04.09.2013 14:23 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Խոսք

Պետականությունը -հայրենաստեղծություն

Ներկայացնում ենք դեռեւս 1992թ. սեպտեմբերին երգահան Տիգրան Մանսուրյանի, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի եւ քանդակագործ Արտո Չաքմազյանի զրույցը՝ նորանկախ Հայաստանում մտավորականի դերի, պետականության նշանակության մասին։ Սկիզբը՝ նախորդ համարում։

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.- Եթե խոսում ենք արվեստագետի այսօրվա դերի մասին, ես նախեւառաջ ուզում եմ հարցնել, թե այդ ո՞ր արվեստագետի մասին է խոսքը, ո՞ւմ նկատի ունենք։

Երեկվա ու այսօրվա կուսակցություններին վաճառվելու հարցը մի կողմ թողնենք, բայց գոյացել է մի նկարագիր, որը ժողովրդին համոզել է իր գոյությամբ՝ իբրեւ մտավորական, որ ասել է թե` ինքն արվեստագետ է, մտավորական է, բայց իրականում բոլորովին այդպես չէ։ Սա տոտալիտար համակարգի ստեղծած կեղծ գոյությունն է՝ եւ ոչ միայն արվեստի, այլ առհասարակ մարդու... Եվ հիմա այդ կեղծ մարդ-արվեստագետը նույնպես պահանջ ունի կոչվելու մտավորական, եւ կարծես թե նրան էլ պիտի նկատի ունենաս, երբ ասում ես, թե ինչ է խոսում արվեստագետ-մտավորականը։ Իսկ ի՞նչ է ասում։ Այդ մարդը զբաղվել է այս կամ այն արվեստագետին լրտեսելով՝ իր միությունում... Այն մյուս միություններում նույնպես այդ կարգի մարդի ինչքան ուզես, եւ հիմա էլ դեռ այն վիճակն ենք ապրում, որ կողք-կողքի սրանց հետ շարունակում ենք գոյատեւել՝ նույն հոգեբանությամբ... Նույն չարությունը, նույն կոնֆլիկտները, նույն մարդկային ողբերգությունները կողք-կողքի տանելով մեր մեջ, յուրաքանչյուրս մեր բաժինը։ Չէ՞ որ խեղված մի գոյություն է նա... Այսպես կոչված, Սիբիր ուղարկողը... ծածուկ մի բանով, ծածկագրով մեկը արվեստագետին, մտավորականին ուղարկում էր, չէ՞, Սիբիր։ Կար, չէ՞, այդ մարդը, որ Չարենցի դեմ բաներ էր գրում։ Եվ սրանք էլ մյուսների հետ կողք-կողքի ապրում են եւ դեռ իրար հետ համայնքի մասն են կազմում։ Միեւնույն օրգանիզմի մասերն են, չէ՞, դրանք։ Կնշանակի, եթե արվեստագետի մասին մի բան ենք ուզում ասել կամ ասում ենք, մի այնպիսի խայտաբղետ զանգվածի ենք ուղղում մեր խոսքը, որից որոշակի մի պատասխան. մի կերպար, մի գործողություն սպասելը սխալ է։

Ամենափոքր կրքերից մինչեւ ամենամեծ խոհը, միեւնույն է, մարդու մեջ միաժամանակ կարող է լինել, բայց ինչպե՞ս, ո՞նց շահարկել այդ մանրը։ Եվ այս պատճառով ասում եմ՝ ամենաճիշտն այս պահին աշխատելն է, որովհետեւ աղմկել, կնշանակի եղած պղտորությունն ավելի պղտորել։

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ.- Ես մի քիչ այլ կերպ եմ մտածում ու մի քիչ էլ առարկություն ունեմ Տիգրանի հետ։ Ոչ թե կայացած կամ չկայացած արվեստագետների, ոչ թե սուտ կամ իրական հեղինակությունների մասին է խոսքը, այլ բոլորիս ու յուրաքանչյուրիս մասին, որովհետեւ յուրաքանչյուրիս մեջ արվեստագետը կա եւ հասարակություն-արվեստագետ հավիտենական երթի մասին է խոսքը՝ եւ գնահատողի, եւ ստեղծողի, եւ առհասարակ այն մասին, որ մարդն իր բնույթով հակված է քանդակի, նկարի, երգի, այսինքն մարդու կոչումը կարծես, գեղեցկությունն է, երգը, գեղեցիկ խոսելը, բանաստեղծությունը, թատրոնը, եւ ահա այս միջավայրն է, եւ կաթվածահարվել է այս ծանր վիճակի, այս գո-չգո պատերազմի պատճառով։ Եթե բացարձակվելու է այս իրողությունը եւ այսօրվա վիճակը, որ ճշմարտություն է կոչվում, ուրեմն կեցցե երեկվա կեղծիքը եւ ոչ թե այսօրվա ճշմարտությունը։

