01.11.2013 17:03 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ավել-պակաս կներեք

9000 դրամանոց ավել կամ 500 դրամի պատմություն

Ի՞նչ արժե ավելը։ Այն ավելը, որով դեռ շատ տներում սենյակներ են մաքրում։ 1000 դրամ։ Առավելագույնը՝ 1500 դրամ։ Իսկ ահա Հայաստանում՝ որոշ դեպքերում... 9000 դրամ։ Եվ չմտածեք, թե դա հեռակառավարվող կամ ինքն իրեն մաքրող ավել է։ Ամենասովորական ավել։ Համոզվելու համար բավական է մտնել ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի կայքը։ Այս կամ այն ապրանքի համար պետական տարբեր կառույցների ներկայացրած գները ինքնին արդեն անեկդոտ են։

Երեկ որոշեցինք Gnumner.am կայքում ծանոթանալ գնումների պլաններին, այսինքն, այս կամ այն հաստատությանը որքան գումար է նախատեսվում տալ եւ ինչի դիմաց։ Մանավանդ որ հենց երեկ ՀՀ Ֆիննախը փոփոխություներ է մտցրել առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների գնումների պլաններում։

Առաջինը, ինչ երեւաց,  ՀՀ ոստիկանության կրթահամալիրն էր։ Այստեղ է, որ 60 ավելի համար 540 հազար դրամ է նախատեսված ծախսել։ Շատ հնարավոր է, որ հենց այսօր այս կապակցությամբ հայտարարեն, թե տեխնիկական սխալ է։ Գրեթե 4 մլն դրամ նախատեսվում է ծախսել 986 քմ հայելու համար։ Դժվար է ասել, այդքան հայելին ոստիկանության կրթահամալիրի ինչին է պետք, միգուցե ինչ-որ ծուռ հայելիների թագավորություն է այնտեղ ստեղծվում։ 16 մլն դրամ ծախսվելու է դահլիճի 320 աթոռի համար՝ մեկ աթոռը 50 հազար դրամ։ 25 հազարով Արգավանդի ճանապարհին ընտիր աթոռներ են պատրաստում։

Բայց կան ավելի մանր՝ առաջին հայացքից, գնումներ, որոնք իրականում միլիոնավոր դրամների կորուստ են բերում պետությանը։ Ամենավառ օրինակը՝ A4 ֆորմատի թուղթն է։ Թե՛ ոստիկանության կրթահամալիրում, թե՛ ՀՀ կառավարության աշխատակազմում այս թղթի մեկ տուփի համար վճարվում է 2500 դրամ։ Բայց այդ գնով կարելի է ամենաբարձր որակի թուղթը գնել նաեւ Երեւանի ցանկացած գրախանութից։ Խոսքը գնում է 90 խտությամբ թղթի մասին։ Այսինքն, մեծածախ գնումների ժամանակ մեկ տուփի ինքնարժեքը առավելագույնը կարող է լինել 1900-2000 դրամ։ Հիմա միայն ՀՀ կառավարության աշխատակազմում նախատեսվում է 1515 տուփ A4 թուղթ գնել։ Այդ թիվը բազմապատկում եք 500-ով, այսինքն՝ մեկ տուփի համար ավելի վճարած գումարով եւ ստացվում է 757 հազար դրամ։ Այսինքն, միայն սովորական թղթի պետական գնումների ժամանակ միայն ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացրած պլանով պետությունը առնվազն այդքան գումար է կորցրել։ Եվ սա միայն մի հաստատության մասին է։ Այսինքն, խոսքը գնում է տասնյակ միլիոնավոր դրամների մասին։ Իսկ ընդհանուր առմամբ, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը։

Վերադառնալով A4  ֆորմատի թղթին, սա բավական հետաքրքիր է, կարող է ասեն, որ ներկայումս այդպիսին են շուկայական գները։ Բոլոր դեպքերում, նայեցինք առաջին պատահած սովորական հայկական գյուղի ներկայացրած գնումների պլանը։ Տվյալ դեպքում՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի միջնակարգ դպրոցը։ Վերջինիս գնումների պլանի համաձայն, 1 տուփ A4 թուղթը արժե 2000 դրամ, այսինքն՝ 500 դրամ  պակաս, քան ՀՀ կառավարության աշխատակազմն է վճարում։ Գյուղացի մարդիկ են, ժամանակից ու մոդայից հետ են ընկել, մինչեւ հիմա տեղյակ չեն «հասկացությանը». համեստորեն ինչ կա, դա էլ նշել են՝ առանց մի կոպեկ գրպան դնելու մտադրության։

Ընդհանրապես, իրավիճակի իրական պատկերը շատ լավ է երեւում, երբ համեմատում ես խուլ, գյուղական համայնքների եւ կազմակերպությունների եւ քոքված, պետական մեծ հիմնարկների, հաստատությունների ախորժակները։ Գնումների պլանի ցանկացած իրի արժեք երկուսի մոտ տարբեր է։

Օրինակ՝ գրիչ։ Վահրամաբերդի դպրոցի համար այն 80 դրամ է, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի համար՝ 120 դրամ, իսկ ՀՀ կառավարության համար՝ 60, 150 եւ 480 դրամ։ Կառավարությունը, բացի ամեն ինչից, մտադիր է 1400 եւ 1100 դրամանոց DVD եւ CD սկավառակների համար ծախսել 140 հազար դրամ։ Թե որտեղ այսօր կարելի է այդպիսի գներով սկավառակներ տեսնել, դժվար է անգամ պատկերացնել։

Իսկ մեր հպանցիկ ուսումնասիրությունն ավարտենք նրանով, որ Ազգային Անվտանգության Ծառայությունը պաշտոնական պատվիրակության մեկ ընդունելության համար մտադիր է ծախսել ավելի քան 44 մլն դրամ, կամ մոտ 108 հազար դոլար։ Կամ Օբաման է գալու, կամ՝ Պուտինը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31