քանի գլուխ անասուն, քանի միավոր տեխնիկա եւ քանի շենք-շինություն։

Իրականում այդ «կարեւորագույն ծրագիրն», իհարկե, կարելի է իրականացնել մեկ-երկու շաբաթում։ Հայաստանում ընդամենը 946 գյուղ կա, եւ պետք է պարզապես գյուղապետներից պահանջել այդ թվերը (նրանց մոտ այդ ամենը գրանցված է), կպցնել իրար, եւ վերջ։ Բայց կարեւորը գրանտներ կպցնելն է։ Համաշխարհային բանկն արդեն 200 հազար դոլար է հատկացրել` «գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու համար»։ Հասկացա՞ք։ 200 հազար դոլար` նույնիսկ ոչ թե հաշվառման, ոչ թե հաշվառման նախապատրաստական աշխատանքների, այլ ընդամենը դրանց օժանդակելու համար։ Բայց սա դեռ հարցի մի կողմն է։ Վերջին հաշվով` ՀԲ-ի կողմից սա նորմալ գործարք է. տրամադրում են 200 հազար դոլար եւ փոխարենը մեկ ճուտիկի ու բադրիջանի մեկ թփի ճշտությամբ իմանում են, թե ինչ կա-չկա Հայաստանում։

Շատ ավելի հետաքրքիր է այն, որ Տիգրան Սարգսյանն այդ նիստում նաեւ ելույթ է ունեցել ու հայտարարել, թե «մենք այլեւս չենք կարող գյուղատնտեսությունը դիտարկել գյուղի զարգացումից առանձին»։ Այսինքն` կառավարությունը խոստովանում է, որ մինչեւ հիմա գյուղատնտեսության զարգացումը գյուղի զարգացումից առանձին էր դիտարկում։ Հիմա բացատրենք, թե գործնականում ինչ է նշանակում դա։ Ենթադրենք` Վարդենիսի գյուղերից մեկում գյուղացիները կարտոֆիլ են աճեցնում, ստանում են, ասենք, տարեկան հազար տոննա բերք ու շատից-քչից նորմալ ապրում են։ Բայց կառավարության համար կարեւորը ոչ թե այդ մարդկանց գոյությունն է, այլ հազար տոննա կարտոֆիլը, ու երբ որեւէ օլիգարխ այդ գյուղի բոլոր հողերը գնում է, կառավարությունում հրճվում են` հիմա այդ օլիգարխը ներդրումներ կանի, տեխնիկա կբերի, ու գուցե նույնիսկ հազարի փոխարեն հազար երկու հարյուր տոննա բերք ստանա։ Իսկ այն, որ հող չունեցող գյուղացիներն արտագաղթելու են, կառավարությանը չի հետաքրքրում. կարեւորը կարտոֆիլն է, այսինքն` «գյուղատնտեսության աճը»։ Տարիներ շարունակ այս իշխանությունները հենց այդպես էլ արել են, ինչի արդյունքում գյուղերը բառիս բուն իմաստով դատարկվել են։ Երեւանից 20-30 կիլոմետր հեռանում ես` վերջ, գյուղերում շունչ-կենդանի չկա։ Ու հիմա հանկարծ Տիգրան Սարգսյանը հասկացել է, որ այլեւս չի կարելի նույն ձեւով շարունակել, պետք է զբաղվել նաեւ «գյուղի զարգացումով»։ Ինչո՞ւ։ Որովհետեւ օլիգարխների տնտեսություններում վարձու աշխատողներ են պետք։ Ինքը հենց այդպես էլ ասում է` «քանի որ այն մարդիկ, որոնք չեն զբաղվելու գյուղատնտեսությամբ, պետք է գյուղում ունենան այլ աշխատատեղեր»։ Բա իհարկե, եթե հող չունեն` չեն կարող զբաղվել գյուղատնտեսությամբ, իսկ գյուղերում այլ աշխատատեղեր չկան, այնպես որ` մնում է միայն վարձու աշխատանքը (օլիգարխների ֆերմաներում)։

Հիմա անդրադառնանք «գյուղատնտեսության համատարած հաշվառմանը»։ Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչ կապ ունի դա «գյուղի զարգացման» հետ։ Պատկերացրեք այսպիսի վիճակ. չինովնիկը մտնում է որեւէ գյուղ, հանդիպում որեւէ տատիկի ու ասում. «գիտե՞ք, մենք որոշել ենք զարգացնել ձեր գյուղը, ու դրա համար պիտի իմանանք` քանի՞ հավ ունեք, ինչքա՞ն ձու են ածում, քանի՞ շարք լոբի եք ցանել եւ այլն»։ Հասկանալի է, չէ՞, որ իրական նպատակները բոլորովին այլ են։ Կառավարությունը պարզապես հերթական անգամ երկար-բարակ մտածել է, թե Հայաստանում է՛լ ովքեր սովից չեն մեռնում, որոշել է, որ գյուղացիները դեռ քամվելու տեղ ունեն, ու սկսել է հաշվառումը։ Հաջորդ քայլով «հարկային բարեփոխումներ» կսկսվեն, ու անսպասելիորեն կպարզվի, որ սեփական բակում երկու մարգ վարունգ ցանողն իրականում տարիներ շարունակ զբաղվել է «ստվերային բիզնեսով»։

Իսկ գյուղտնտեսությունը Հայաստանում լավ էլ հնարավոր է զարգացնել։ Դրա համար պետք է, օրինակ, դիզվառելիքի ներկրման բիզնեսը դարձնել մրցակցային, պետք է արտոնյալ գյուղատնտեսական վարկեր տրամադրել եւ ոչ թե ահավոր տոկոսներով խեղդել գյուղացիներին, պետք է անվճար պարարտանյութ բաժանել եւ ոչ թե դա դարձնել ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը, պետք է ճանապարհներ կառուցել եւ այլն։ Մի խոսքով` նորմալ իշխանություններ են պետք։ Սրանք «համատարած հաշվառումից» բացի ոչնչի ընդունակ չեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30