04.04.2014 19:08 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Թարս աճած PR-ը

Բանջարաբոստանային կուլտուրաների PR-ը

Բանջարաբոստանային կուլտուրաների PR-ը

Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստի ժամանակ սաստիկ զայրացել է, որ «չակերտավոր բարեգործները երկու կոպեկ փող են ծախսում գյուղացիներին օգնելու համար, 200 միլիոն` իրենց PR-ի համար», ու աղմուկ է բարձրացրել, թե «լավ, իրենց PR-ն են անում` ջհանդամ, կառավարությանն ինչի՞ են վարկաբեկում, որ կառավարությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերում գյուղացուն»։

«Չակերտավոր բարեգործների» մասով Տիգրան Սարգսյանը ճիշտ է ասում, թե ոչ` էական չէ, որովհետեւ գյուղացիների վիճակն այնպիսին է, որ հաճախ նույնիսկ «երկու կոպեկն» է նրանց համար շատ լուրջ օգնություն։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է Տիգրան Սարգսյանի «մուննաթի» բովանդակային մասը` նա դժգոհում է, որ կառավարությունը գյուղացիների համար հարյուրապատիկ անգամ ավելին է անում, բայց դա լավ չի քարոզվում։ Բայց իսկապե՞ս ավելին է արվում։ Փորձենք հասկանալ։

Կառավարության նույն նիստում ներկայացվեց նաեւ գյուղացիներին ցուցաբերված հսկայական աջակցության ամենավառ օրինակը. վերջին երեք տարիների ընթացքում 63 հազար գյուղացիական տնտեսությունների տրվել է 55 միլիարդ դրամի «մատչելի վարկ»։ Մատչելի` նշանակում է տարեկան 10 տոկոսով։ Փաստորեն ի՞նչ է անում կառավարությունը։ Այստեղից-այնտեղից տարեկան 3-4 տոկոսով վարկեր է «կպցնում», բերում տարեկան 10 տոկոսով տալիս գյուղացիներին ու դա համարում մեծ բարեգործություն։ Արդյունքում` գյուղացիները վարկերի տակ «ճռռում են», ով կարողանում է` մի կերպ եղած-չեղածը ծախում է ու հեռանում երկրից։ Կարող է հարց առաջանալ` եթե այդպես է, ինչո՞ւ են վարկեր վերցնում։ Որովհետեւ ուրիշ ճար չունեն, ապրելու միջոց չկա։ Հիշո՞ւմ եք, «ՇԿԻԴ հանրապետությունը» ֆիլմում էլ այդպիսի լպստած մի դեմք կար. սովից կիսամեռ երեխաներին նախաճաշին կես կտոր հաց էր տալիս` պայմանով, որ ճաշին մի ամբողջ կտոր վերադարձնեն։ Նրանք էլ, քանի որ սովից ուշաթափվում էին, չէին կարողանում չվերցնել «բարեգործությունը» եւ հայտնվում էին «վարկային գերության» մեջ։ Տիգրան Սարգսյանն, ահա, ճիշտ այդպես է աջակցում գյուղատնտեսությանը։ Բայց միայն դրանով չի սահմանափակվում։ Օրինակ` 18 միլիոն դոլար է «դուրս գրում» գյուղատնտեսական թեմաներով դասախոսությունների համար։ Մեկ-մեկ էլ պետական ծրագրով իբր որակյալ սերմացու են բերում ու բաժանում ֆերմերներին։ Սրանք ցանում են, բերք չի ստացվում, իսկ կառավարությունն ասում է` դա մեզ չի հետաքրքրում, պարտավորվել էիք կրկնակին-եռակին վերադարձնել` որտեղից ուզում եք, վերադարձրեք։ Կամ, ասենք, էժան դիզվառելիք է հատկացնում գյուղացիական տնտեսություններին։ Կարծում եք` գյուղացիներին օգնելու համա՞ր է անում։ Ոչ, Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությանն է աջակցում, որովհետեւ բյուջեից իրականացվող սուբսիդավորումը հենց նրան է տրվում։ Կառավարությունն այդքան մտածում էր գյուղացիների մասին` թող դիզվառելիքի շուկան ազատականացներ, նորմալ մրցակցային պայմաններ ստեղծեր, սուբսիդավորման գումարներով էլ գյուղացիներին «էժան դիզվառելիքի» կտրոններ տար. թող իրենք որոշեին` «Ֆլեշի՞ց» են առնում, թե՞ մեկ ուրիշից։

Հիմա անդրադառնանք հարցի մյուս կողմին։ «Չակերտավոր բարեգործները» երկու կոպեկ են հատկացնում գյուղացիներին, թե երկու միլիարդ` իրենց գրպանից են հատկացնում, վարչապետն ինչո՞ւ է նրանց հետ մրցակցության մեջ մտել, թե «մենք ավելի շատ ենք անում»։ Ներողություն` ո՞վ- «մենք»։ Այդ հատկացումները բյուջեից են արվում, իսկ բյուջեն գոյանում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից։ Հայաստանի խոշորագույն հարկատուն, օրինակ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է։ ՀՀ քաղաքացիներն էլեկտրաէներգիայի համար վճարում են, այդ վճարի մի մասը հարկերի տեսքով մտնում է բյուջե, բյուջեից էլ իբր օգնություն է ցուցաբերվում գյուղացիներին։ Չստացվե՞ց, որ այդ գումարները մեր բոլորի գրպաններից են գնում, էլ ինչո՞ւ է վարչապետը գլուխ գովում ու դա ներկայացնում որպես իր անձնական նվաճումը։ Նա ընդամենը իր պարտականությունն է կատարում, ընդ որում` կատարում է շատ վատ։ Բայց դեռ մի բան էլ դժգոհում է, որ իրեն լավ չեն PR անում։

Իսկ մեծ հաշվով` Տիգրան Սարգսյանի ասածների մեջ ճշմարտության հատիկ իսկապես կա։ Եթե «չակերտավոր բարեգործները» գյուղացիներին ցուցաբերվող նյութական միջոցները ներդնեին, ասենք, իշխանափոխության գործում, դա շատ ավելի արդյունավետ եւ հիմնավոր լուծում կլիներ նույն գյուղատնտեսության զարգացման առումով։ Եվ ոչ միայն գյուղատնտեսության։ Այլ հարց է, որ գյուղերում վիճակն իսկապես աղետալի է, եւ շատ շատերն այդքան սպասել պարզապես չեն կարող։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30