12.01.2018 07:48 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Իսկ գնաճը շարունակվում է

Պասերով, պասերով

Պասերով, պասերով

Խորհրդային տարիներին ընդունված ավանդույթ կար՝ եթե Պոլիտբյուրոն մտադիր էր երկրում ինչ-որ բան փոխել, նախապես այնպես էր արվում, որ դա տեղի ունենա «աշխատավորական լայն մասսաների պահանջով»։ Իբր, օրինակ, Չելյաբինսկի տրակտորաշինական գործարանի բանվորները դիմել են «հարազատ պարտիային» ինչ-որ խնդրանքով, դրան միացել են այլ աշխատավորական կոլեկտիվներ, «հարազատ պարտիան» էլ, բնականաբար, չի մերժել։

Հայաստանում այդ ամենը փոքր-ինչ այլ կերպ է տեղի ունենում, բայց տրամաբանությունը նույնն է։ Դրա համար էլ պատահաբար այնպես ստացվեց, որ իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմությունը տարեսկզբից զբաղված են նույն գործով՝ պայքարում են գնաճի դեմ։ Սերժ Սարգսյանն այդ թեմայով խորհրդակցություն է անցկացնում, «Ելք» դաշինքը՝ բողոքի երթ կազմակերպում։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ նպատակին հասնելու ճանապարհն անորոշ է։ «Ելք» դաշինքը չի ասում, թե ինչպես է երթն ազդելու գների վրա, Սերժ Սարգսյանն էլ չի ասում, թե կոնկրետ ինչ քայլերով է կանխելու գնաճը։ Միայն վերացական հրահանգներ է տալիս։ Բայց բուն գործընթացը երկուսի համար էլ շահեկան է։ «Ելք» դաշինքը ցույց է տալիս, թե որքան դժգոհ են «աշխատավորական լայն մասսաները» թանկացումներից (եւ դրանով իսկ դառնում է նրանց աչքի լույսը), Սերժ Սարգսյանն էլ անմիջապես այդ թեմայով խորհրդակցություն է հրավիրում (ու դրանով իսկ ցույց տալիս, թե որքան կարեւոր են իր համար «աշխատավորական լայն մասսաների» խնդիրները)։ Իշխանական լրատվամիջոցներն էլ, ուշադրություն դարձրեք, նույն եռանդով ու ջանասիրությամբ լուսաբանում են եւ՛ «Ելք» դաշինքի նախաձեռնությունը, եւ՛ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը։ Ահա այսպիսի «փոխշահավետ համագործակցություն»։ Բոլորը գոհ են ու երջանիկ։ Բացի, իհարկե, «աշխատավորական լայն մասսաներից», որովհետեւ գնաճը, միեւնույն է, շարունակվելու է։

Խնդրի նրբությունն այն է, որ գնաճը Սերժ Սարգսյանին առանձնապես չի հետաքրքրում, նրա համար կարեւորն այն է, որ ինքը «որոշ ագահ տնտեսվարողների» վրա անօրինական ճնշումներ գործադրելու համարյա լեգիտիմ իրավունք ստանա եւ այդ իրավունքը կիրառի ընտրանքային ձեւով. ում ուզի՝ ճնշի, ում չուզի՝ նրա բիզնեսներում արձանագրված գնաճը հայտարարի «օբյեկտիվ»։ Արդարացումն էլ կա ու կա՝ «օրենքների տառին հետեւելու վախտը չի, չեք տեսնո՞ւմ ժողովուրդը ոնց է փողոց ելնում»։ Այլ կերպ ասած՝ գնաճի դեմ պայքարի անվան տակ Սերժ Սարգսյանը հերթական անգամ սեփականություն վերաբաշխելու կամ խոշոր գործարարների վրա «նալոգ դնելու» իրավունք է ստանում, իսկ «Ելք» դաշինքն ապահովում է դրա «գեղարվեստական մասը»։ Ըստ երեւույթին ընդդիմադիր մյուս ուժերը հասկացել են սա, դրա համար էլ չեն միանում «Ելքի» նախաձեռնությանը։ Միանան, որ ի՞նչ անեն։ Եթե սա շոու է՝ «Ելքն» ու ՀՀԿ-ն հերիք են ու լավ էլ ապահովում են դիտարժանությունը, ու որեւէ նշանակություն չունի, թե քաղաքական մյուս ուժերի համակրանքն այս երկուսից  որի կողմը կլինի։ Ճիշտ այնպես, ինչպես ամենահայտնի հեռուստաշոուների ժամանակ բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե միամիտ հեռուստադիտողը շոուի մասնակիցներից որի օգտին կտա իր ձայնը SMS քվեարկությամբ, որի օգտին էլ քվեարկի՝ SMS-ի գումարը նույն հաշվեհամարին է փոխանցվելու, եւ շահողը նույնն է լինելու։

Իսկ բոցաշունչ ելույթներին ուշադրություն դարձնել չարժե։ Որպես կանոն, շոուների կազմակերպիչները հասարակության հետաքրքրությունը մեծացնելու համար հենց այդպես էլ վարվում են՝ շոուի մասնակիցներն իրար հասցեի ինչ ասես ասում են, երբեմն անգամ փորձում են ապտակել իրար, եւ այլն։ Այնպես որ՝ շոուն շարունակվում է։ Գնաճը` նույնպես։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31