Երեկվա կեղծիքը, որ ԷՐ՝ պոլիտիկանության, հնարավոր իրական քաղաքականության կամ երիտասարդության կամ բարեկամության եւ փարիսեցիական խաղերի արդյունք, որի հետեւանքը , եթե երեկ պիտի լիներ իմ աղջկա շիտակ, կանգ չառած հասակը, աչքերի ժպիտը, քո երեխայի գեղեցկությունը, կանանց սահուն քայլվածքը, տղաների վստահությունը, Վիլյամ Սարոյանի խոսքով՝ հայացքի անվախությունը... Եվ, եթե ճշմարտությունը ծավալվելու էր ահա այսօրվա տեսքով, ուրեմն կեցցե երեկվա կեղծիքը։

Տ. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.- Ներողություն, Հրանտ։ Քո ներքին խաղաղությունը գալիս է քո Ահնիձորից, իմ ներքին ընդվզումը գալիս է 47 թվականի իմ Արթիկից, որտեղ ես միջերկրականի իմ կապույտ մանկությունը հայրենիքի կարոտախտից դրդված փոխարինել էի մի ցուրտ, մի դաժան մարդկային հարաբերությունների մանկությամբ... Ինձ համար շատ կարեւոր է այսօրը, այսօրվա այս պահը, եւ չեմ ընդունում երեկվա խաղաղությունը։ Ես երազել եմ այս օրը տեսնել։ Եվ իմ երազանքը ամենաթանկն է ինձ համար, գիտեմ, որ երեկվա եղածը կատարելապես  անգո մի բան էր, մի փուչ ընկույզ, որը միջուկ չունի... Սուտ էր դա... Դա ապրված կյանք չէր... Դա կյանք էլ չէր...

Հ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ.- Ինձ թվում է, որ մի խոշոր վրիպում, եւ ես, եւ Դու, մենք բոլորս ունեցանք։ Մեր կարծիքով, երբեմնի ԻՄՊԵՐԻԱՆ պիտի փլվեր, բայց կարծես ԻՄՊԵՐԻԱՆ ինքներս չէինք, ԻՄՊԵՐԻԱՆ յուրաքանչյուրս չէինք, կարծես իմպերիայի մի մասը չէինք եւ, ասես, իմպերիան մեր միջով չէր անցնում ու կարծում էինք, թե մի բլրի վրա կանգնած պիտի դիտենք, թե ինչպես է փլվում իմպերիան, բայց փլուզումն ահա անցավ բոլորիս միջով։ Այս մասին է խոսքը։

Տ. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.- Այս երկրի վրայով անցե՞լ է ֆաշիզմը. 1946 թիվը եղե՞լ է... Եղել է ճիշտ այսպես. այս երկրից ճիշտ այդպես են հեռացել ֆաշիստները։ 1992 թիվն է այսօր, եւ այս երկրից հեռացել են երեկվա ֆաշիստները։ Եվ սա նույն վիճակն է, ինչ-որ 1946-ին էր, ու բնական է, որ բենզին էլ չի լինելու, դրամ էլ չի լինելու, ուրիշ շատ բաներ էլ չեն լինելու, ինչպես չկար եւ այն ժամանակ։ Այսօր եւ այստեղ նույն վիճակն է կրկնվում եւ միայն այսպես են երկրից հեռանում կոմունիստները։

Հ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ.- Իմ ու քո ընկեր բանաստեղծի խոսքով ասած՝ ԱՅԴ ԲՈԼՈՐԸ ՀՈՒՇ Է։

Տ. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.- Ինչո՞ւ հուշ։ Սա հուշ չէ։ Սա իրականությունն է։ Այսպես են երկրից հեռանում կոմունիստները, իսկ ինչպե՞ս պիտի հեռանային։

Հ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ.- Վաղվա օրով արդեն կհայտնվենք Անդրեաս Տեր-Մարուքյանի՝ տաղանդավոր եւ անպատվիրատու քանդակագործի նվաստ վիճակում։ Նա այստեղ, եթե չեմ սխալվում, ապրեց 10 տարի՝ 1901-1910 թվականներին, եւ նրա արածը Հայաստանում ընդամենը Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի ճակատի դիմաքանդակն է եղել։ Իսկ Աբովյանի արձանը նա արդեն ստեղծեց Փարիզում, որն էլ երկար ժամանակ չէին կարողանում բերել։ Հետո ժողովրդից մի-մի ռուբլի հավաքելով, մի կերպ բերեցին-տեղ հասցրին, որովհետեւ գործարանատերը սպառնում էր արձանը վերաձուլել։

Տ. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.- Այս չափանիշները, որոնցով մկրտվում էր արվեստագետ մեկը, ինքնին կեղծ էին։ Դրանք բանտի ներսում գոյացած հարաբերությունների չափանիշներ էին միմիայն։ Այս 70 տարում գոյություն ունեցած չափանիշները մարդկության հետ ոչ մի առնչություն չունեին, կապ չունեին առհասարակ մարդկության գոյության որեւէ հատվածի հետ։ Եվ եթե որեւէ միության անդամ չհանդիսացող Սերվանտեսը կարողանում էր իր լավագույն վեպը գրել բանտում, ուրեմն այս վիճակը համեմատելու բան չէ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31