«Գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունների ազդեցությունը վճռորոշ դեր է խաղում Արցախի նախագահի ընտրություններում։ ...2007թ. ընտրություններին Դուք անձամբ աջակցել եք Բակո Սահակյանին, ինչն էլ կարեւոր դեր է խաղացել վերջինիս նախագահ ընտրվելու գործում։ Մեզնից շատերը վստահել են Ձեզ ու Ձեր թեկնածուին` ունենալով առաջընթացի սպասումներ։ Սակայն անցած հինգ տարիները ցույց տվեցին, որ Բակո Սահակյանը չի արդարացրել մեր սպասումները եւ շեղվել է իր իսկ նախընտրական ծրագրի դրույթներից։ Արդյունքում տեղի է ունեցել կոռուպցիայի կենտրոնացում եւ կոռումպացվածության ծավալների մեծացում, տնտեսության մեջ` մենաշնորհների հաստատում, հարկային ճնշումների ուժեղացում, ժողովրդին վախեցնելու նպատակով անվտանգության մարմինների օգտագործում։ Նման մթնոլորտն առաջացրել է հոռետեսություն, հիասթափություն` դրդելով հասարակության ակտիվ մասին, այդ թվում գործարարների, հեռանալ երկրից»,- գրել են ազատամարտիկները։ Նրանք նշել են, որ «այս ամենի պատասխանատվությունը կիսում է նաեւ Սերժ Սարգսյանը», քանի որ Բակո Սահակյանը պաշտոնավարման ընթացքում մշտապես ստացել է վերջինիս աջակցությունը։ «Գալիք նախագահական ընտրություններում ակնկալում ենք, որ Դուք կօգտագործեք Ձեր ազդեցությունը Արցախի իշխանությունների վրա` հեռու պահելով նրանց վարչական ռեսուրսների օգտագործումից, այլ անօրինական գործունեությունից։ Իշխանությունների` օրենքից դուրս քայլերը մեծ վտանգ են ներկայացնում երկրի ներքին կայունության համար»,- գրել են նամակի հեղինակները։